ԲԱՐԳԱՎԱՃԵՆ°Ք, ԲԱՅՑ ՉՊԱՌԱԿՏՎԵՆՔ


Նախկին «Երևան» կինոթատրոնի դիմահայաց պատին Գագիկ Ծառուկյանի մեծադիր նկարը` «Կառուցենք բարգավաճ երկիր» կոչ-հրավերով չէր կարող անտարբեր թողնել լրագրողիս, առավել ևս, որ շուրջ մեկ տարի առաջ հրապարակված կանոնադրությունը և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կուսակցության բարեգործությունները, կարծեք, հուշում էին, որ նոր ուժ է քաղաքական ասպարեզ մտնում: Իհարկե, այդ ուժը նոր չէր. ճանաչված գործարարը սոսկ կուսակցությամբ չէ, որ պետք է իր մասին ծանուցեր և, տեղյակ չլինելով, որ համագումարին ներկա գտնվել կարող են միայն հատուկ հրավիրատոմսերով հրավիրյալները և ծանոթ լինելով լրագրողին իր մասնագիտական պարտականությունները խանգարելու արգելանքին, մասնագիտական պատասխանատվությամբ որոշեցի ներկա գտնվել «Բարգավաճ Հայաստան»-ի, այսպես կոչված, երրորդ արտահերթ համագումարին: Ճշգրտելու հարցեր, իհարկե, կային: Դիցուք, ինչո՞ւ արտահերթ և` արտահե՞րթ արդյոք, թե՞ հիմնադիր: Եվ, ընդհանրապես, կային կուտակված հարցեր, որոնք երբեմն-երբեմն հնչեցնում է նաև մեր ընթերցողը, և որոնց պատասխանը կուզենայինք ստանալ համագումարի պատվիրակներից` կուսակցության ակտիվիստներից: Սակայն... Հենց դահլիճի մուտքի մոտ կանգնած երիտասարդները գաղտնի գործակալ որոնելու կասկածամտությամբ և բացատրություն լսել չցանկացողի տոնով հրավիրատոմս պահանջեցին: Լրագրող լինելուս հավաստիքը անգամ նրանց «բարեսիրությունը» չարթնացրեց: Քիչ հետո դահլիճում տեղեկացանք, որ մեկ այլ լրագրողի արգելվել էր նկարահանել այդ ժամանակ Մելիք-Ադամյան փողոցը «գրաված» թանկարժեք մեքենաները: Ի վերջո, իհարկե, լրատվության պատասխանատուի միջոցով կարողացա դահլիճ «սպրդել», բայց այդպես էլ անընկալելի մնաց այն մեղմ «հանդիմանանքը», թե ինչո՞ւ ժամանակին չենք հավատարմագրվել: Իսկ որտեղի՞ց պետք է իմանայինք, որ ժողովրդավարության ինստիտուտը զարգացնել խոստացող նորընծա կուսակցության դռները կարող են փակ լինել մամուլի առջև` եթե նույնիսկ տվյալ լրատվամիջոցը քաղաքական ա°յս ուժի հետ չի որոշել բարգավաճել: Եվ ընդհանրապես, մեզ համար տարակուսելի որոշ հարցերի պատասխաններ կուզենայինք լսել անվանի գործարար ու նաև օրենսդիր, իսկ այժմ արդեն նաև` կուսակցապետ Գագիկ Ծառուկյանից: Շատ տպավորիչ է, որ ճանաչված գործարարը ուզում է քաղաքական հզոր միավոր ստեղծել և նրա անվանմանը հարիր` նպաստել մեր երկրի բարգավաճմանը: Հրաշալի է, սակայն թող թույլ տրվի հարցնել. ի՞նչն էր խանգարում գործարար-օրենսդրին` երկրի բարգավաճմանը նպաստել որպես ազգընտիր-երեսփոխան, ինչի պատվին նա արժանացել է 4 տարի առաջ: Եթե այս ընթացքում նա համաձայն չի եղել կառավարության գործունեությանն ու ծրագրին, ինչո՞ւ որևէ անգամ ԱԺ բարձրագույն ամբիոնից չի ներկայացրել իր դիտողությունները: Ճիշտ հակառակը. նույն ամբիոնը նա երբևէ չի օգտագործել` նույնիսկ իր ընտրողներին հուզող հարցերով կառավարությանը դիմելու: Իսկ եթե այս լռությունը կառավարության գործունեության հանդեպ նրա դրական վերաբերմունքի արտահայտություն է, իսկ դա այդպես է, ապա ինչո՞ւ ինքն իր համակիրներով չի համալրում բարեհամբավ այդ կուսակցության շարքերը` իր ներուժով ժողովրդանպաստ ծրագրերին զարկ տալու, այլ ոչ թե նոր քաղաքական ուժ ստեղծելով, ակամա ջլատելով առանց այդ էլ մասնատված մեր քաղաքական դաշտը (և ոչ միայն քաղաքական, այլև գիտական, գործարար)... Թերևս տրամաբանական են հնչող այն տարակույսները, որ արհեստածին է կուսակցությունը: Տրամաբանական այն առումով, որ 2004-ի հունիսին Դավիթաշեն թաղամասում Բաբկեն Խաչատրյանի կողմից հիմնադրված (կամ պարզապես գրանցված) քաղաքական ուժը 2007-ին միայն համագումար է հրավիրում և կանոնադրություն ու ծրագիր հաստատում: Ստացվում է, որ յուրօրինակ ընդդիմություն է դառնում «Բարգավաճը»` իրեն կենտրոնամետ և պահպանողական հռչակելով, որոշել է անջատ քայլել նույն արժեքները դավանող իշխանական քաղուժից: Ուրիշի եկամուտներն ու ծախսերը հաշվելը մեր հետաքրքրության շրջանակներում չէ, իհարկե, սակայն, գրեթե ամեն քայլափոխի հանդիպող «ԲՀ» գրասենյակների, գովազդային պլակատների վրա ծախսվող գումարները հազարավոր ընտանիքների բարգավաճման աղբյուր կարող էին լինել: Ի դեպ, համագումարի մասնակից (բնականաբար ակտիվիստ) կուսակցականներից և ոչ մեկը չկարողացավ պատասխանել մեր այն հարցին, թե «ԲՀ»-ի գաղափարախոսությունը ինչո՞վ է տարբերվում վաղուց ի վեր գործող կուսակցությունների գաղափարախոսությունից: Եվ մեզ համար էլ զարմանալիորեն` այլևս նույնիսկ մեզ չզարմացրեց այդ իրողությունը: Հիրավի, ո՞րն է «Բարգավաճ Հայաստանի» գաղափարախոսությունը և արդյո՞ք դրան կարող է փոխարինել կուսակցության լիդերի իսկապես բարի համբավը: Չնայած, հանրապետությունում ամենախոշոր հարկ վճարողների ցուցակում նրա ղեկավարած ձեռնարկությունները նույնիսկ 2-3-րդ տասնյակում էլ չեն: Դարձյալ ուրիշների եկամուտները հաշվելու գայթակղությունը չունենալով հանդերձ` ուղղակի հարցնենք. - Սեփական ընտրությամբ բարեգործությանն ուղղվող գումարներն արդյո՞ք ողջ երկրի մասշտաբով բարգավաճման լուրջ բազա չէին կարող դառնալ: Մեր ընթերցողներից ոմանք տարբեր առիթներով չեն թաքցրել իրենց տարակուսանքն առ այն, որ ՀՀ Սահմանադրությունը ԱԺ պատգամավորին չի արտոնում զբաղվել գործարարությամբ: Գագիկ Ծառուկյանը, ճիշտ հակառակը, զբաղվում է ոչ թե օրենսդիր աշխատանքով, այլ գործարարությամբ: Եվ ի պատիվ իրեն պետք է ասել, որ դա ինքն էլ չի թաքցնում: Ավելին, մի շարք վճարովի լրատվամիջոցներով գովազդում է իր գործարարությունը: Ասում են նաև, որ առանձին լրատվամիջոցներ գրեցին նույնիսկ, որ գործարարը տրտնջացել է օրենսդիր մարմնի ձանձրալի աշխատանքից: Ուրեմն, ինչո՞ւ է կրկին ձգտում իր հետ նաև մի մեծ թիմ «ներմուծել» ԱԺ-ը: Կամ, ինչո՞ւ երեք տարի նույն կուսակցությունը անգործության է մատնված եղել և կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը հրապարակելուց հետո է միայն համագումար հրավիրում, այն էլ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Եվ, վերջապես, վաղուց արդեն գաղտնիք չէ քաղաքականության մեջ իրեն հաստատած գործիչ Վիկտոր Դալլաքյանի ավանդը կուսակցության ձևավորման և կանոնադրության ստեղծման գործում: Մինչդեռ գաղտնիք չէ այդ առիթով, գուցե նաև գաղափարակից ընկերներ կորցրած, նույն գործչի խաղից դուրս հայտնվածի կարգավիճակը: Հարկ է հիշեցնել, որ ժամանակին, առանց լրացուցիչ աղմկարարության, բարեկամաբար փորձեցինք տեղյակ պահել, որ կուսակցության հրապարակած ծրագիրը գրեթե կամ ամբողջությամբ կրկնությունն է Հանրապետության առաջին նախագահի նախընտրական ծրագրի: Գուցեև այս հանդգնությունն էր վրեժխնդրության առիթ դարձել` «հատուկ հրավիրատոմսերով» մեզ չպատվելու: Որոշ սրախոսներ «ԲՀ» հապավումը վերծանում են որպես բարեգործական համքարություն, և կուսակցությունը հաճախ է քննադատվում բարեգործությամբ ընտրաքվեներ շահելու համար: Լռության մատնվող այս քննադատության հետ գուցեև համամիտ են դրա հիմնադիրները: Բարեգործությունը հարգելով հանդերձ, կրկին ուզում ենք հարց ուղղել դրա ղեկավարությանը` իսկ օրե՞նքը: Տվյալ պարագայում, դեռ իշխանության չեկած, արդեն փորձ է արվում ոտնահարել իր մասնագիտական պարտականությունը կատարել ցանկացող լրագրողի իրավունքը, այն էլ թերևս այն պատճառով, որ մենք կուսակցականանալու միտում չունենք: Ուրեմն ի՞նչ. մնում է փառաբանել քաղաքական այն միավորներին, որոնց չհարելով հանդերձ, առանց «մուտքի վիզայի» բոլոր ցանկացողները կարողացել են մուտք գործել համագումարի դահլիճ: Երկիրը բարգավաճում է նաև (կամ նախ և առաջ) խոսքի ազատության երաշխավորությամբ:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ