«Հոգեբանական գրոհի» հերթական դրսևորումը


 

Անդրադառնալով Ադրբեջանի անցկացրած լայնածավալ զորավարժություններին` ռուսական լրատվամիջոցները մասնավորապես նշում են, որ այդ երկրի ղեկավարության` ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ հույսը Արևմուտքի կողմից Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների նախաձեռնումն է: Ըստ «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի, Ադրբեջանը իր տարածքը տրամադրելով ԱՄՆ-ին Իրանին հարվածելու համար` կարող է Նահանգների կողմից «քարտ բլանշ» ակնկալել` Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու:

Ալիևին նման հույս է ներշնչել նաև այն իրողությունը, որ ԱՄՆ-ը կտրուկ կրճատել է Հայաստանին տրամադրվող ռազմական ծախսերը: Սակայն, ըստ նույն ռադիոկայանի` ԱՄՆ-ը պատրաստ չէ այդպիսի սցենարի իրագործմանը: Հայաստանյան փորձագետների կարծիքով` ո´չ Ռուսաստանը, ո´չ Եվրոպան և նույնիսկ ԱՄՆ-ը թույլ չեն տա Հարավկովկասյան տարածաշրջանում պատերազմական գործողությունների վերսկսումը, քանզի դա չի բխում կողմերից և ոչ մեկի շահերից:

Ինչ վերաբերում է զորավարժություններին, ապա Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության վրա զուտ հոգեբանական ճնշում կիրառել: Իսկ «հոգեբանական ճնշումների» Ալիևյան մարտավարությունը, որ դրսևորվում է ռազմատենչ հայտարարություններով, մոլեգին սպառազինումով, զորահանդեսներով, իսկ այժմ էլ` զորավարժություններով, վաղուց «ապացուցել» է իր սնանկությունը: