Ժպիտը լավագույն նվեր


Փետրվարյան ցրտաշունչ օրերը փոքր-ինչ ջերմացնելու նպատակով «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը «Մեկից մեկ» երգիծական ծրագրով ուրախություն և ժպիտ տարավ մայրաքաղաքի և մարզերի ծերանոցների ու մանկատների «բնակիչներին»: Երգիծական շքահանդեսը, Երևանի «Զատիկ» մանկատան երեխաներին լիարժեք ծիծաղ պարգևելով, շարժվեց Վանաձոր, ապա` Գյումրի, Գավառ և դարձյալ Երևան` Նորքի ծերանոցի տարեցներին վստահեցնելով, որ այդ պատերի ներսում էլ կյանքը հումորի կարիք ունի: «Ավանգարդ»-ը շքահանդեսին միացավ Գավառի մանկատանը, ուր վաղուց էին սպասում դերասանների ժամանելուն: Դահլիճի պատին փակցված ծաղրանկարների շարքում երեխաները շտապում էին գտնել իրենց հյուր եկած դերասաններից յուրաքանչյուրին: Պօնչոն, Հորիզոնն ու «ազգային փոքրամասնության ներկայացուցիչ» Լուսիկ Կիրակոսյանը, «Angels» բազմաոճ պարային համույթի գեղեցկուհիներն ու «Mimstudio» թատերախմբի տղաները, սիրված երգիչ Հայկ Բաբախանյանն ու «ալմականներ»-ն իրենց «կնքահոր»` երգիծաբան Սամվել Բաղդասարյանի հետ երկու ժամ շարունակ ոչ միայն ուրախացրին երեխաներին, այլև նրանց մասնակից դարձրին իրենց հումորային ներկայացումներին: Հյուրընկալ գավառցիները պարտքի տակ չմնացին և «մազալու մարդկանց» նվիրեցին երեխաների ձեռքի աշխատանքը` մի գեղեցիկ գորգ: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանին հուզել էր իր սաների ոգևորությունը: «Այսքան ուրախ մարդկանց իրենց հարկի տակ չէին տեսել,- ասաց նա,- ուրախ եմ, որ մեր երեխաներն անտեսված չեն, որ նրանք էլ առիթից առիթ ապրում են մայրաքաղաքի ռիթմով: Այս ակցիան իրոք բարեգործություն էր մեզ համար»: Մինչդեռ Սամվել Բաղդասարյանն իրենց ծրագիրը համարում է մշակութային շարժում, քան բարեգործություն: «Մեր նպատակը ժպիտի պրոպագանդան է: Ծիծաղը հարաբերա կան երևույթ է, երբեք չգիտես, թե երբ կայցելի քեզ, ամենահուսահատ վիճակում անգամ մարդն ընդունակ է ծիծաղելու: Մեր ծրագրի նպատակն է ծիծաղ պարգևել բոլոր նրանց, ում հոգին առողջացման կարիք ունի: Եվ եթե մեզ հաջողվում է ժպիտ պարգևել կալանավայրերի, ծերանոցների ու մանկատների «բնակիչներին», ապա մեր բաշխած ուրախությունը թող համոզի նրանց, որ վարդը աճում է նաև փշերի մեջ»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ