Պատգամավորության թեկնածուն


- Ասում են` Արիստոտելը էրոտիկ վայելքներից ստացած հաճույքը անվանել է դրախտային սրսուռներ: Դուք կունենաք նույն սրսուռները, եթե վայելեք մեր Քյավառա սրսուռ կորտոլը: «Քյավառա սրսուռ կորտո°լ, դրախտային սրսուռներ»: Չէ°, չկարծեք, թե սկսել եմ գովազդային հոլովակների համար տեքստեր հորինել: Սա Մալաթիայի շուկայում քյավառա Նխշուն գյուղից նազելի օրիորդ Զեմֆիրայի (ներկայումս` Զեմֆիռա Կիրակոսովնա) ապրանքի գովազդն է` գեղեցիկ պաստառով փակցված կարտոֆիլի պարկերի վերևում: Թե ինչու էին նրան շուկայում նազելի օրիորդ անվանում, ոչ ոք չգիտեր, հատկապես, որ խիստ վիճարկելի էր նրա անվան մեջ եղած «նազելի» դրույթը: Բայց որ օրիորդ էր, դա փաստ էր, որովհետև ֆիզիոլոգիական իր այդ կարգավիճակը նա պաշտպանում էր հնարավոր բոլոր միջոցներով: Մի անգամ, գնորդներից մեկը, մոտ 20-25 տարեկան երիտասարդ, հարբած-վիճակում, հայհոյանքներով հարձակվել է Զեմֆիրայի վրա` - Չես ամաչո՞ւմ, քո երեխայի տարիքին եմ: Ինչո՞ւ ես խաբում հինգ կիլոգրամի փոխարեն չորս կիլոգրամ կարտոֆիլ ես կշռում: Նազելի օրիորդը բռունցքի մի հարվածով գետին է տապալել լկտիին, ասելով. - Ես օրիորդ եմ, ամոթխած: Եթե կասկածողներ կան, կարող եմ ապացուցել: Հա°, այդպես էլ ասել է: Այդ օրվանից էլ կասկածողներ չեն եղել, բայց մեր խոսքն այդ մասին չէ: Այլ այն մասին, որ նա այսօր արդեն Զեմֆիռա Կիրակոսովնա է` պատգամավո րության թեկնածու: Սակայն ամեն ինչ` հերթով: Նրա գլխապտույտ հաջողությունները սկսվեցին մոտ մեկ տարի առաջ: Մի օր, ամենասովորական մի օր, իր գովազդային պաստառի տակ կանգնած առևտուր անելիս, Զեմֆիրային են մոտենում երկու հոգի և գնում տասը կիլոգրամ կարտոֆիլ` բացատրելով. - Քանի որ մեր «Կուտակվենք իրար գլխի» կուսակցությունը իր ծրագրային հիմնադրույթներում ունի «Օգնենք Երկրագործին և Կանանց» կարգախոսը, մենք պտտվում ենք շուկաներում և նրանցից գնում իրենց աճեցրած բերքը: Հաջորդ օրը նույն մարդիկ նորից եկան, նորից գնեցին, այս անգամ ասելով. - Մենք կարտոֆիլ միշտ քեզանից կգնենք, եթե դու բերես քո անձնագիրը և դառնաս մեր կուսակցության անդամ: Առաջարկը շատ դուր եկավ մեր հերոսուհուն և հենց հաջորդ օրը նա դարձավ «Կուտակվելու» գաղափարախոսության ակտիվ կրող: Հաջորդ օրը նրան են մոտենում «Միավորվենք Առանց Կուտակումների» կուսակցության ներկայացուցիչները և առաջարկում բառացի նույն բանը: Նազելի օրիորդը նրանց բացատրում է, որ իրենք գաղափարական անհաշտ հակառակորդներ են, որ ինքը գտնվում է հակոտնյա կուսակցության շարքերում: Սրանք պնդում են, թե դա կապ չունի: - Կարևորը` քո կարտոշկեն շատ ծախվի, իսկ մենք շատ «պաչպռոշտներ» հավաքենք: Այսպես Զեմֆիրան ստանում է երկրորդ կուստոմսը: Բայց քանի ընտրությունները մոտենում էին, այնքան կուսակցությունները շատանում էին: Գալիս էին «Բազմանալով Հզորանանք»-ից, «Հետընթաց Ժամանակներից», «Նոր Ժխորներից», «Հայասերների Հատուկ Դաշինք»-ից և այլն: Ով գալիս էր կարտոֆիլ առնում, «պաչպռոշտ» էր ուզում: Սա էլ ոչ մեկին չէր մերժում: Արդեն անձնագիրը միշտ մոտն էր պահում: Ով մոտենում էր նախ փաստաթուղթն էր մեկնում ու մինչ կհասցնեին լրացնել տվյալները` օրիորդը հասցնում էր կարտոֆիլը թերակշռել: Մի օր էլ մոտեցավ «Զհարուզխկում Ադրբեջանին ու Թուրքիային» կուսակցության ներկայացուցիչը և առաջարկեց գնել Նխշուն գյուղի բոլոր գյուղացիներից տասնական կիլոգրամ կարտոֆիլ, եթե սրանք համաձայնեն դառնալ իրենց կուսակից: Հաջորդ օրն ամբողջ գյուղը դարձավ «Զհարուզխկումի» անդամ: Մյուս օրը` «Հետընթաց Ժամանակների», հաջորդ օրը` «Հայասերների Հատուկ Դաշինքի» և այսպես շարունակ: Զեմֆիրան դադարեց սովորական մարդկանց հետ տալ-առնելուց և սպասարկում էր միայն գաղափարական ճակատի ներկայացուցիչներին: Իսկ առևտուրը ծաղկում էր: Բիրիքով առնում էր կարտոֆիլը, հավաքում անձնագրերը, բիրիքով էլ հանձնում: Այնուհետև բերում էր այդ օրվա կուսակցության անդամատոմսերը ու բաժանում տերերին: Այն օրը, երբ բոլոր կուսակցությունները նրան ճանաչեցին որպես իրենց սկզբնական բջջի ղեկավար, համագյուղացիների ու «համաշուկացիների» համար նա դարձավ Զեմֆիռա Կիրակոսովնա, և սկսվեց նրա կուսակցական կենսագրությունը: Նորահայտ քաղաքական գործչի համար միայն Նխշուն գյուղի սահմանները և կարտոֆիլի առևտուրը նեղ դուրս եկան: «Օգնենք Երկրագործին և Կանանց» ծրագրի շրջանակներում արդեն ինքը սկսեց գնումներ կատարել և բազմակուսակցական համակարգի մեջ ներառել կողքի Սխտորավան, Բազուկաշեն, Կաղամբաշատ ու մնացած գյուղերի բնակիչներին և առաջադրվեց պատգամավորության թեկնածու: Դիտորդների կարծիքով` նրա հաղթանակը կասկած չի հարուցում: «Ղարաբաղի շուրջ կառուցել ևս մեկ անվտանգության գոտի» - Կուզենայի իմ դժգոհությունը հայտնել այն առիթով, որ Հայաստանի քաղաքական վերնախավը շատ է տարվել ներքաղաքական խաղով և այս ժամանակահատվածում, երբ երկիրը կանգնած է լուրջ աշխարհաքաղաքական զարգացումների, մարտահրավերների առջև, մեր քաղաքական միտքը, անկախ իշխանական կամ ընդդիմադիր լինելուց, կրկնում եմ, սևեռված է ներքաղաքական պայքարի վրա,- մտահոգություն է հայտնում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ: Նրա մտահոգությունը չի վերաբերում միայն ղարաբաղյան խնդրի բանակցային ներկա փուլին, այլ նաև Իրանի հետ կապված զարգացումներին, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա եռյակի գործողություններին, վերաբերում է մեր տարածաշրջանում ռուսական ազդեցությունների փոփոխություններին և այլն: - Ներքաշված ընտրապայքարի մեջ` քաղաքական վերնախավն այս ամենը կամ անտեսում է, կամ օգտագործում շահարկումների համար,- շարունակում է նա: ԱԺ պատգամավորն իր անմիջականությամբ չի թաքցնում մտահոգությունը նաև ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչների կողմից արևմտյան երկրներ այցելություններ կատարելու և բանակցությունների թեման գաղտնի պահելու փաստի առնչությամբ և զգուշացնում է. - Ղարաբաղյան խնդիրը չի կարող լինել մանրվող դրամ: Ցավոք սրտի, այն քաղաքական ուժերը, որոնք բազմաթիվ շրջագայություններ են կատարում Եվրոպա, Ամերիկա և այլ մայրցամաքներ, թափանցիկ չեն իրենց գործելաոճի մեջ: Երկրի ապագայով մտահոգված` ամեն մեկի համար ցանկալի է իմանալ, թե ինչ խնդիրներ են քննարկվում Ղարաբաղի հետ կապված: Եվ, արդյո՞ք նրանք խոստումներ չեն տալիս Ղարաբաղի հարցում գնալ ինչ-ինչ զիջումների` իշխանության գալու դեպքում: Անդրադառնալով Ղարաբաղ-Կոսովո զուգահեռին, որին հաճախ են անդրադառնում մամուլը և միջազգային տարբեր ատյաններ, Ա. Աշոտյանը նշում է մի քանի կետեր, որով Ղարաբաղը մեզ համար շահեկանորեն տարբերվում է Կոսովոյի հիմնախնդրից. - 1. Հայերը բնիկներ են, և Ղարաբաղի անկախությունը հռչակված է բնիկների կողմից, ի տարբերություն Կոսովոյի բնակչության, ովքեր եկվորներ են: 2. Ղարաբաղը կայացած պետականություն է` անկախ նրանից` ճանաչվա՞ծ է, թե՞ ոչ, ի տարբերություն Կոսովոյի, որի պետական մարմինների գործողությունները խնդիրներ են հարուցում հենց միջազգային հանրության և խաղաղապահ ուժերի համար: 3. Երրորդ խնդիրը` ժողովրդավար հասարակություն ունենալու հարցն է: Ակնհայտ է, որ Ղարաբաղն այստեղ մի քանի քայլ առաջ է, քան Կոսովոն: Խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքացիական ինստիտուտների կայացվածության աստիճանին, այլ նաև Սահմանադրական հանրաքվեին և, առհասարակ, Ղարաբաղի սահմանադրության փաստին: Սա նույնպես շահեկանորեն տարբերակում է երկու խնդիրները միմյանցից: 4. Ղարաբաղը, ի տարբերություն Կոսովոյի, միջազգային անկայունության օջախ չի հանդիսանում, որտեղ ակնհայտորեն եվրոպական ոստիկանական ուժերը գտնում են, որ Կոսովոն նարկոթրաֆիքինգի և ահաբեկչության հիմնական աղբյուր կարող է լինել տարածաշրջանի համար: 5. Ղարաբաղն իր տասնհինգ տարվա գոյատևումն ապահովում է ինքնուրույն` ի տարբերություն Կոսովոյի, որտեղ ստատուս քվոն պահպանում են քաղաքական ուժերը: Սահուն անցում կատարելով մեր հասարակության համար ոչ պակաս կարևոր խորհրդարանական ընտրություններին` Արմեն Աշոտյանը սա էլ է կապում ղարաբաղյան խնդրի հետ. - Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները հիանալի հնարավորություն է Ղարաբաղի շուրջ կառուցել ևս մեկ լրացուցիչ անվտանգության գոտի: Ժողովրդավար ընտրությունները Ղարաբաղի անվտանգության երկրորդ գոտի կարող են լինել: Որովհետև այն երկիրը, որը ցույց է տալիս ժողովրդավարությանը իր նվիրվածությու նը և արևմտյան արժեքներին հետևելու պատրաստակամությունը, ավելի պահանջկոտ կարող է լինել քաղաքակիրթ աշխարհում իր բանակցությունների ընթացքում: Հրաշալի խոսքեր են, իհարկե, հրաշալի գաղափար: Բայց, արդյո՞ք, մենք այդքան հայրենասեր ենք:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ