ԽՈՆԱՐՀՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ


 

Ինչպես պարզվում է` «Ռուսգազարդ»-ն իջեցրել է գազի սակագինը Եվրամիության և Թուրքիայի համար: Եթե Եվրամիության դեպքում կարելի է փոքր-ինչ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը, ապա Թուրքիայի դեպքում ծնունդ են առնում մի շարք հարցականներ: Եվրամիության երկրները հատկապես վերջին տարիներին բողոքում էին, որ գազն օգտագործելով որպես քաղաքական գործոն` Ռուսաստանը որոշակի պատժամիջոցներ էր կիրառում Ուկրաինայի նկատմամբ և վնասում նաև Եվրամիության երկրներին:

Այսօր Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի սիրաշահի Եվրամիության երկրներին, նրանց մեջ ձեռք բերի համախոհներ: Ուստի` գազի սակագնի իջեցումը յուրատեսակ քաղաքական ռևերանս է, որը կարող է լուրջ «դիվիդենտներ» բերել ՌԴ-ին: Սակայն արտաքուստ անհասկանալի է թվում Թուրքիային մատակարարվող գազի սակագնի իջեցումը, քանզի Կրեմլը կարծես թե ընդգծված կախվածություն չունի Թուրքիայից, քիչ են մերձենում երկու երկրների շահերը: Սակայն հազիվ թե հենց այնպես Մոսկվան գնար նման զոհողության և խոնարհումի, եթե չունենար իրական շահեր: Իջեցնելով Թուրքիային մատակարարվող գազի սակագինը` Կրեմլը նպատակ ունի վնասել ադրբեջանական գազի արտահանմանը և Թուրքիան տարանցիկ ճանապարհ դարձնելով` թափանցել նաև Մերձավոր Արևելք` աստիճանաբար մեծացնելով արտահանումների աշխարհագրությունը: Արտահանումներին զուգահեռ` Ռուսաստանն արդեն այս երկրներում ևս գազը կօգտագործի որպես քաղաքական գործոն և ցանկացած պահի կթելադրի իր կամքը:

Ռուսաստան-Թուրքիա սիրախաղերը դիտարկվում են այլ ենթաշերտերում ևս, որոնցից ամենագլխավորը Թուրքիային որոշակիորեն ԱՄՆ-ից շեղելն ու դեպի Ռուսաստան բերելն է: Անկարան շատ կուրախանա Ռուսաստանի հետ սերտացող բարեկամությամբ, որովհետև այդ բարեկամությունը հնարավորություն կտա մոտենալու եվրոպական երկրներին:

Այս համատեքստում շարունակում է զարմացնել Ռուսաստանի գազային քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: Լինելով մեր ռազմավարական գործընկերը` Ռուսաստանն անընդհատ սպառնում է բարձրացնել գազի սակագինը` հիմա էլ ակնարկելով, որ առաջիկայում ևս հնարավոր են նոր թանկացումներ: Հայաստանը կերակրում ու պահում է ռուսական 108-րդ ռազմաբազան, մեր երկիրը միակ օազիսն է Ռուսաստանի համար և տարածաշրջանում միակ քրիստոնյա գործընկերը: Մինչդեռ պաշտոնական Մոսկվան շարունակում է կայսերապաշտական և մեծապետական քաղաքականությունը` այսպես հաստատելով այն միտքը, որ այս երկրի համար գոյություն չունեն ճշմարիտ ու քրիստոնեական արժեքներ:

Լ.Մ.