Բացօթյա թանգարան` բրոնզե դարից պահպանված հազվագյուտ ցուցանմուշներով


Հայաստանի պատմամշակութային և բնության հուշարձանների մասին հասարակության իրազեկությունը հիմնավորապես խորացնելու նպատակով նախաձեռնված Հայկական Հուշարձանների Ճանաչման Ծրագիրը (ՀՀՃԾ) շուտով համախոհ աջակիցներ գտավ: ՀՀ մշակույթի նախարարության հետ սերտորեն համագործակցող ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի և USAID/CAPS-ի բարյացակամ հովանավորությամբ կյանքի ուղեգիր ստացավ` ս. թ. հունիսի 8-ին մեկնարկելով Գառնու հեթանոսական տաճարի մատույցներից: Կարժ ժամանակում բացօթյա բազմալեզու տեղեկատվական վահանակներ և ճանապարհային ուղեցույցներ տեղադրվեցին Գյումրու պատմական միջուկը կազմող քաղաքի կենտրոնում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Զվարթնոցի համալիրում: Կարևորելով մեր մշակութային հինավուրց գանձերի պահպանման գործընթացում պատմական փաստերով բովանդակված հանրամատչելի վահանակների դերակատարութ յունը` ՀՀՃԾ-ի լուսաբանմանը նվիրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներս մեծ խանդավառությամբ ուղևորվում ենք I փուլի համար ընտրված հաջորդ` Նորավանքի վանական համալիրում (Գնիշիկաձորի լանդշաֆտով) տեղեկատվական 10 վահանակների տեղադրման շնորհանդեսին մասնակցելու: Պատմական Սյունիքի տարածք առաջին անգամ ոտք դնողներս ակնապիշ հիացմունքով ողջ ճանապարհին զննում էինք բնության անձեռակերտ հրաշալիքները, որոնցում ամփոփված ճարտարապետական արժեքավոր հուշարձան ների առատությամբ նորահաստատվում է Հայաստանին բյուրավոր հյուրեկների տված «թանգարան բաց երկնքի տակ» բնորոշումը: Նախնական նպատակադրվածության ինչ-ինչ ճշգրտումների բերումով երկարաձգվում է մեր ճանապարհը` հասցնելով հայ Բագրատունիների գերիշխանության օրոք Սյունյաց իշխանների նստավայր դարձած Վայոց ձորի Եղեգիս ավան (IX դ.): Այժմյան Ալայազ գյուղի մոտակայքում, գետափին հայտնաբերված հրեական հնագույն բնակավայրի խնամքով մեկտեղված հիշատակները` տապանաքարեր, խեցեղեն, դրամներ, ավերակված կացարաններ, ջրաղաց… հետազոտվում են հայ և հրեա գիտնականների համագործակցությամբ: 1999-ից կատարվող հնագիտական աշխատանքների կոնկրետ արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի հաջորդ տարում նախատեսված համաժողովի համակարգող գործունեությամբ: Պատմական հազվագյուտ արժեքավորության որևէ քարաբեկոր չի կորչի, նույնիսկ գյուղամերձ ադրբեջանական փոքրիկ, լքված, բայց անեղծ գերեզմանատունը: Քանզի Ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանության ծրագրում է ներառված ամբողջ գտածոն և պետական վերահսկողութ յուն է սահմանված ծավալվող ուսումնասիրությունների հետագա ընթացքի վրա: Բազում են առաջին անգամ պատմիչ Եղիշեի (V դ.) կողմից հիշատակված Վայոց ձորի ձեռաստեղծ ու անձեռակերտ ճարտարապետական կոթողները, որոնց մեծ մասը` վանքեր ու եկեղեցիներ, մահարձաններ ու կամուրջներ, իջևանատներ ու ամրոցներ օտար նվաճողների անապատացնող արշավանքներին ու բնական աղետներին է զոհ գնացել: Խաղաղության միջնարարներին, սակայն, Լիպարիտ Օրբելյան ու Պռոշ Հաղբակյան իշխանների, դարեր անց` Վայոց ձորում վերաբնակեցված պարսկահպատակ 500 հայ ընտանիքների ու նրանց հետնորդների կողմից փլատակների վրա նոր հոյակերտ շինություններ են բարձրացվել: Խաչիկի Խոտակերաց (IX դ.), Արատեսի (XI-XIII դդ.), Ցախացքարի (X-XI դդ.), Թանադեի (XIII դ.), Վերնաշենի Սպիտակավոր Աստվածածին (XII-XIII դդ.) վանքերը. Արենիի Աստվածածին (XIII դ.), Ալայազի Զորաց և Սբ. Նշան (XIII դ.) եկեղեցիները. Սմբատաբերդն ու Պռոշաբերդը… Միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը` Նորավանքի վանական համալիրը, որտեղ գտնվում է ականավոր մանրանկարիչ-քանդակագործ, ճարտարապետ ՄՈՄԻԿԻ (XIII-XIV դդ.) վերջին գործը` Օրբելյանների իշխանական տան երկհարկանի դամբարան-եկեղեցին: Հպարտ, որ իրենց գյուղի եկեղեցին կառուցվել է հռչակավոր Մոմիկի կողմից` Նորավանքի կիրճի մուտքի մոտ խմբված Արենիի բնակիչներն իրենց բնաշխարհի գանձերի մասին նորովի հանրաճանաչելու փաստը վերածում են ժողովրդական տոնախմբության: Նրանց տրամադրությամբ են վարակվում ծիսակատարությանը ներկա պետական բարձրաստիճան անձինք, աջակից գործարարները, ովքեր հետևողականորեն իրագործում են «Ճանաչեք Հայաստանի հուշարձանները» ծրագիրը` համոզված, որ ազգի հարատևության հիմնական գրավականներից է նրա մշակույթի պահպանությունն ու զարգացումը, և դրա հստակ գիտակցությամբ գործելակերպը բոլորիս համար պետք է սկզբունքային առաջնայնություն ունենա: Դպրոցականներն ազգային երգ ու պարով են լցնում կիրճի խորհրդավոր լռությունը: Իրենց սրտառուչ խոսքով հուզում են հավաքվածներին ՀՀՃԾ ղեկավար Ռիկ Նայը, ով 16 տարի ապրելով Հայաստանում` այլևս չի պատկերացնում իր կյանքն առանց հայանպաստ գործունեության, փոքրիկ Արևիկը և Արենիի նորընտիր գյուղապետ Եղյանը, ով, լինելով պատմության ուսուցիչ, պետք է, որ հատուկ սրտացավությամբ ընկալեր օրվա խորհուրդը: Գնիշիկ գետի հարևանությամբ ձգվող ճանապարհը` շրջապատված միլիոնավոր տարիներով ինքնահղկված գույնզգույն բարձրաբերձ ժայռերով, ամենքիս տանում է դեպի 8 կմ հեռավորության վրա բազմած վանական համալիր: Սյունիքի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը օրհնում է այն, մանուկները շարական են հնչեցնում, Արենիի քառաձայն երգչախումբը պատարագային ելույթով Սբ. Ստեփանոս Նախավկա գլխավոր եկեղեցուն կից գավթում մոմավառության հոգևոր լույսն է ուժգնացնում ասես: Ջինջ ու պայծառ օրը առանձնակի շեշտադրում է առեղծվածային քարանձավաշատ տեղանքի հեքիաթային հրաշագեղությունը, որի բարետեսության մեջ իր որոշակի ներդրումն ունի «Հայաստան ծառատունկ» ծրագիրը (գործադիր տնօրեն` Ջեֆ Մասարջյան)` 1994-ից ի վեր ջանադիր կանաչապատմամբ մութ ու ցուրտ 90-ականների բնավերության հետևանքների վերացմանը լծված: Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր մտավոր-ֆիզիկական ներուժի արդյունավետ ուղղորդմամբ ու ջանքերի համակարգված միասնականացմամբ միայն կարող ենք պահպանել մեզ ավանդված մշակութային արժեքները` այդպիսով իրավասու լինելով նախնիների ժառանգորդը կոչվելու:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ