ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ


 

Տարբեր են լինում մարդկային ճակատագրերը: Ոմանք մինչև խոր ծերություն ապրում են երջանիկ` շրջապատված հարազատներով ու սիրելիներով: Ամեն բացվող օրվա հետ նրանք զգում են իրենց շրջապատողների հոգատարությունն ու ուշադրությունը` ծերության ձգվող օրերի մեջ կարևորելով լույսի ու ջերմության ներկայությունը: Նման ջերմության ու լույսի ներկայության կարոտն է ամեն օր զգում հանրապետության վաստակավոր արտիստուհի Ռաիսա ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, ով վաղուց արդեն իր հասցեն գրելիս չի օգտագործում փողոց ու բնակարան բառերը... Նրա հասցեն պարզ է ու... ողբերգական. Գյումրի, ծերերի տուն-ինտերնատ: Սև քարից կառուցված երկհարկանի մի շինություն է, որի տեսքն արդեն տխրություն է առաջացնում:

Այստեղ ապրում են ծերեր, հաշմանդամներ: Շենք մտնելիս արդեն սառնության հոտն է փչում` հասկացնել տալով, որ այստեղ ապրում են մենակ ու լքված, ճակատագրից ու մարդկանցից խռոված ծերեր, որոնցից շատերը թաքցնում են իրենց աչքերի մեջ կուտակված արցունքի կաթիլները: Նրանք երբեմն ժպտում են, ձև անում, թե երջանիկ են, թե ուրախ են, որ ապրում են այստեղ, ուր երբեմն-երբեմն պաշտոնատար անձինք ու պատգամավորներ են գալիս: Դպրոցականներ ու ուսանողներ են գալիս, երգում են, պարում, ուրախության ակնթարթներ նվիրում ու հեռանում` այստեղ բնակվողներին թողնելով իրենց հանապազակոծ տրամադրությունների և հույզերի հետ: Կան ծերեր, ում մոտ գալիս են նաև հարազատներ...

Իր փոքրիկ սենյակում է ապրում Ռաիսա Թովմասյանը` Գյումրու Աճեմյանի անվան թատրոնի նշանավոր դերասանուհիներից մեկը, ով ընդամենը 65 տարեկան է: Սակայն մենակությունից ու տխրությունից ծերացած տեսք ունի, հոգնած ու ցավով լի աչքեր: Մեկ տարուց ավելի ապրում է այստեղ: Եկել է սեփական որոշմամբ` այլևս անզոր լինելով թափառել մի տեղից մյուսը, տեսնել խաղընկերների արհամարհական հայացքները: Բաքվում է ծնվել Ռաիսա Թովմասյանը, ապա եկել է Երևան և ավարտել Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:

Իր համակուրսեցիներից շատերը` վաստակավոր արտիստներ Արա Մաթևոսյանը, Զավեն Աբրահամյանը, մյուսներն աշխատում են թատրոններում, նկարահանվում, իսկ ինքն իր վաղուց խաղացած դերերի մասին հիշողություններն է միայն երբեմն-երբեմն փորփրում ու տխրում: Ինստիտուտն ավարտելուց հետո Երվանդ Ղազանչյանի հետ եկել է Գյումրու թատրոն, այստեղ խաղացել հայ և համաշխարհային խաղացանկի շատ նշանավոր դերեր. Ռոզալիա` «Պատվի համար», Սոնյա Մարմելադովա` «Ոճիր և պատիժ», Կլեոպատրա` «Տիգրան Մեծ», Տամորա` «Տիտոս Անդրոնիկոս», իշխանուհի Աննա` «Ինկած բերդի իշխանուհին», Սոֆի` «Ատամնաբույժն արևելյան», Մարթա-Իզաբելա` «Ծառերը կանգնած են մահանում»…

Մոտ 60 գլխավոր դեր, որոնց մասին կերազեր ցանկացած դերասանուհի: Բեմ է բարձրացել Բաբկեն Ներսիսյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Գյումրու թատրոնի նշանավոր ավագների հետ, նկարահանվել մի քանի ֆիլմերում, 38 տարեկանում արժանացել վաստակավոր արտիստուհու կոչման: Երկրաշարժից հետո մնացել է անօթևան, եղբայրն ու քույրը կանչել են Մոսկվա, որտեղ նվիրել են մեկ սենյականոց բնակարան, սակայն`

- Առանց իմ քաղաքի չէի կարողանում ապրել: Գյումրին անընդհատ ձգում ու կանչում էր ինձ: Մոսկվայում, անգամ հարազատներիս մեջ` ես օտար էի ինձ զգում: Այստեղ իմ ընկերներն էին, իմ քաղաքն էր:

Վերադարձել է, ապրել տնակում, հետո նորից է Մոսկվա մեկնել, որովհետև վատթարացել է առողջական վիճակը: Մի կարճ շրջան բուժում ստանալուց հետո` վերադարձել է, ապրել վարձով բնակարաններում` անընդհատ երազելով, թե իրեն էլ բնակարանով կապահովեն:

- Ես սպորտսմեն չէի, աշխարհի չեմպիոն չէի, որ մի քանի բնակարան ու ավտոմեքենա նվիրեին: Դերասանուհի էի` սովորական վաստակավոր արտիստուհի,- ասում է Ռաիսան և թաքցնում հայացքը:

Նա հազիվ է խոսում, որովհետև կաթվածից հետո երբեմն խախտվում է խոսքը, դժվարությամբ է ընտրում բառերը… Մի քանի ամիս հանդիսացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, սակայն ամեն ինչ արել են, որպեսզի չկարողանա աշխատել, որպեսզի սրվի հիվանդությունը: Թատրոնում հրաժարվել են դերեր տալ` տեսնելով առողջական դրությունը: Ու աստիճանաբար հասկացել է, որ ինքն ավելորդ է, որ չի կարող ամեն օր թատրոն գալ ու տեսնել, թե ինչպես են իր նախկին սաները, ովքեր այսօր դերեր են խաղում` արհամարհանքով նայում իրեն: Ցանկանում էր, որ իրեն ներկայացնեն ժողովրդական արտիստի կոչման, քանի որ թատրոնում ամենաարժանավորն ինքն էր, սակայն նայեցին դեմքին ու… հասկացնել տվեցին, որ «գնացքը վաղուց գնացել է»: Վարձով վերցրած վերջին կացարանը մի կիսախարխուլ տնակ էր, որը գրեթե փլվում էր գլխին:

- Ես եկա ծերանոց, որտեղ մի քիչ ապահովված եմ ինձ զգում: Այստեղ առնետներ չկան, առաստաղը գլխիս չի փլվում, գիշերները չեմ վախենում մենակությունից…

Ռաիսա Թովմասյանին ոչ ոք չի այցելում, թատրոնում վաղուց մոռացել են նրա մասին, որևէ մեկը չի կամենում հանդիպել նրան, զրուցել: Սպասում էր, որ Ամանորին գոնե նախկին ուսանողները կհիշեին իր մասին, քանի որ ամեն Ամանորի ինքը սեղան էր բացել ու հրավիրել ուսանողներին, առանձին-առանձին շնորհավորել նրանց, նվերներ տվել:

- Ես գիտեմ, որ եթե Հակոբ Ղազանչյանն իմանա իմ մասին, անպայման կգա ինձ մոտ: Նա միակն է մնացել, ով բարեգութ վերաբերմունք ունի բոլորի հանդեպ: Ասեք Հակոբ Ղազանչյանին, որ իր այցելությունը ինձ նոր ուժ կտա,- հրաժեշտից առաջ ասում է Գյումրու թատրոնի նշանավոր դերասանուհիներից մեկը, ով այսօր ծերանոցում ապրող ու մոռացութ յան տրված անուն է լոկ…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ