ԻՐԱՐ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ


Գնալով ավելի համառ են դառնում այն պնդումները, թե աշխարհի ու Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը, ով հիմա զբաղեցնում է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը, շուտով արժանիորեն կարող է դառնալ ՀՀ սպորտի նախարար: Իսկ նրա և Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն, այսպես ասած` բարեկամական չեն: Ավելի ճիշտ, ինչպես օրերս հայտարարեց Վարդանյանը` մինչև նախագահի խորհրդականի պաշտոնը ստանձնելը` ինքն ու Ծառուկյանը շատ ջերմ հարաբերություններ են ունեցել, համատեղ քննարկել են մի շարք հեռանկարային ծրագրեր: Սակայն հիմա Ծառուկյանն իր հարաբերությունները դարձրել է խիստ պաշտոնական: Թե ինչն է նման փոխակերպումի պատճառը` Յուրի Վարդանյանը չգիտի: Իհարկե, այնքան էլ հաճելի չէ, որ կենդանի լեգենդ աշխարհի չեմպիոնը և Օլիմպիական կոմիտեի նախագահը վատ հարաբերություններ ունեն: Մինչդեռ նրանց բարեկամությունից կարող էր շահել ազգային սպորտը, հատկապես ծանրամարտը, որին հիմա նոր ուժեր և նոր ղեկավարներ են հարկավոր: