ՀԱՅԱՑՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ


 

Պատմական գիտությունների թեկնածու Արտուշ Սանոսյանը երկար տարիներ ուսումնասիրել է Ջավախքի պատմությունը: Հրապարակախոս պատմաբանը մանկավարժ է, աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում. մի շարք աշխատությունների, ձեռնարկների հեղինակ է: Նրա գրքերը, հոդվածները թարգմանվել են ռուսերենով: Եվ քանի որ շուտով նշվելու է պատմական Ջավախքի (Ախալցխայի) ինքնապաշտպանության տարելիցը, զրույցը հիմնականում այդ թեմայի շուրջ է:

Հեշտ չէր թուրքական զորքի առաջխաղացման դեմ պայքարել

- 1917-18 թվերի Ջավախքի ինքնապաշտպանական կռիվների վերաբերյալ Դուք պատմական, գիտական ձեռնարկներ ունեք, որոնք փաստա-վավերագրական արժեք ունեցող աշխատություններ են, որոնք հանրամատչելի հետաքրքիր են այդ ռեգիոնների պատմական անցյալով, ներկայով հետաքրքրվողների համար:

- Հրատարակածս աշխատությունները վերաբերում են Ախալքալաքի, Ախալցխայի գավառների 1917-ի դեկտեմբերից մինչև 1918-ի հունիսն ընկած ժամանակաշրջանի ինքնապաշտպանական կռիվներին, որ մղում էին տեղի հայերն ու վրացիները` ընդդեմ Ախալցխայի և Ախալքալաքի գավառներում ապրող թուրքերի: Թուրքիայի դրդմամբ ու մասնակցութ յամբ` սրանք ուզում էին տեղահանել բնիկ քրիստոնյա բնակչությանն ու անխնա ոչնչացնել: Հայ Ջավախք համայնքը որքան զրկանքներ ու թշվառություն է կրել թուրք ոսոխի ձեռքում, նույնքան և հերոսական փառապանծ էջեր ունի: Ի վերջո, ծանրածանր էր թուրքական զորքի առաջխաղացման դեմ մարտնչելը:

- Անցած դարի առաջին տասնամյակի վերջում Ջավախքի ողջ տարածքում առավել շատ էին ինքնապաշտպանական կռիվները թուրքերի դեմ: Ի վերջո ո՞րն էր նրանց նպատակը` թալա՞նը, ավերո՞ւմը, տարածքին տիրանա՞լը...

- 1917 թ.-ի դեկտեմբերի 27-ին Ջավախքը ցնցվում է` լսելով, որ իրենք պաշարված են 15 հազար զինված տեղական թուրքերով: Ամենամեծ սարսափը քաղաքներինն էր, որովհետև նյութական ռեսուրսների պակաս կար այնտեղ: Բնականաբար, գյուղերն իրենց ասպետ տղերքի միջոցով նրանց օգնում էին` այն էլ կյանքի ու մահվան գնով... Պաշարման մասին Ախալցխայում տպագրվող «Շարժում» թերթը գրում է. «Խանութներն անմիջապես փակվեցին, բնակիչները խումբ-խումբ հավաքված փողոցներում` փորձում էին լուրը ճշտել` արդյո՞ք ճիշտ է, որ իրենք պաշարված են, և յուրաքանչյուրն ուզում էր նոր տեղեկություններ հավաքել: Պաշարումը, սակայն փաստ էր... »: Պաշարման իրողությունը պարզելուց հետո քաղաքի բնակիչներն անմիջապես կազմակերպեցին ինքնապաշտպանության գվարդիա` հմուտ, փորձված հրամանատարների ղեկավարությամբ դիրքեր գրավեցին քաղաքում և մոտակա ինչպես հայկական, այնպես և վրացական գյուղերում: Թուրքիայի առաջին քայլերից մեկը եղավ Ախալցխայի գավառի թրքությանը ոտքի հանելը` ընդդեմ տեղի վրացիների և հայերի:

Ինքնապաշտպանության դիրքերում կռվում էին զենք կրելու ընդունակ 16-18 տարեկան երիտասարդներն ու պատանիները: Հայրենասիրությամբ հետ չէին մնում նաև կանայք. շարունակում էին գործել դպրոցները:

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ