Նախագահ եմ ասել, է˜...


 

Ալ. Լուկաշենկոն հատուկ հանձնաժողով է ստեղծել` ստուգելու «Եվրատեսիլ-2012»-ի ազգային ընտրական փուլի արդյունքները և պարզելու, թե արդյո՞ք արդարացի է ընտրվել հաղթողը:

Անցյալ շաբաթ եզրափակված` բելառուսական «Եվրաֆեստ» նախագծի հաղթող Ալյոնա Լանսկայան մայիսին իրենց երկիրը ներկայացնելու է Բաքվում կայանալիք «Եվրատեսլիում»: Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են «Litesound» խումբն ու երգչուհի Գյունեշը: Արդյունքներն ամփոփելուց հետո ժյուրիի նախագահ Ալ. Տիխանովիչը խոստովանել է, որ ունկնդիրների քվեարկության արդյունքներն էապես տարբերվել են փորձագետների կարծիքներից: Եվ Ալյոնա Լանսկայան հաղթող է դարձել ոչ թե լավագույն կատարման համար, այլ այն պատճառով, որ շահել է ունկնդրի բարձր գնահատականը: Իսկ եվրոպական չափանիշներով` գերակա է ոչ թե մասնագետների, այլ հանդիսատեսի կարծիքը:

Բացի այդ, դեռ «Եվրաֆեստի» ավարտից առաջ Բելառուսում տեսակետներ էին շրջանառվում, որ Ալյոնայի հաղթանակը կանխորոշված է վարչական մեթոդներով: Մասնավորապես, հավաստիացվում էր, որ Վիտեբսկի մարզգործկոմի մշակույթի վարչությունը նամակ է ուղարկել տարածաշրջանային բաժիններ և միջնակարգ ուսհաստատությունների տնօրեններին` խնդրելով «հարազատների ու մտերիմների հետ» քվեարկել Ալյոնայի օգտին: