Ինքնամեկուսացում` «հայկական տարբերակով»


Մտովի վերհիշելով անցած 15 տարիների բոլոր խորհրդարանական ընտրությունները, դրանց նախորդած քաղաքական իրադարձություններն ու իրավիճակները, անխուսափելիորեն հանգում ես այն եզրակացության, որ անցյալում, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երբեք ընդդիմությունը այսչափ թույլ, մասնատված, ջլատված չի եղել, որքան այսօր: 1995, 1999, 2003 թթ. հայաստանյան ընդդիմությունը հզոր ուժ էր ներկայացնում, ուներ ուժեղ հենարան և մեծ ընտրազանգված, ի զորու էր հաղթել ընտրություններում: Թե ինչու չի հաղթել, բոլորին է հայտնի. որոշիչ դեր է կատարել ընտրակեղծարարությունը: Որոշ վերապահումներով պետք է գնահատական տալ միայն 1999 թ. ԱԺ ընտրություններին: Այն ժամանակ Վազգեն Սարգսյանի կողմից «վերակառուցված» իշխանամետ ՀՀԿ-ն դաշինք կազմեց Կարեն Դեմիրճյանի գլխավորած ընդդիմադիր ՀԺԿ-ի հետ, ստեղծվեց «Միասնություն» դաշինքը, որի հաղթանակը ընտրակեղծիքներին վերագրելն անարդար ու ոչ ճշմարիտ կլինի: Ի՞նչ է կատարվում այսօր: Ինչո՞ւ է ընդդիմությունը խարխափում, պատեպատ զարկվում: Չի կարողանում գտնել լուծումներ, ուժերի համախմբման համապատասխան տարբերակներ: Վերահաս ընտրակեղ ծիքների «տեսլակա՞նն» է վերջիններիս տվայտանքների ու մտատանջությունների պատճառը: Դա՞ է նրանց խանգարում միմյանց ձեռք մեկնել, միավորվել: Չէ՞ որ յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցության համար պարզից պարզ է, որ, ի տարբերություն նախկինի, միայնակ հաղթելն ու ԱԺ-ում մեծամասնություն ունենալն անհնարին է: Ո°չ, բոլորովին էլ հնարավոր կեղծիքների ուրվականը չէ ընդդիմության «ինֆանտիլ» գործունեության և փակուղային իրավիճակի առջև հայտնվելու իրական պատճառը: Վերջիններս կորցրել են ժողովրդի մեջ ունեցած այն հզոր հենարանը, այն ոգևորիչ «թև ու թիկունքը», ինչը նրանք ունեին նախկինում, ասենք, 2003-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Արմատականները հաճախ են տարբեր առիթներով հայտարարում, թե ժողովուրդը բարոյալքված է: Իսկ ինչո՞ւ են իրենք թույլ տվել, որ ժողովուրդը հայտնվի այդ վիճակում: Ինչո՞ւ կամք, կորով, հույս, հավատ, ոգևորություն չեն ներշնչել: Չէ՞ որ դա պետք է լիներ նրանց հիմնական առաքելությունը` հավատացնել մարդկանց, որ եթե իրենք դժգոհ են առկա իրավիճակից, ապա փոփոխությունների հասնելու հնարավորությունները բոլորովին էլ սպառված չեն: Իրոք, Հայաստանում կա ցածր կենսամակարդակ ունեցող մարդկանց մի խավ, որը խիստ դժգոհ է իշխանությունների գործունեությունից: Դա ընդդիմադիր ուժերի «բնական» ու կայուն ընտրազանգվածն է: Բայց նույնիսկ այս ամենաընչազուրկ խավին որպես հենարան օգտագործելու հնարավորությունն աստիճանաբար կորսվում է: Աղքատների «բանակը» տարեցտարի ավելի անտարբեր է դառնում, հրաժարվում ակտիվ պայքարից, ապաքաղաքականացվում է: Նույնիսկ բարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր կուսակցություններին վերջին երկու տարիներին չի հաջողվում իրենց կազմակերպած հանրահավաքներին ներգրավել 2-3 հազար մարդ: Հենց այս իրողությունն էլ շփոթեցնում ու մոլորեցնում է արմատականներին: Ընդդիմադիր լիդերներն իրենք իրենց հարց են տալիս. ինչո՞ւ դժգոհ ու բողոքարկու զանգվածը հրաժարվում է պայքարից: Հարց են տալիս ու ոչ մի կերպ չեն ցանկանում պատճառը իրենց անգործունեության մեջ որոնել: Չեն ուզում ընդունել այն ցավալի փաստը, որ անընդհատ, նույն խոսքերը կրկնելով, չորն ու թացը իրար խառնելով, իրականությունը միայն մեկ գույնով մատուցելով, ոչ մի թարմ միտք ու գաղափար չառաջարկելով, հոգնեցրել են ժողովրդին, միաժամանակ հեղինակազրկելով թե° իրենց գաղափարները, թե° սեփական անձը: Մարդիկ արդեն դադարել են հավատալ, որ քաղաքական ուժերը հասարակության շահերը բարձր են համարում սեփական, կուսակցական շահերից: Ընդդիմադիր ուժերն էլ իրենց այսօրվա կեցվածքով, կարծես, ապացուցում են ժողովրդի հավատի կորստի օրինաչափությունը: Օրինակ, ՀԺԿ-ն, ԱՄ-ն, ՕԵԿ-ը հաստատ որոշել են դաշինք չկազմել այլ կուսակցությունների հետ` մեկ շատ պարզ պատճառով. վստահ են, որ միայնակ հաղթահարելու են 5 տոկոսի շեմը, իսկ մնացած ընդդիմադիրների վրա թքած ունեն: Նրանց չի հետաքրքրում, թե «մնացած» կուսակցությունները, ճիշտ է, ի զորու չեն 5 տոկոս ձայն ստանալ, բայց ունեն ներուժ, որը ճիշտ կլիներ օգտագործել թեկուզ սեփական շահերի համար: Լավ, «մանր-մունր» կուսակցություններին օգնության ձեռք չեն մեկնում, թողնում են «բորդյուրին», գոնե միմյանց հետ դաշինք կազմեն: Բայց անչափ հավակնոտությունը դա էլ անհնարին է դարձնում: Դաշինքի ղեկավարի հարց պետք է լուծվի: Արտաշես Գեղամյանը և Ստեփան Դեմիրճյանը ունա՞կ են իրար «աթոռ զիջելու»: Նրանք «հանուն ժողովրդի շահերի» ոչ միայն աթոռ, այլև «տաբուրետկա» էլ իրար չեն զիջի, էլ ուր մնաց «բազկաթոռ», եթե հրաշքով հանկարծ գան իշխանության: Եթե ընդդիմադիրները վատ քողարկված մրցակցություն են ծավալել միմյանց միջև, եթե նախանձի, խանդի մթնոլորտ է տիրում նրանց ճամբարում, եթե էգոիստաբար չեն ցանկանում «քարշակի» դեր ստանձնել, մի քանի տասնյակ այլ ընդդիմադիր կուսակցությունների, ներառելով դաշինքի մեջ, «տանել» խորհրդարան, ապա ի՞նչ իրավունքով են խոսում հայրենիքի ու ժողովրդի շահերից: Ճշմարիտն ասած, այսպիսի թույլ ընդդիմության պարագայում իշխանությունները ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն իսկ չունեն: Որովհետև արդար ընտրություններով էլ կարող են մեծամասնություն ապահովել ապագա խորհրդարանում: Եթե, իհարկե, իշխանականները այնքան «խելքները չթռցնեն», որ հիմա էլ իրարից քվե փախցնելով «զբաղվեն»: Համենայնդեպս, ԲՀԿ համագումա րում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ներկայությունը «հուշում է», որ իշխանությունները և իշխանամետները բոլորովին մտադրություն չունեն ապագա ընտրություններում իրար տակ փորել: ՀՀԿ-ն ոչ միայն ինքնավստահ է, այլև խելամիտ` ԲՀԿ-ի նկատմամբ խանդը բացառելու և «խաղի կանոնները» չխախտելու համար: ԲՀԿ-ն էլ հասկացնել է տալիս, թե ԱԺ ընտրություններում երրորդ տեղը իրենց չի կարող բավարարել, բայց առաջին տեղը կորցնելը առանձնապես ձախողում չի համարելու: Այսինքն, ՀՀԿ-ի հնարավոր հաղթնակը թշնամաբար չի ընդունելու: Հանրագումարի բերելով վերոնշյալ իրողությունները` կարելի է արձանագրել, որ իշխանական ճամբարում առկա բոլոր կնճիռները, խոշոր հաշվով, հարթվելու առավել մեծ հավանականություն ունեն, ինչը չի կարելի ասել ընդդիմադիր ճամբարի մասին: Հենց այս իրողությունն էլ կանխորոշելու է ԱԺ ընտրությունների ելքը. իշխանությունների հեշտ հաղթանակ` առանց կոպիտ ընտրակեղծիքների:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ