ՀՆՉԱԿՅԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ


 

Հնչակյանների «բազմանդամ» ընտանիքում նորից է կռիվ ընկել: Դեռ երկու տարի առաջ հրապարակային դարձած վեճը պարզվում է` չէր էլ դադարել. քաղաքական տերմինաբանությամբ` այն ժամանակավորապես սառեցվել էր: Միևնույն է, եթե կուսակցություն կոչելու իրավական պայմանանիշ-պիտույքները` դրոշը, կնիքը, փաստաթղթերը, գտնվում են տարբեր մարդկանց մոտ, ու նրանցից ամեն մեկը հայտարարում է, թե մյուս բոլորն ինքնակոչներ են, ապա ամեն ինչ կամ միավորմամբ կարող է ավարտվել, կամ հակամարտությունը նոր ու կատաղի փուլ մղել:

Հնչակ ատենապետուհու` Վլադիմիր Պուտինին սատարող հայտարարությունը միգուցե առիթ դարձավ, որպեսզի կուսակցության մյուս թևերը արձանագրեին, որ իրենք էլ ատենապետուհուց ոչնչով պակաս չեն, ու իրենք էլ իրենց հերթին կարող են չկրկնվելու համար, ասենք, Զյուգանովին սատարել: Քաղաքականությունն էլ մի յուրօրինակ բումերանգ է. կարող է մի օր առիթը ներկայանա, ու Պուտինը կամ Զյուգանովն էլ հնչակներին սատարեն: Ի՞նչ իմանաս...

Երբ դեռ նոր-նոր էր հնչակյանների կռիվը թեժանում, նրանց մի կեսը մյուսին ՀԱԿ-ի կամակատար-կցորդ էր համարում, մյուսներն էլ նրանց` հանուն կերակրատաշտի պայքարող ներ: Աշխարհի հնչակյանների առաջնորդը մի շրջան կրավորական դիրքորոշում ուներ և «զարմանալիորեն» անտարբեր էր աչքի առաջ քայքայվող առանց այդ էլ փոքր կուսակցության հանդեպ: Հետո պարզվեց, որ Սեդրակ Աճեմյանին ոչ այնքան կուսակցությունն է հետաքրքրում, այլ ավելի շատ` Հանքավանում կառուցվող հյուրանոցային համալիրի շինարարության բարեհաջող ընթացքը:

Ի վերջո, ո՞ր սփյուռքահայը չի երազում հայրենի բնության գողտրիկ վայրերից մեկում բիզնես հիմնել: Մանավանդ` ըստ տեղեկությունների` Ս. Աճեմյանը կանխավ երաշխիքներ է ստացել, որ իրեն պատկանող համալիրն առավելապես հեռու կմնա ստուգող կազմակերպությունների տեսադաշտից: Իսկ երբեմն-երբեմն Հայաստան գալն արդեն երկու «ծանրակշիռ» պատճառ կունենա. կուսակցական գործերին ու հատկապես բիզնեսին տիրություն անել է պետք:

Ու մինչ թվում էր, թե հնչակները թևերի բաժանված ու պառակտված մնալու կարգավիճակին էլ են հարմարվել, կռիվը հանկարծ էլի թեժացավ: Թե այդ ամենը որքանո՞վ է կապված առաջիկա ընտրությունների հետ` կողմերը դեռևս չեն բացահայտում: Համենայն դեպս, թևերից ոչ մեկին մեղադրել չի կարելի ընտրություններին մասնակցելու հավակնությունների համար: Այնպես է ստացվել, որ ով ցանկանում, առաջադրվում ու մասնակցում է ընտրություններին, իսկ 124-ամյա կուսակցությունը կամ, ավելի ճիշտ, նրա անհաշտ զավակները նույնպես ընտրապայքարում ներգրավվելու իրավունքն ունեն: Պարզապես, երբ ընտրական նշաձողն Արարատ լեռան նման բարձր ու անհաղթահարելի է, միավորվել է պետք, կամ էլ կարելի է վարվել այնպես, ինչպես ժամանակին մեկ այլ հնչակյան վարվեց` կուսակցության անունը չփոխելով և մտնելով մեկ այլ կուսակցության համամասնական ցուցակ: Եվ իրոք, միավորվել չկարողացող մյուս հնչակյանները նույնպես գոնե մարդ-կուսակցություն պիտակից խուսափելու համար լռելյայն կարող էին փորձված ճանապարհով գնալ` ըստ նախասիրությունների ընդգրկվելով իշխանական և ընդդիմադիր կուսակցություների ցուցակներում: Այդ դեպքում հավակնությունների համար նրանք միմյանց դեմ չէին ելնի ու ներքին կռիվն աշխարհով մեկ չէին անի: