Անխոնջ Սառա Փեյլինը


 

Նորից` նախընտրական կրքեր ԱՄՆ-ում, ու նորից դրանց մասնակցելու հավակնություններն է առաջադրում Ալյասկայի էքս-նահանգապետուհին: Ընտրովի պաշտոնների համար առաջիկա պայքարում իր մասնակցությունը Սառա Փեյլինը չի բացառել` Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում: 2008-ին նրա թեկնածությունը քվեարկվում էր Ջոն Մըկքեյնի հետ` որպես փոխնախագահ:

Նույն հեռուստազրույցում նա հայտարարել է, որ ուժերը ներածին չափ պատրաստ է օգնել հայրենիքին: Ու երկրի ներքաղաքական ներկա իրավիճակում նման հայտարարութ յունն ինտրիգային է ընկալվում, որովհետև հանրապետական ընդդիմությունը դժվարանում է կողմնորոշվել իր առաջադրելիք թեկնածուի հարցում: Կուսակցական վերնախավի նշանակալի մասը անվստահորեն է վերաբերվում և´ ընտրական մրցավազքի փուլում ձևական համարվող առաջնորդ Միտի Ռոմնիին, և´ նրա գլխավոր մրցակից Ռիկի Սանտորումին:

Հանրապետականների աջ թևի համար ժամանակին կուռք էր Փեյլինը` իր աչքի ընկնող արտաքինով ու ընդգծված պահպանողականությամբ: Այլ խնդիր է, որ նրա հանրահռ չակությունը փոքր-ինչ երկիմաստ էր, որովհետև էքս-նահանգապետուհին առանձնապես աչքի չէր ընկնում ներքին ու հատկապես արտաքին քաղաքական հարցերի իմացությամբ (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):