Աշխարհը «պտտվում» է Սիրիայի շուրջ


 

Սիրիան շարունակում է մնալ աշխարհի թիվ 1 թեժ կետը: Խնդիրն այն է, որ ի տարբերություն «Արաբական գարնան» սուբյեկտ դարձած Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի և այլ երկրների, Սիրիայում ծավալվող իրադարձությունները կարող են միջազգային հարաբերություններում ծայրահեղ լարվածություն առաջացնել. մի կողմից` Արևմուտքի, մյուս կողմից` Ռուսաստանի ու Չինաստանի միջև: Միջազգային ճգնաժամի խորացման լրացուցիչ խթան կարող են հանդիսանալ Իրանի, Թուրքիայի, Իսրայելի ներգրավումը հակամարտությանը: Մի խոսքով Սիրիայում իրադարձությունների զարգացումներն ունեն նաև աշխարհաքաղաքական էական նշանակություն` հղի ամենավտանգավոր հետևանքներով:

Վերջին մեկ-երկու օրերի ընթացքում թեպետ էական փոփոխություններ չկան` լարվածությունը շարունակվում է, այնուամենայնիվ` արևմտյան և ռուսական աղբյուրների փոքր-ինչ հակասական տեղեկատվությունները համադրելով, կարելի է ենթադրել, որ չնչին դրական տեղաշարժեր առկա են: Մասնավորապես արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ Սպիտակ տանը քննարկվել է Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցը: Սակայն ամերիկյան որոշ պետական քաղաքական գործիչներ դեմ են արտահայտվել` շեշտելով, որ դա կարող է խիստ վտանգավոր լինել` ԱՄՆ-ը ներքաշելով ռազմական գործողությունների մեջ: Պաշտոնական Վաշինգտոնը կարծես ձեռնպահ է մնում անմիջական ռազմական միջամտություն ցուցաբերելու իր նախկին սպառնալից հայտարարություններից: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդագրությամբ` Կահիրեում գտնվող սենատորներ Ջոն Մակքեյնը և Լինսի Գրեմը հայտարարություն են արել, որ ԱՄՆ ընդդիմադիրներին պետք է զենք մատակարարել երրորդ երկրների միջոցով: Ամերիկյան կողմը չի թաքցնում, որ Սիրիայի վարչակազմի տապալումը կնպաստի նաև Իրանի թուլացմանը: Հիշեցնենք, որ հավաստի տեղեկություններով` Սիրիայում տեղակայված է 15 հազարանոց երկու իրանական դիվիզիա: Հավելենք, որ հենց դրանով է հիմնականում պայմանավորված Ասադին ամեն գնով գահընկեց անելու ԱՄՆ մարտավարությունը:

Ռուսական լրատվամիջոցները` ի տարբերություն Արևմտյանի, հայտնում են, որ Սիրիայում լարվածության թուլացում է նկատվում: Մասնավորապես Դամասկոսում, ռազմական բախումներ այլևս չկան, և կյանքը ընթանում է բնականոն հունով:

Ի դեպ, Դամասկոս է մեկնել Չինաստանի արտգործնախարարը և բանակցություններ վարել Բաշար Ասադի հետ: Նա խոստացել է աջակցել Սահմանադրական հանրաքվեի անցկացմանը և երկրում խաղաղության հաստատմանը: Ինչպես նկատում ենք` աշխարհը «պտտվում» է Սիրիայի շուրջ, ինչն առավել քան հասկանալի է: