ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ


 

Հայաստանում սպառողների շահերի պաշտպանությունը գտնվում է ողբալի վիճակում: Անտարակույս, գործում են մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք կոչված են պաշտպանելու սպառողների շահերը, նպաստելու սպասարկող-սպառող հարաբերությունների կարգավորմանը: Սակայն, ըստ էության, այդ կազմակերպություններն իրենց «գրանտներն» ու «աչքալուսանքներն» են ստանում և ապրում գոհ ու երջանիկ` երբևէ չմտածելով, որ մեր երկրում ամենաանպաշտպանը սպառողն է, այն քաղաքացին, ով հայտնվում է ծառայություններ մատուցող տարբեր կառույցների խարդավանքների և խարդախությունների ցանցի մեջ` չկարողանալով հասնել ճշմարտության, իր հանդեպ հարգանքի դրսևորման: Ողջ աշխարհում ծառայություն մատուցողներն իրենք են բախում սպառողների դռները, ձգտում լինել չափազանց բարեկիրթ և պատրաստակամ: Մինչդեռ Հայաստանում այդ կառույցները վերածվում են դատախազությունների, վճիռներ կայացնում, պաշտպանում միայն իրենց շահերն ու եկամուտներ կորզելու իրավունքները` այսպես արհամարհելով նրանց, ում ծառայելու գործառույթով են տեղ զբաղեցրել գործարար դաշտում: