Հիսուսի գերեզմանը… Ճապոնիայո՞ւմ


 

Համենայնդեպս, ճապոնացիներն անվերապահորեն հավատում են յուրաքանչյուր քրիստոնյայի զարմանքն ու նաև արդարացված զայրույթը հարուցող այս «ճշմարտությանը»: Յուրաքանչյուր տարի Ծննդյան տոներին հազարավոր քրիստոնյա ճապոնացիներ այցելում են Շինգո ավանում գտնվող գերեզմանոց: Նրանք հավատում են, որ Հիսուսը չի խաչվել, ապրել է ճապոնական այս փոքրիկ քաղաքում և կյանքից հեռացել միայն 106 տարեկանում: Հիսուսի շիրիմի պահապաններն ըստ տեղի քրիստոնյաների` Տակենչուի և Սավագուչի տոհմերի ներկայացուցիչներն են եղել: Շուրջ 1.5 հազարամյակի պատմություն ունեցող ձեռագիրը հաստատում է, որ նրանք Հիսուսի հետնորդներն են: Չնայած ձեռագիրը բազմիցս արտագրվել է, իսկ վերջին տարբերակն ընդամենը երկդարյա պատմություն ունի: Եվ այսպես, անհավանական պատմությունը շարունակվում է: Իբր Հիսուս Քրիստոսը նախքան Երուսաղեմ գնալը ապրել է Շինգոյում, ապա մահապատժի ենթարկվելուց կարողացել է փախչել և ապաստան որոնել Արևելքում: Նախ հաստատվել է Ալյասկայում, ապա վերադարձել Ճապոնիա: Իսկ խաչին գամվել է նրա եղբայրը: Շուրջ 2000 տարի այս գերեզմանոցը ոչնչով չի առանձնացել, թերևս միայն «Հիսուս Քրիստոս, Տակենչուի տոհմի հիմնադիր» գրությամբ: 1935-ից միայն խաչ է դրվել: Մոտակայքում նաև թանգարան է գործում:

Հետաքրքրական է այն փաստը, որ այս տոհմերի ներկայացուցիչները քրիստոնյա չեն, այլ սինտոիստ, այսինքն` նրանց մեղադրել PR-ի մեջ, անհեթեթություն է: Նրանք պարզապես Հիսուսին համարում են տոհմի հիմնադիրը: Շինգոյում ապրում է ընդամենը 2 քրիստոնյա ընտանիք: Սակայն արդեն շուրջ 200 տարի այստեղ կենսունակ է նորածնին առաջին անգամ դուրս բերելիս ճակատին խաչ պատկերելու ավանդույթը: Յուրաքանչյուր տարի Շինգո է այցելում շուրջ 40 հազար հավատացյալ: Ճապոնիայում ապրում է 1.5 միլիոն քրիստոնյա: