Ի՞մ մեղքով: Գուցե` բոլորի՞ս...


Ժամանակակից մարդու հոգեկերտվածքի ձևավորման մենաշնորհը այժմ պատկանում է հեռուստատեսությանը: Պարզագույն մի պատճառով` այն մատչելի է հասարակության բոլոր խավերին: Եվ ամեն օր, ամեն ժամ հեռուստաէկրանից բյուրավոր բնակարաններ «ներկրվող» ցածրորակ հոգևոր-մտավոր արտադրանքի անմիջական ազդեցությամբ ձևավորված սպառողական սահմանափակ հետաքրքրություններով մասսայական հանդիսատեսը իր վճարունակ կամքն է թելադրում արվեստագետների ներկա սերնդին: Շատերին: Օրավուր` ավելի վստահ: Հանապազօրյա կեցության պարտադրանքով մշակույթի մարդիկ իրենց բնատուր շնորհքը ծառայեցնում են այսօր արդեն բազմամբոխ հավաքականություն կազմող այդ հանդիսատեսի պարզունակ քաղքենիական պահանջների բավարարմանը: Այդպիսով, կարծես, ազատագրվում են սոցիալականի նվաստացուցիչ կապանքներից: Փառք Աստծո: Միաժամանակ, կամա-ակամա նպաստում սնամեջ անճաշակության ու հավակնոտ գռեհկության վտանգավոր ներգործության ընդլայնմանն ու բարձր արվեստի չափանիշների անկասելի խեղաթյուրմանը: Բոլոր բնագավառներում: Հատկապես թատերարվեստում: «Հայրենական շոու-բիզնեսի» զարգացման անվան տակ բեմ է ներխուժում մասսայական հանդիսատեսի քիմքին հարմարեցված մարտնչող գռեհկությունը` իր վրա սևեռելով նույնիսկ նրանց օրավուր սրվող հետաքրքրությունը, ովքեր դեռևս զգում են «էկոլոգիապես մաքուր» հոգևոր-մտավոր սնունդի կարիքը: Եվ, տուրք տալով նորանկախ կեցության հարուցած դեգրադացնող մտայնությանը, ժամանակ ու միջոցներ չեն խնայում «վայելելու» առօրյա լարվածությունից, իբր, դյուրությամբ ձերբազատող, առավելապես գռեհիկ հումորով, ծաղրանմանակումներով համեմված ցածրարվեստ «գեղարվեստական» այդ արտադրանքի խնամքով գովազդվող ցուցանմուշները: Մանավանդ մեծ ժողովրդականություն ձեռք բերած անունների առկայության պարագայում: Ինչպես, ասենք, Միքայել Պողոսյան, Հրանտ Թոխաթյան, Ռաֆայել Քոթանջյան, Մկրտիչ Արզումանյան, Աշոտ Ղազարյան... Էլի ուրիշներ: Եթե սիրելի դարձած այդ անունների ներկայացրած թատերականացված սցենարներում («պիես» բառն ինձ համար այլ արժեք և իմաստ ունի) գտնվում են մերօրյա ինչ-ինչ աղերսներ, դրանց նկատմամբ հետաքրքրությունը գրեթե չի նվազում: Հիմնականում սրանով եմ բացատրում հինգ հարյուրից ավելի անգամ խաղացվող «Mea culpa»-ի («Իմ մեղքը») երկարակեցության ֆենոմենը: «Խաթաբալադա»-ից փոխառված ձևը` գլխավոր ասելիքի անձանձրույթ ամբողջացումը պատմական անցյալից ու ներկայից քիչ թե շատ ծանոթ անձանց նորովի իմաստավորվող հանդիպումների առանձին պատմություններով, «Իմ մեղքը» սրում է հանդիսատեսի հետաքրքրությունը բեմում կատարվող միջադեպերի նկատմամբ: Ենթադրում ես, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի պատվերով հերթական կարևոր ճառի բովանդակային հագեցվածության վրա ճգնող դերասան Սամսոն Ստեփանյանի մտավորականի գիշերային հալյուցինացիաներում տեղի ունեցող հանդիպումները արդի մուրացկանությանը բնորոշ տիպերի (Արա Սարգսյան), «մազանդարյան վագրի» ու պատմական հայտնի անհատների (Հրանտ Թոխաթյան), Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Սքեի (Մկրտիչ Արզումանյան) երկրի ճարտարապետական ուրույն տեսքը կլորիկ գումարով աղճատող ճարտարապետի (Լևոն Հարությունյան) հետ կստեղծեն հավաքական խճանկարը մեր ազգային ներկա դիմանկարի: Ներկայացման տարբեր դրվագները մտովի համադրելիս ծիծաղելիի, գռեհիկի խորքից նկատում ես ներկա ապրելակերպի այլազան խեղումները, ակամա լրացնում` սարսափելով 2015-ին քո հայրենիքի ու հայրենակիցների անփառունակ վիճակի համար: Արվեստի անփառունակ ու ծայրահեղ գռեհկացված վիճակի ամենացայտուն արտահայտություն է հենց այս ներկայացումը: Կերպարանափոխությունների բացառիկ հնարավորություն ունենալով այս բեմադրություն մեջ` դերասան Հրանտ Թոխաթյանը հաճախ դուրս է գալիս իր հիմնական կերպարի` «մազանդարյան վագրիկի» «կաշվից» և ներկայանում Գյոթեի ու Նապոլեոնի, Հիտլերի ու Նոստրադամուսի, Չերչիլի ու Արա Գեղեցիկի ծաղրանկարային, միտումնավոր գռեհկացված դերակատարումներով: Մատուցման լրջությամբ ու խոսքի կուլտուրայով մյուսներից կտրուկ առանձնացող, կարկատանի պես հավելված Տիգրան Մեծի կերպարում թողնելով փքուն ճառախոս հայրենասերի տպավորություն: Ագիտթատրոնի անհաջող, չարդարացված փորձ: Եվ անհասկանալի է մնում բեմադրության հեղինակների գլխավոր նպատակը (փող աշխատելուց զատ). գերազանցել «շոու-բիզնեսի» մրցակիցներին գռեհիկ զվարճարարի իրենց բացառիկ «հղկված» վարպետությա՞մբ, թե՞ ծիծաղի ու սարկաստիկ ծաղրի միջոցով արգահատանք հարուցելով ներկա իրականության ու համազգային նկարագրի արատավոր կողմերի նկատմամբ` ինքնամաքրման մղել: Ըստ երևույթին, Վահրամ Սահակյանին պարզապես չի հաջողվել հաղթահարել սեփական կուլտուրայի պակասը և իր հեղինակած «պիեսում» գեղարվեստորեն նպատակասլաց արտահայտել պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի մտահղացումն ու գաղափարը (ըստ ներկայացման ծրագրի): Եվ «Իմ մեղքը» ինքնաբերաբար դառնում է «սքեների» գռեհիկ ճաշակի ու տգիտության հոգևոր-մտավոր առարկայական մարմնացումներից մեկը, ինչպես «ս. Վոլոդիկի» 24 գմբեթանի եկեղեցին, ինչը պատկերավոր երգիծվում է իրենում իսկ: Ո՞ւմ մեղքով է իրագործվում հոգևոր-մտավոր այս մասսայական սպանդը, յուրատեսակ սպիտակ ջարդը, որ անհաջող փորձում են քողարկել սուտ հայրենասիրական պաթոսով այս հայհոյախառն դիմակահանդեսի մասնակիցները: Ի՞մ մեղքով: Գուցե` բոլորի՞ս... Ե՞րբ, ի վերջո, կարթնանա ազգակործան մեղքի ավերածությունները հանդուրժելու անզոր, արիակամ խղճի խայթը: Եվ եթե հանկարծ արթնանա, կկարողանա՞ կասեցնել այս անարժանապատիվ գահավիժումը: Պատժում ենք օտարին թատերաբեմի վրա մեր պետական դրոշը անարգելու համար, որպեսզի պահպանենք ազգային ինքնագիտակցությունը մթագնող խեղկատակությունների հրապարակային ցուցադրման մենաշնո՞րհը: Մենք` ուրի՞շ...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ