Թյուրիմացությո՞ւն, թե՞ «սառը պատերազմի» սկիզբ


Վերլուծաբանները բազմիցս են անդրադարձել այն խնդրին, որ գերտերությունների` հիմնականում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար ոչ միայն և ոչ այնքան կարևոր է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական արժեքներին համապատասխանությունը, որքան դրանց արդյունքում ձևավորվելիք իշխանության արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցը: Հետևապես, առաջիկա ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ անցկացնելու հորդորները, շղարշված կոնկրետ սպառնալիքներով, «խորքում» հետապնդում են Արևմուտքի համար առավել առաջնային նպատակ. հերթական անգամ, հերթական երկրում ժողովրդավարությունը օգտագործել որպես գործիք ու լծակ` իրենց համար «հարմար» իշխանություններ ձևավորելու գործում: Օրինակ, եթե բացարձակ արդար ընտրություններում իշխանության գան ռուսամետ քաղաքական ուժեր, կարելի է չկասկածել, որ Արևմուտքը կտա խիստ սուբյեկտիվ գնահատական: Եվ հակառակը` աչք կփակի ընտրախախտումների հանդեպ, եթե դրա արդյունքում հաղթեն արևմտամետները: Առ այսօր որևէ հստակություն չկա` Արևմուտքին «ձեռք տալի՞ս են» գործող իշխանությունները, թե՞ ոչ: Այս առումով` հեռուն գնացող ենթադրությունների տեղիք տվեց ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում տեղ գտած` որքան անսպասելի, նույնքան անհեթեթ բնորոշումը ԼՂ-ի կապակցությամբ: Հիշեցնենք, որ սույն զեկույցում ԼՂՀ-ն ներկայացված է որպես Հայաստանի կողմից օկուպացված տարածք: Սա աննախադեպ փաստ է: Ինչպե՞ս այն մեկնաբանել: Անթաքույց գրո՞հ ՀՀ իշխանությունների դեմ` առաջիկա ընտրություններում «շրջադարձ» իրականացնելու հեռագնա նպատակով: Առայժմ դժվար է ստույգ պատասխան գտնել: Համենայնդեպս, այս իրողությունը կարծես թե ահազանգ է «հիշեցնում»: Իշխանության երկրորդ դեմքի` Տիգրան Թորոսյանի արձագանքն էլ բավական կոշտ էր. - Սա իսկապես շատ կոպիտ և անընդունելի ձևակերպում է,- հայտարարեց ԱԺ խոսնակը: ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն էլ, մեկնաբանելով, ասաց, որ այն «լղոզված էր, որից հնարավոր չէ հետևություն անել, թե ինչ են ուզում ասել»: Առայժմ ձեռնպահ մնանք` այս բոլորը բնորոշելու ԱՄՆ-Հայաստան «սառը պատերազմի» սկիզբ: Քանզի չեն բացառվում թյուրիմացությունները:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ