Հրաժարումը` նույնքան արժանապատիվ


Անընդմեջ երեք ժամկետ (9 տարի) պաշտոնավարելուց հետո, Աբովյանի քաղաքապետ Կարո ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ այս անգամ հրաժարվեց իր թեկնածությունն առաջադրել: Շատերի համար անակնկալ էր այդ որոշումը, սակայն նրան ճանաչողները, զարմանալով հանդերձ, վստահ էին, որ պահի ազդեցությամբ պատահական վճիռ կայացնել նա չի° կարող: Եվ մարդկանց հանդեպ հարգանքով ու պատասխանատվությամբ համակված, Կ. Իսրայելյանը շտապեց մարդկանց տարակույսը փարատել` հանգամանալի իր հեռուստաելույթով: Եվ ինչպես մյուս հեռուստաելույթները, այս վերջինն էլ իրականում հաշվետվություն էր. քաղաքապետի հաշվետությունը աբովյանցիներին: Ու նաև` անկեղծ զրույց նրանց հետ: Այս ամենն, իհարկե, սովորական է, գրեթե առօրյա` աբովյանցիների համար, սակայն քաղաքապետ Կարո Իսրայելյանի որոշումն այլ ընթացք տվեց այդ օրվա զրույցին: Այն հանկարծակիի բերեց, սակայն սկզբունքայնությունը չէր կարող զարմացնել նրան ճանաչող որևէ մեկին: Քաղաքի հոգսերը իրենը դարձրած` նա արդեն քանի¯ տարի փորձում է օգտակար լինել իր համերկրացիներին: Ու գիտեն բոլորը, որ ամենադժվարին պահին, անելանելիության ճիրաններից իրենց դուրս բերող հոգատար ձեռք կա քաղաքում. ուրախ, թե տխուր պահերին գիտեն, որ դժվարությունները կիսող բարեկամ ունեն` հանձին Կարո Իսրայելյանի: Եվ իրեն բնորոշ անմիջականությամբ էլ նա տեղեկացրեց, որ ինքը պատրաստ է կրել քաղաքապետի ուսերին ծանրացող բոլոր դժվարությունները, սակայն առողջությունը չի ներում: Եվ, ինչպես վայել է իսկապես մտահոգ տանտիրոջը, նա նաև կոչ արեց` ձայն տալ երիտասարդ թեկնածու Կարապետ Գալոյանի օգտին: - Ես ինքս էլ մնալու եմ նրա կողքին` որպես խորհրդատու, որովհետև միշտ սիրել ու սիրելու եմ Աբովյանը, այս քաղաքի մարդկանց: Ձեր բոլորի հոգսը նորից իմն է լինելու, բայց այդ հոգսը ձեզ հետ կիսող երիտասարդ նոր կադր կա, որին պիտի վստահեք: Համոզված եմ` կարճ ժամանակում անգամ կհավաստիանաք, որ մեր այս ընտրությունը պատահական չէ: Դուք շատ լավ գիտեք, թե այս քաղաքի համար որքան մտահոգ է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ով նույնպես շարունակելու է իր բարի գործերը` մնալով մեր ավանդույթների շարունակողն ու բազմապատկողը… Կարո Իսրայելյանի համար երկրորդական, առավել ևս` շրջանցելու արժանի խնդիրներ չկան. կարևոր է նույնիսկ առաջին հայացքից մանր թվացող ամեն հարց` Աբովյան ոստանի բարետեսությունից մինչ սոցիալական ապահովություն: Նպատակը կամ, ավելի ստույգ` նման տևական հոգածության վերջնարդյունքը արժանապատիվ կենսապայման ներ ստեղծելն է, որպեսզի աբովյանցին աշխատանք ու բարեկեցություն չորոնի այլուր: Դե, իսկ երիտասարդ ընտանիքներին հոգատարությամբ շրջապատելը ավելի շատ հոգու պահանջ է եղել Կ. Իսրայելյանի համար: Նրանց պայմանների բարելավման ուղղությամբ բազմաթիվ ձեռնարկումների եզրափակիչ ակորդը դարձավ արտոնյալ պայմաններով հողհատկացումը` ներառյալ քաղաքապետարանի միջոցներով պատվիրված նորաոճ ու հարմարավետ առանձնատների և բնակարանների նախագծերը: - Ամեն օջախ իր ջահելներով է կանգուն: Նրանք մեր ապագան են, ուրեմն այսօր մենք պետք է հոգանք, որպեսզի մենակ չմնան դժվարությունների առջև, որպեսզի չհիասթափվեն և ամենակարևորը` տիրոջ սրտացավությամբ սիրեն այս մեծ ընտանիքը, որի անունն է Աբովյան քաղաք,- ասում է Կարո Իսրայելյանը: Երիտասարդության համար ուղի հարթելու մղումով էլ հենց նա համոզմունքով իրեն փոխարինողի ընտրությունն անձամբ կատարեց: Եվ նորընտիր քաղաքապետի նախընտրական քարոզարշավի ամենակտիվ մասնակիցը լինելուց զատ, հոկտեմբերի 15-ին ամենաբարձր մակարդակով կամակերպեց Աբովյանի քաղաքի հիմնադրման 45-ամյա հոբելյանը: Այսօր էլ հայրական խանդաղատանքով է հավաստում, որ քաղաքապետի պաշտոնից հրաժարվելով, ինքը չի պատրաստվում մենակ թողնել երիտասարդ իր անվանակցին. - Համոզված եմ, որ նա նույն նախանձախնդրությամբ անելու է հնարավորինը, որպեսզի Աբովյանը է°լ ավելի բարգավաճի ու շենանա… Աբովյանն արդեն նոր քաղաքապետ ունի` Կարապետ Գուլոյանը: Ճիշտ է, նրա կողքին են հին ու փորձված պատգամավորն ու նախկին քաղաքապետը, սակայն յուրօրինակ քննություն ունի հանձնելու նա: Քննություն` մարդկանց հետ ճիշտ հարաբերվելու, եղած ավանդույթներին հավատարիմ մնալու և ինքնատիպ նոր ձեռնարկումներով ապացուցելու, որ Աբովյանի քաղաքապետ լինելը ոչ թե սոսկ պաշտոն, այլ հոգու պահանջ է: