ՌԴ նախագահի Պաշտոնական այցը Հայաստան


ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեկ Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ բացվեց Ռուսաստանի հրապարակը: Հանդիսավոր արարողության ժամանակ Դմ. Մեդվեդեւը հավաստել է, որ այս իրադարձությունը հաստատում է Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրական զգացմունքների անկեղծությունը ու վկայում երկու երկրների հարաբերությունների խորության մասին: - Մենք այժմ գտնվում ենք մի հրապարակում, որն անվանվել է ի պատիվ մեր երկրի: Երախտիքի մեծ զգացումով մենք սա ընդունում ենք իբրեւ հարգանքի նշան` ժողովրդավարական Ռուսաստանի եւ նրա ժողովրդի հանդեպ, - ասել է նա: - Խորհրդանշական է, որ այստեղ, շատ մոտիկ, երբեւէ եղել է Երեւանի բերդը, որի պատմությունն արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների ողջ խորությունը: Չէ որ այդ բերդը, որի վրա ռուսական դրոշն առաջին անգամ բարձրացվել է 1827թ-ի հոկտեմբերի 1-ին, եւ որտեղ կանգնած է եղել գեներալ Պասկեւիչի ռուսական կայազորը, նաեւ այն վայրն է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» անմահ կատակերգությունը` հեղինակի ներկայությամբ: Այսօր այս Հրապարակը դառնում է մեր ժողովուրդների հազարամյա եղբայրության եւ հոգեւոր մտերմության ավանդույթներին հավատարմության եւս մեկ խորհրդանիշ: Հենց նույն կերպ, ինչպես եւ նշանավոր Վասիլի Երանելու տաճարը Կարմիր Հրապարակում իր հրաշալի մատուռներով, որոնցից մեկը կրում է Գրիգոր Լուսավորչի անունը: Դա այդպես է, քանի որ մեր հարաբերությունների ողջ ընթացքում, չնայած մեզ հասած դժվարություններին ու ձախորդություններին, հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամությունը երբեք չի թուլացել, ավելին` ամրապնդվել է եւ դարերի ընթացքում լցվել նոր բովանդակությամբ: Թող այս հրապարակը դառնա ոչ միայն սիրելի զբոսավայր երեւանցիների եւ մեր հյուրերի համար, այլեւ մեր բարեկամությանը նվիրվածության եւս մեկ խորհրդանիշ` ի բարօրություն մեր երկրների եւ ժողովուրդների,- Իր ելույթում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը