Նրանց կյանքի գնով է կերտվել հաղթանակը


Գոհար Աշոտի Մարտիկյանը գրականագիտական մի շարք հոդվածների, քնարական բանաստեղծությունների, «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքի երկրորդ վիպակի թարգմանության, «Իմ առաջին գիրքը» մանկական պատմվածքների ժողովածուի, «Ճղակոտոր իմ տոհմածառ» վավերագիր վիպերգի ու «Ապրելու բանաձև» քառահատորյակի հեղինակ է, աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում: 1969 թ-ից աշխատելով Հայաստանի հանրային ռադիոյում, պատրաստել է «Պիոներական լուսաբաց», «Վաղորդյան զանգակներ», «Հասակակից ներ», Գարեգին Նժդեհին նվիրված հաղորդաշարերը, իսկ 2003 թ-ից «Ապրելու բանաձևը» վերաիմաստավորեց նրա ստեղծագործական կյանքը: Արցախյան գոյամարտում նրա Աշոտ որդին իր կյանքն էր դրել հաղթանակի զոհասեղանին£ Եվ Գոհար ու Ռուդոլֆ որդեկորույս ծնողները գիտեին, որ միայն սուգ ու կականով չեն վերադարձնի իրենց զավակին£ Գոհար մայրն, ասես վերին մի հրամայականով որոշեց յուրօրինակ հուշակոթող կերտել Աշոտի ու նրա նման քաջարի հայորդյաց հիշատակին£ Ու ծնվեց «Ապրելու բանաձևը», նախ` ռադիոշարի, ապա` գրքով բոլորին մեկ առ մեկ հիշելու ծրագիրը£ -Ամենաբնութագրականն Աշոտի մասին այն է, որ իր ապրած 21 և կես տարիների ընթացքում ապրեց այնքան հախուռն, լի, սիրելի, ինքնայրումով, ինքնանվիրումով, իր խոսքով` այնքան մակարդակով, որ ես մինչև այսօր գրում եմ զոհված հերոսների մասին, և յուրաքանչյուրի մեջ մի հյուլե դնելով` դեռ չի սպառվում Աշոտը: Հիշում եմ, որ զարմանալիորեն դժվարությամբ հանձն առա այդ գործը, բայց այսօր անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ գրելու հաջորդ Քաջի մասին, ու ինձ անվերջ թվում է, որ հաջորդ հերոսն ինձ է սպասում: ԵՎ դա այն պատճառով, որ յուրաքանչյուրի մեջ կարողանում եմ Աշոտ տեսնել ու Աշոտ ներդնել: Իսկ որդուս մասին կարող եմ խոսել օրերով, ամիսներով: Վերջերս Ալափարսի դպրոցում մի դասարան կոչեցին Աշոտ Ռուդոլֆի Չախոյանի անունով: Աշակերտները երեք ու կես ժամ պատմում էին որդուս մասին, ինքս էլ էի զարմացել: Երբ վերջում ինքս պիտի խոսեի, անվերջ ասելիք կար: Երբ մտածում եմ` ինչն է օգնում ինձ ապրել, հասկանում եմ միայն մեկ բան` երևի թե ապրում եմ նրա համար, որ կարողանամ ինքս էլ թողնել մի հետք. ապրած գոնե լավ գործով է մարդը հիշվում այս կյանքում: Աշոտն ընտանիքի երկրորդ զավակն էր (ծնվել է 1972 թ. օգոստոսի 10-ին). մի հրաշամանուկ, որ երբևէ անհանգստություն չպատճառեց ծնողներին ու դեռ ավելին` ոտքերի վրա հաստատուն կանգնելուց հետո փորձեց օգնել ու օգտակար լինել ընտանիքին, իսկ երբ հասունացավ` արդեն հայրենիքին: Անկոտրում կամքի ու ազնիվ տառապանքի տիեզերք էր նրա հոգում տեղավորվել: Նա ամեն ինչ անում էր նվիրումով ու սիրով: Սերն է կյանքի ապրեցնող զարկերակը: Մարդուն սիրելու բացառիկ հատկանիշներով օժտված զավակները` Արթուրը և Աշոտը, միայն կարող էին միևնույն բակում ապրող ադրբեջանցիներին գաղտնի ու անվնաս հասցնել սահման… Արդյո՞ք ճակատագրի չար կատակով հենց նրանցից մեկի զենքը չի ուղղվել դեպի Աշոտը… Աշոտի հոգում դառնություն ու մեծ վիշտ կար` երբեք չմոռանալով նախնիների կրած տառապանքը, և հարարթուն ցավը նրան հանգիստ չէր տալիս: -Նա լավ գիտեր Եղեռնի մասին պատմությունը. մեր տանը հայրենասիրությունը անվերջ եղել է Հացը հանապազօրյա: Բուհ ընդունվելու համար պարապմունքի էր գնում, բայց գնալու փոխարեն հավաքների էր մասնակցում: Ընդամենը 16 տարեկան էր: Երբ տուն էինք բերում, այնքան գեղեցիկ ժպիտով էր մեզ նայում, որ ամեն ինչ հօդս էր ցնդում: Նա իր ողջ կյանքում աշխատում էր չսայթաքել: Աշոտը ջանում էր երբևէ չվշտացնել ոչ ոքի` մանավանդ ինձ: Ինքնայրումով ապրելու բանաձևն ի վերուստ էր դրված Աշոտի մարդկային նկարագրում. ապրել սիրելով ու նվիրումով: Կենսաձև է դա, ապրելու տեսակ, որ գալիս է Մարդու հետ ու մնում մարդկությանը… Անսահման մեծահոգի ու նվիրված տղան անգամ ընդունելության քննության ժամանակ բարեկամին օգնելու անհագ պատրաստակամությամբ` իր աշխատանքն է անավարտ թողել: Այնուամենայնիվ ընդունվեց բուհ և մեկնեց Մոսկվա: Տնեցիներից հեռախոսով մշտապես տեղեկանում էր երկրի վիճակից ու փորձում հուսադրել` որ ամեն ինչ դեռևս անհուսալի չէ… Բայց մի օր էլ հեռախոսազրույցի ժամանակ լսելով մոր խոսքերը, թե` թշնամին որոշել է խնջույքի նստել Սևանի ափին` առավոտ կանուխ Հայաստան հասավ, իսկ հաջորդ օրը ներկայացավ ու ընդգրկվեց հատուկ նշանակության գունդ, ուր լիովին համապատասխանում էր մտավոր ու ֆիզիկական տվյալներով: Ինչպես հիշատակված է Գ. Մարտիկյանի «Ճղակոտոր իմ տոհմածառ» գրքում. «Ու… սկսվեց ծառայությունը, ուր շարունակեց գործել ի վերուստ տրված սիրելու և սիրված լինելու կարողությունը… Առաջինն էր ամենադժվարին վարժանքներում, առաջինն էր ամենադժվարին առաջադրանքները կատարելիս, կարգադրությունը չհնչած` առաջինն էր այն կատարելիս… և… ճակատագրի բերումով էլ առաջին գումարտակի, առաջին վաշտի, առաջին դասակի, առաջին ջոկի հրամանատարը` Աշոտ Ռուդոլֆի Չախոյանը, դարձավ զորամասի առաջին զոհը արցախյան ազատամար տում…»: Զրույցը երբեմն ընդհատվում էր խոր հոգոցով, բայց հայացքում տիեզերաչափ վեհություն, բարություն, հպարտություն էր ալիքվում: - Ծնողներս Արևմտյան Հայաստանից են գաղթել: Զավակներս պատմությունը լավ գիտեին: Այդ ամենն իմանալով` բակի ադրբեջանցիներին բնավ չէին վշտացնում: Ամենազարմանալին դա էր` խաղաղ գոյակցության համար նրանք պատրաստ էին ամեն ինչի: Դա էր, որ ինձ միշտ ստիպում է գրել այդ մասին, թե ով է թուրքը: Եթե «Ապրելու բանաձևում» ադրբեջանցի գրելու փոխարեն անվերջ թուրք եմ գրում, գիտեմ` ինչու եմ այդպես անում. ի վերջո պատմությունը ցույց է տալիս` ով է թուրքը` լինի 15 թվականի, թե այսօրվա… Դրա համար զգուշանալ է պետք և անվերջ ուժեղ լինելու մասին պետք է մտածել: Արցախյան գոյամարտը ես համարում եմ Հայոց պատմության ՈՍԿԵ ԴԱՐ, որովհետև մենք դարեր շարունակ տարածքներ կորցնելուց հետո ի վերջո հող ենք ազատագրել, ետ բերել այնպիսի մի ընչաքաղց թշնամուց, ով, կեղծ բարեկամության շղարշի ներքո տոտիկ-տոտիկ, քիրվա ասելով, անասնապահություն, հովվություն արեց մեր երկրում, բայց պահը հասավ ու դանակը դրեց հայի կոկորդին: Մենք այդ «բարեկամից» կարողացանք ետ բերել մեր հողերը: Դա իսկապես հերոսություն է, իսկ այդ հողը կարողացել են պաշտպանել անգամ 11-12 տարեկան տղաները: Անձնազոհության օժտվածությունն ի վերուստ քչերին է շնորհված: Դեռ երրորդ դասարանում էր` ձեռքերն այրելով` վերարկուն փաթաթել էր ջեռուցման վնասված խողովակին, որ ընկերները չթրջվեն ու չայրվեն£ Պատանի էր` ընկերներին մի կողմ հրելով` ինքն էր այրել դեմքը: Բանակում ծառայող եղբայրը` Արթուրը, այդ մասին չիմացավ, քանի որ եղբորը խոստացել էր ծնողներին նեղություն չպատճառել: Մարտադաշտ մեկնեց 93-ի օգոստոսին: 17-ին փոքրիկ ջոկատով նրանք մտան Կոռնիձոր: Թշնամին, սահմանն անցնելով, գրավել էր մի շարք դիրքեր: Հարկավոր էր կանխել նրանց առաջխաղացումը: 94 թ. հունվարին Օմարի լեռնանցքում կատաղի մարտեր մղվեցին: Նույն թվականի հունվարի 31-ին Քարվաճառում` ռազմավարական նշանակություն ունեցող 1901 սարի վրա, փրկելով իր մարտական ընկերների կյանքը` հերոսացավ Աշոտը. 5 հոգի, մինչ կհասցնեին բարձունքը հետախուզել, դեմ առ դեմ հանդիպեցին թշնամու լավ պատրաստված բանակին: Լսվեց ինքնաձիգի կրակոց և վիրավորվեց հրամանատարը: Աշոտն անմիջապես ելք գտավ. երկու զինվորներին կարգադրեց ներքև իջեցնել արնաքամ հրամանատարին, երրորդ զինվորին պատվիրեց շտապ տեղեկացնել հայկական զորքին, որ շրջափակման վտանգ կա, պետք է վերադասավորվել, իսկ ինքը. «Ժամ ու կես տևած այդ մարտում ինչպե՞ս, ի՞նչ հնարամտությամբ էր դիրքերը փոխելով կրակը պահում 21-ամյա երիտասարդը, որ թշնամու հոծ խումբը չէր կարողանում առաջանալ, հայտնի է միայն Աստծուն ու… Աշոտին, քանզի մարտը նկարագրելիս հրամանատարը` Մեժլում Մանուչարյանը, անգամ չէր վարանում կրկնել. -Հերոսներն այդպիսին են… իրենց կյանքի գնով փրկում են ուրիշների կյանքը…» (մեջբերումը` «Ճղակոտոր իմ տոհմածառ» գրքից): Հայկական կողմը հասցրել էր վերադասավորել ուժերն ու ազատագրել սարը: Դա հետո ընկերները կկոչեն Աշոտի սար… Երբ Երևանի 114 դպրոցի համադասարանցիները կհանդիպեն, բազում հիշողություններ կթևածեն Աշոտի երկրային կյանքի անթիվ-անհամար սխրանքներից… Հպարտությանը հավասար ցավը սրտում ամբարած Գ. Մարտիկյանը ջերմ հայացքով հերոս որդու լուսանկարներն էր թերթում ու… -Նա էլ կարող էր շատերի պես մնալ ուրիշ երկրում… Երգի խոսքերը լավ են ասված. «Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե'ք…»: Իսկ իմ քաջը… մեկ անգամ… ո՞րն է ավելի վեհություն, հպարտություն առաջացնում ու ընդունելի Աստծո կողմից… Գ. Մարտիկյանը Արցախում բազմիցս եղել էր, բայց միայն այս տարի եղավ Քարվաճառում. -Գնում էի մի տեղ, որտեղի տաք ջրերում լողացել են իմ նախնիները, ուր զոհվել է իմ որդին: Գնացի ու ապշած մնացի, թե ի¯նչ հող են ազատագրել մեր տղաները: Դժվար է պատկերացնել` առանց տեսնելու. դա երևի Դրախտի մի փոքրիկ անկյուն է: Ժայռերից մազի շիթերով ջուրն է ցայտում, ամեն վայրկյան մի հրաշքի ես հանդիպում: Յուրաքանչյուր կտոր հողին ոտք դնելիս հիշում էի այդ տեղանքի հետ կապված պատմություններ, որ պատմել էին մարտական ընկերները: Հենց այդտեղ լսեցի նոր պատմություններ, որը եղել է Կուսանաց եկեղեցու մոտ: Եղանք հիշյալ եկեղեցում. ավերված էր, բայց ի¯նչ գեղեցկություն: Եթե վերականգնվի, ճարտարապետական ու պատմական հրաշք կունենանք: 2003 թ. երբ Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը առաջարկեց գրել զոհված ազատամարտիկների մասին, Գ. Մարտիկյանը կարկամեց£ «Ես պիտի գրիչը թաթախեմ արնածոր վերքիս մեջ ու գրե՞մ» հարցին հետևեց. «Քեզանից լավ ոչ ոք չի կարող դա անել… Դու կարող ես…»: Դեռ որքա¯ն կարող էր գրել Աշոտի մասին… -Ամենադժվարը վերնագրի ընտրությունն էր: Հենց գրեցի Աշոտի մասին` իսկույն ծնվեց վերնագիրը. սկզբում դա պիտի լիներ Աշոտի ապրելու բանաձևը: Զարմանալիորեն դա դարձավ նաև իմ ապրելու բանաձևը: Երբևէ չեմ կարող ասել չապրված մտքեր: Հետագայում այդ ամենը հավաքագրելով ու տպագրելով` ծնվեցին հատորները: Արդեն ընթերցողին է ներկայացվել չորրորդը: Տպագրության պատրաստ են ևս երկու հատոր: «Ապրելու բանաձևը» հանրագիտարանային նշանակություն ունեցող գիրք է: Գրքի կարևորագույն նշանակության մասին խոսելիս պետք է ասել, որ Արցախյան գոյամարտի մասին ներկայացնելը հույժ կարևոր է£ Նախ` հնարավորություն է վեր հանել պատմության մեջ եղած սխալները, ապա` ի ցույց դնել մեր հայրենյաց հաջողության գաղտնիքները£ Իսկ գաղտնիքը միասնականությունն է: Մշտապես հաղթել ենք, երբ միասնական ենք եղել: Ճանաչենք ինքներս մեզ, մեր պատմությունը` վերարժևորելով այն:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ