ՀՀ զինված ուժերը 2010 թվականն ամփոփում են նոր ձեռքբերումներով


ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվեց հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ, որը ի զորու է գերժամանակակից սարքավորումներով վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը և համակարգված կերպով կառավարել օդային թիրախների խոցումը: Հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կարևորելով հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացումը` Սեյրան Օհանյանը նշել է, որ դա Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության որակական նոր հարթություն է և խոսում է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին: ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի բանակային շինությունների բացման արարողությանը, ծանոթացել զորանոցային պայմաններին ու գերճշգրիտ S-300 զենիթահրթիռային համակարգերի աշխատանքին: ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև ռազմական արդյունաբերության ձեռնարկություններից մեկը և ծանոթացել ռազմական ինքնաթիռների վերանորոգման նորակառույց արտադրամասի պայմաններին: