«Մարգարիտները մնում են հատակին` սա° է մեր


1. «Ամպլուա ասվածը չպետք է գոյություն ունենա դերասանի համար» - Վեց տասնամյակ առաջ էր, երբ Մհեր Մկրտչյանի հետ միաժամանակ ընդունվեցիք Լենինականի դրամատիկական թատրոն: Սաշա Բոնդարենկոյի (Ֆադեև, «Երիտասարդ գվարդիա») «աղջիկնե°ր, շուշա¯ն...» արտահայտության կերպարային անսպասելի արտաբերմամբ գրավեցիք գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Աբարյանի ուշադրությունը և ձեռք բերեցիք պրոֆեսիոնալ բեմի վրա հաստատվելու իրավունք: Բարենպաստ միջավայրում Ձեր բնատուր օժտվածությունը դերից դեր հղկվեց տաղանդավոր խաղընկերների բարի կամքով` վստահություն ներշնչելով վարպետ բեմադրիչներին: Գորկու «Թշնամիներ»-ում (Նադյա) գտաք Ձեր «բեմական մորը»` Ժաննա Թովմասյանին (Տանյա): Մինկոյի «Առանց անուններ տալու» (Պոեմա) պիեսով` Ձեր բեմադրիչին` Գրիգոր Մկրտչյանին: Գ. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ»-ը (Մարգո) 1958-ի վերջերին նշանավորեց Ձեր դեբյուտը Մայր թատրոնում... Ճակատագրի բերումով քանիցս Մարգարիտ (Շիրվանզադե, «Պատվի համար») խաղացիք` 56-ին նկարահանված ֆիլմի շնորհիվ մշտապես անբաժան մնալով այդ կերպարից: Հեռուստաթատրոնի «երանելի երկուշաբթիների» հուշը փայփայող թատերասերները չեն մոռացել Ձեր Փեփրոն հանըմին («Միջնորդ տեր պապա»), միսիս Սևիջին («Տարօրինակ միսիս Սևիջը»), տիկին Սաթենին («Թաղականին կնիկը»)... Ժողովրդի համար Դուք արդի հայ թատրոնի կենդանի լեգենդն եք, երևելի արտիստական «դպրոցի», ավաղ, վերջին ուժգին լույսը («աստղը» կասեի, բայց այդ բառն այսօր, վերագրվելով արդի մշակութային դաշտը գրոհած լուսատիտիկների խառնամբոխին, իմաստափոխվելու չափ արժեզրկվել է): - Դերասանական արվեստի գաղտնիքներին կարողացել եմ տիրապետել հենց բեմի վրա, Մեծերի շնորհիվ, նրանց կողքին: Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, իմ պաշտելի Օլգա Գուլազյանի... 86 տարեկան էր Օլգա Գուլազյանը, երբ խաղաց իր լավագույն դերերից մեկը` Տատիկը, Բրոուդիի «Ամրոցը» պիեսում, որտեղ ես Սյուզի էի խաղում, այդ դաժան մարդու աղջիկը: Այժմ մոռացության է մատնվում մեծանուն դերասանուհիների` Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Արուս Ասրյանի, Սիրանույշի, Ազնիվ Հրաչյայի և մյուսների ծանրակշիռ վաստակը... - Դաժան է բեմի վարպետներիդ ճակատագիրը` ինքնատիպ հիպնոսով արժանանալ բազմաշերտ հանդիսատեսի համընդհանուր պաշտամունքին և սոսկ պատմամշակութային արժեք դառնալ ձեր կենդանի արվեստին հաղորդակցվելու գերագույն հաճույքից զրկված հետագա սերունդների համար, մանավանդ, մի հանցավոր անփութությամբ գրեթե չեն պահպանվում կցկտուր տեսանյութերը... - Երբեմն հարցում են. «Ոմանք բնության անողոք օրենքով հեռացան թատրոնից, ոմանք էլ լքեցին-գնացին: Ի՞նչն է քե°զ պահում»: Երբ բարձրանում եմ զարդասենյակս Մեծերի ոտնահետքերից մաշված նույն սանդուղքներով, աչքիս առաջ են նրանց ստվերները... Բեմում էլ եմ զգում նրանց շունչը: Ես ընդունում եմ նրանց հոգևոր ժառանգությունը, պա°րտք եմ զգում` ինչ-որ չափով պահպանել ու հարստացնել ստացածս ժառանգությունը: Այս առումով ինձ բախտավոր ու երջանիկ եմ համարում ներկայիս դերասանական սերնդից: - Բազմաթիվ, երբեմն իրարից ծայրահեղորեն տարբեր կերպարներ եք կերտել` դրամատիկական, ողբերգական, կատակերգական-գրոտեսկային... Դեզդեմոնա («Օթելլո»), Պոլինա («Եկամտաբեր պաշտոն»), Թերեզ («Ժայռ»), Հուդիթ («Ուրիել Ակոստա»), Էլիզաբեթ («Սալեմի վհուկները»), Կեկել («Պեպո»), Անույշ («Պաղտասար աղբար»), Վիրջինիա («Շաբաթ, կիրակի, երկուշաբթի»)... Բոլորն էլ, անշուշտ, Ձեր հարազատ զավակներն են: Այնուամենայնիվ, ինքնաքննադատական հետադարձ գնահատությամբ, որո՞նք են ավելի խորը հետագիծ թողել: - Ինչ որ անբացատրելի գերբնական ուժ է մտնում ներաշխարհդ` վերափոխելով քեզ մեկ ուրիշ մարդու: Օժտվածությո՞ւն է: Աստծուց տրված շնո՞րհ: Ուրիշ հանգամանք էլ կա` կյանքի դիտողունակությունը: Ամպլուա ասվածը չպետք է գոյություն ունենա դերասանի համար: Նա ամեն տեսակ դեր պետք է խաղա, որպեսզի հարստանա երանգապնակը: Պիտի կարողանա կշռադատել կյանքի երևույթները, անընդհատ երկխոսություն ունենա ինքն իր հետ: Այո, մենք ծննդաբերում ենք խաղացած դերերը: Եվ չգիտենք` ի՞նչ է լինելու այդ երեխան: Որպես մայր ես ավելի գուրգուրում եմ հիվանդոտ դերերս: Եթե որևէ արվեստագետ ասի, թե իր բոլոր գործերը նույնքան հաջողված են, չհավատաք: Իսկական արվեստագետը` դերասան, նկարիչ, թե երաժիշտ, թողնենք տաղանդը մի կողմ, գլուխգործոցներ քիչ է ունենում: Գոնե ինձ մոտ այդպես է: Երկու հարյուրից ավելի դերեր եմ խաղացել բեմի վրա, հեռուստաթատրոնում, կինոյում, ռադիոյում: Կատարյալը այն դերակատարումն է, որով դու սպառում ես հանդիսատեսի երևակայությունը, որում քեզ տեսնելով` նա չի դնում մեկ ուրիշին քո կողքին: Դերերիցս մեկի մասին գրել էին. «Իրեն և դերի միջև ասեղ չի անցնում»: Դա հրաշք է, որին երբեմն ես կարողանում հասնել: Ինչպես իմ Ջոնին (Վ. Սարոյան, «Իմ սիրտը լեռներում է») հասավ` Պարույր Սևակի, Փափազյանի գնահատմամբ: Վերջերս խաղացի Շնորհիկ` Արման Վարդանյանի «Ախացել»-ում... - Համամիտ եմ բեմադրության հեղինակ Վահե Շահվերդյանին, Ձեր Շնորհիկը արտիստական վարպետության կենդանի դասագիրք է նոր սերնդի համար: Ինքս մտադիր եմ ավելի հիմնավոր արտահայտվել: Վերջին տարիներին տեսածս դերակատարումներից իմ մեջ տպավորվել են Ձեր Իշխանուհին («Հին աստվածներ») և Տատիկը («Ծառերը կանգնած են մահանում»)` լավագույնը իմ տեսածներից` իրական կյանքից ներծծված դրամատիզմով, գունագեղ թատերայնությամբ... - Ես միայն Շնորհիկն եմ տեսնում` յուղաներկ կտավ է: Շնորհիկը դրվում է Ջոնիի կողքին... 2. «Ազատությունն ալ լավ բան չէ, շատը զինքը կփչացնե» - Արդի հայ թատրոնի Ձեր գնահատականը` արվեստի առումով, խմորումների, լճացման կամ ծաղկման... - Մշակույթի մեջ թատրոնը պետության, այդ մեծ շղթայի, օղակներից մեկն է: Եթե երկրի վիճակը լավ լինի, թատրոնն էլ լավ կլինի: Ամենայն լրջությամբ պետք է մտահոգվենք, որ մեր մշակույթն այսօր մեկ այլ ուղղությամբ է գնում` խոշոր պլանով վերցրած: Նրա մեջ մտնում է ռաբիսը: Հեռուստատեսային շոու կոչեցյալները նույնպես մշակույթ են կոչվում: Երգարվեստում նորահայտ «աստղերը»` մշակույթ... Ջուրը, որ պղտորվում է, տաշեղները մակերես են ելնում, մարգարիտները մնում են հատակին: Սա° է մեր այսօրվա մշակույթը: - Անկախ այդ ամենից, թատերարվեստը կենսունակ է: Բեմի նվիրյալների արածը հերոսություն եմ համարում` գրոշներով աշխատել, առտնին հոգսերը թաքցնելով բեմ բարձրանալ և հնարամտորեն ապահովագրել ներկայացումը հեռախոսային «կրակահերթից»... - Ի՞նչ կարելի է անել: Նախևառաջ` փոխել ճաշակը, որովհետև երկրի հենարանը բարձր մշակույթն է: Չեմ ասում` ոչնչացրեք ռաբիսը: Ամեն երկիր ռաբիս ունի: Բայց մի° տվեք նրան գերիշխող դեր: Ժամանակին ամեն ասպարեզում իշխողը իսկական արվեստն էր, տիտաններ կային: Հենց դա էր բարձրացնում երիտասարդների գեղագիտական ճաշակը: Այսօրվա երիտասարդները ի՞նչ հավատամքով պետք է ստեղծեն իրենց մարդկային հատկանիշները: Նրանց հոգին այդ շոուներով երբե°ք չի հարստանա: Խոշոր շրջադարձ է պետք: Հեղաշրջում: Պետականորեն, «վերևներից»: «Ազատությունն ալ լավ բան չէ,- ասում է իմ ՇՆորհիկը,- շատը զինքը կփչացնե»: Պետությունը, նախ, պետք է սահմանափակի մասնավոր հեռուստակայանների ազատությունը: Խիստ վերահսկողության տակ պետք է պահի պաշտոնական հռուստաալիքը` Հ1-ը, որն ի°նքը պետք է ճաշակ թելադրի, մինչդեռ գնում է մյուսների հետևից: Գումարը տալով` պետությունը պետք է պահանջի` ցուցադրել ու այդպիսով պրոպագանդել միայն բարձր արվեստ` երաժշտություն, ֆիլմեր, ներկայացումներ, մանկական, գիտական ծրագրեր... Հեռուստադիտողը, շարունակելով նայել մյուսների ռաբիսը, ի վերջո կհասկանա` սա° է իր երկրի մշակութային քաղաքականությունը: Բայց պետությունն էլ, կարծես, անտարբեր է: «7,5» կոչվածները արվեստի գագաթներ են դարձել: Միմոսությո°ւն է դա: Նայեցի գովազդը... Եթե որևէ լուրջ արվեստագետ մոտենա նրանց հովանավորներին հեռուստաթատրոնի բարի ավանդույթը վերականգնելու առաջարկությամբ, կօժանդակե՞ն: Հազիվ թե: Նրանք գնում են ժողովրդի այսօրվա ճաշակի՞ հետևից, «Վերվարածները» կամ «Բլեֆ» հաղորդո՞ւմը ֆինանսավորում... - Երբ հերթը հասնում է որևէ խաղացանկային թատրոնում լուրջ ներկայացում նայելու համար վճարել հազարից երկու հազար դրամ, շատերը տրտնջում են, հիշում հացի մասին, տրանսպորտի, կոմունալ վճարումների... - Յոթ հազար արժե «7,5»-ի տոմսը... Նրանք սիմֆոնիկ երաժշտության համերգների էլ չեն գնում... - Ոմանք ժամանակին գնացել են, երաժշտական կրթություն ունեն, հատորներով դասականներ են կարդացել... - Մթնոլո°րտը մշակութային չէ: Մթնոլո°րտը պետք է փոխել: Որտեղի՞ց սկսել` հեռուստատեսությունից, դպրոցից... - Աբոնեմենտային համակա՞րգը նկատի ունեք: - Այո, 12-13 տարեկան երեխան սիմֆոնիկ երաժշտություն էր լսում, մանկապատանեկան ներկայացումներ դիտում: Եվ Սունդուկյանի անվան թատրոն էր գալիս հասունացած: Մենք նրա հետ նույնիսկ հաշվի էինք նստում: Այսօր չկա° ակնածանքը թատրոնի նկատմամբ: Նրանք մեղք չունեն: Կարծում են, թե իսկական արվեստն այն է, ինչ իրենց մատուցում է ռաբիսը: Մանավանդ` չեն էլ կարդում: Դպրոցից սկսվում է երեխայի քաղքենիացումը: Հագուկապից: Ես կողմնակից եմ համազգեստին. գոնե դպրոցում չպետք է երևա աղքատ ու հարուստ երեխա, որպեսզի ուսուցիչն էլ իրեն լավ զգա այդ լրջության ու միապաղաղության մեջ, պատասխանատու` նրանց բոլորի կրթության ու դաստիարակության համար: Թողնե°նք ընտանիքները: Երեխան դպրոցի°ց է մարդանում: Բարձրակարգ կրթություն, ճիշտ դաստիարակություն ստացած երեխան կձգտի իսկակա°ն արվեստին: Երկրին պետքական մարդ կդառնա իր գաղափարով: Այնուհետև խորհրդարանում անսխալ կխոսի մայրենի լեզվով: 3. «Ազգային թատրոնը պետք է ունենա հստակ խաղացանկային քաղաքականություն» - Խոսենք դեռևս չկամությամբ շրջապատված Մայր թատրոնի այսօրվա մասին: - Արդեն 10 տարի է` թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար` Վահե Շահվերդյանը: Երբ նա եկավ, թատրոնը թալանված էր, կիսավեր, անտեր: Շատ դժվար էր սկսելը: Մի քանի հին սունդուկյանցիներ թև ու թիկունք դարձանք: Ինքը դրսից նոր ուժեր բերեց, Վանաձորից... - Ընդամենը երեք, թե չորս դերասան... - Բայց շատ կարևոր` գլխավոր դերակատարներ: Միաբանվեցինք: Տիգրանն ու Նելլին եկան, ովքեր այսօր շատ բեմական հերոս-հերոսուհի են: Թբիլիսիից եկան: Նորավարտ ներ` ինստիտուտից... Ինստիտուտը լավ կադրեր չի տալիս: Չի կարողանում հարստացնել ուսանողների հոգին, չի հղկում մարմինը, խոսքի ապարատը: Շատերի խոսքը տեղ չի հասնում, մինչդեռ խոսքը միտք ունի, բառը միտք ունի, տառն անգամ: Ոմանք էլ հասկանում են, բայց հասկացնել չեն կարողանում... - Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, եթե ամեն թատրոն ունենար իր ստուդիան, գործող ստեղծագործական ընտանիքում աճեցներ նոր ուժեր, հերթափոխ: Ընտրություն անելիս անպայման խստագույնս հաշվի առներ հայտ ներկայացնողների բնատուր բազմակողմանի օժտվածությունը, մտավոր ու ֆիզիկական բացառիկ, բեմական արժանիքները... - Հիանալի կլիներ, բայց դրա համար էլ փող է հարկավոր: Պետության հատուկ աջակցությունն իր ազգային թատրոնին, որը պետք է ունենա հստակ խաղացանկային քաղաքականություն վարելու հզոր լծակներ, ստիպված չլինի ձեռնարկել դրանից շեղող առաջարկություններին, ինչ է թե` հովանավորի հարցը լուծված է: - Մայր թատրոնը, փառք Աստծո, այսօր անխափան գործող համակարգ է, բարենորոգված: Կարևորը` վերագտնում է իր հանդիսատեսին: Հարկ է, որ վերջին տասնամյակի ձեռքբերումները պահպանվեն ու խորացվեն: Նաև` բարոյահոգեբանական ազդեցիկ խթաններով, որոնց թվում կարևորում եմ բարձրաստիճան պետական պաշտոնյաների ներկայությունը թատերասրահում: Գոնե հիմա, երբ նոր հուսադրող ուժեր են երևում... - Շահվերդյանը գիտի դերասանի հետ աշխատել, լսել նրան, հաշվի առնել, սիրել ու մեծարել... Շատ չեմ խաղացել այս տարիներին: Ինքն էլ է զարմանում: Ընդամենը երեք դեր, որոնք ինձ համար ստեղծագործական սքանչելի վայրկյաններ են եղել: Ազատորեն կարողացել եմ նրա հետ միասին կենդանացնել գեղեցիկ կերպարներ: Ընդունում եմ նրա գեղագիտությունը: Հավատում եմ մեր միասնական արարման նոր հրաշքին: - Արվեստը այսօր թողնված է անհատ նվիրյալների հույսին: Տեսեք, Շահվերդյանը մեծագույն տքնանքով վերաշինեց Մայր թատրոնի ստեղծագործական փլուզված ընտանիքը, բայց ճգնաժամի մեջ հայտնվեց Վանաձորի թատրոնը: Մի՞թե չէր կարելի խնամքով պահպանել արդեն բնականոն աշխատող մեխանիզմը: - Որովհետև օրենք չկա մշակույթի մասին: Եթե թատրոնի լինել-չլինելը որոշվելու է դրամարկղային հասույթով, վա°յ մեզ: Ինչպե՞ս կարող է հոգևոր արժեքը գնահատվել դրամով: Ինչպե՞ս կարելի է չգիտակցել, որ մշակույթը գաղափարական անփոխարինելի ներգործություն ունի ողջ հասարակության վրա: Հարկավոր է կասեցնե°լ ամեն տեսակ դրսևորումը օտարամոլության, պատժե°լ գործող օրենքով: Հոգևոր բարձրորակ սնունդով աճեցված սերունդը միայն կարող է հուսալի հիմքը լինել իր երկրի, ազգի, հայրենիքի: