ԱՄՈԹԻՄԱՀԸ


 

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ աշխարհում մեծ հռչակ վայելած, երկրագնդի բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից հարգված և գնահատված 6000-ամյա Ամոթը: Այ´ո, Ամոթը մեռավ:

Այն Ամոթը, որն ամենուր էր` տանը, դրսում, փողոցում, կինոյում: Ամոթն այնքան պատիվ ուներ, որ փոխադրականում նրա խաթեր ամեն մեկը մյուսին կզիջեր իր տեղը, անգամ եթե այդ ճանապարհը պիտի 8 ժամ տևեր:

Ամոթը հոգեհարազատ էր բոլորին, բոլորն ունեին: Եթե հանկարծ գտնվեր մարդ, որն ամոթ չունենար, կքարկոծեին, կդատապարտեին, կստիպեին, որ ունենար: «Անամոթ» բառը համարյա թե´ չէր օգտագործվում, որովհետև ամոթ ունեին բոլորը` թե´ մեծ, թե փոքր:

Ամոթից ազդվել ու զգաստացել են թագավորներ, փարավոններ, նախարարներ, դատավորներ:

Ամոթը մեծ էր ու վսեմ, նա չափանիշ էր, կարգ ու կանոն էր, արդարություն ու մաքրություն էր` ամեն տեղ և ամեն ժամանակ: Այնքան դրական բան, որ արել է Ամոթը, մարդկային ուրիշ ոչ մի հատկություն չի արել:

Իսկ հիմա Ամոթը մեռել է: Բայց ասեմ ձեզ, Ամոթը տարիքից չէր, որ մահացավ, նա դեռ երկար կապրեր. նրան ուղղակի կամաց-կամաց, սերնդե-սերունդ մոռացան: Նրա կարիքը չէր զգացվում: Երիտասարդությունը, արվեստը, նորաձևությունը, զվարճանքն ու խրախճանքը, ցոփ ու ցինիկ կյանքն այնպիսի «արդարացնող» փաստարկներ բերեցին, իբր թե Ամոթը տարիքն առել է, երբեմն զառանցում է, և ժամանակն է նրա «պատվավոր» հանգստի:

Եղան երկրներ, որ 24 ժամ տվեցին Ամոթին` լքելու իրենց տարածքը: Վերջին տարիներին Ամոթը չէր մասնակցում ո´չ մի միջոցառման, չկար ո´չ հարցազրույցներում, ո´չ ուսումնական հաստատություններում, մինչև անգամ` հնդկական ֆիլմերում:

Վերջերս, երբ նորաձևությունը ներկեց կարճ շրջազգեստներ, Ամոթը միկրոինֆարկտ տարավ:

Ամոթը վերջին տարիներին հաճախ տարաձայնություններ էր ունենում արվեստագետների և իշխանական ներկայացուցիչների հետ: Իրեն իրավունք էր վերապահում արգելելու մարմնավաճառությունը, մանկապղծությունը և իշխանական վերին էշելոններում միասեռականների գոյությունը:

Իշխանությունը նրան զրկեց կարծիք հայտնելու, հանրային հեռուստաընկերությամբ ելույթ ունենալու, հասարակական վայրերում երևալու իրավունքից (նրան քանի˜ տարի ո՞վ է տեսել որ): Մի խոսքով` համարվեց ձայնազուրկ, ինչն էլ գլխավոր պատճառը դարձավ նրա մահվան: Նա էությամբ զիջող չէր, հարմարվող չէր, նույն Ամոթն էր, ինչ հազարամյակներ առաջ` անկոտրում ու իր ասածի:

Թաղման արարողությունը պատշաճ, և´ կարգուկանոնով, և´ «անվերադարձ» կազմակերպելու համար բարձրաստիճան պաշտոնյաներից ձևավորվեց մի խումբ, որը ղեկավարելու էր հանրապետությունում նշանավոր դեմք, պետական և հասարակական շքանշանների ու պատվոգրերի դափնեկիր` պարոն Նագլին, իսկ նրան օգնելու էր պարոն Քցողը:

Եկան, հավաքվեցին պարոններ` Քծնողն ու Լոպազը, Հպարտն ու Որկրամոլը, էշն ու Տավարը... Մինչև որ դահլիճում տեղ չմնաց Խոնարհին ու Պարկեշտին, որոնք արյունակիցներ էին հանգուցյալին և վերջին ամիսներին նրա կողքին էին:

Առաջին շարքում տեղ էին զբաղեցրել Պոռնկությունն ու Միասեռականությունը, Նենգն ու Տափակությունը: Դագաղի մոտ պատվո պահակ էին կանգնել պարոնայք Խեղկատակն ու Պնդաճակատը:

Ամբիոնին մոտեցավ Ամենաթողությունը: Արտերկրից ստացված բազմաթիվ ցավակցական հեռագրերն ընթերցելուց հետո, հայտարարեց.

- Որոշվեց Ամոթին թաղել Կորեայի ձորում: Ճիշտ է, մեծ ցանկություն ունեինք նրան թաղել պանթեոնում, սակայն երեկ պարզվեց, որ պարոն Օլիգարխը իր և խնամիների` Ագահի և Ստորի համար այնքան տեղ է սեփականացրել, որ ցավոք սրտի Ամոթին տեղ չի մնացել:

Սրա մասին հայտնեք նաև Խղճի հարազատներին, որովհետև մահամերձ է, և այսօր տեղեկացանք, որ Հույսի հետ պառկած է ծերանոցի միևնույն սենյակում:

Մենք` սգո բոլոր հանդիսականներս, ի խորոց սրտի հայտնում ենք մեր ցավակցությունները Ամոթի հարազատներին, մտերիմներին, ազգականներին: Անվանապես ասեմ` Պարկեշտությանը, Շիկնանքին, Շնորհակալությանը և Ներողությանը, որոնք չգիտես ինչու, արդեն քանի տարի ծվարել են Կարմիր գրքում:

Ամոթի «մեկընդմիշտ» թաղման արարողությունը տեղի կունենա վաղը ժամը 11-ին` առանց վեր ու վար անելու, առանց պտտեցնելու, առանց սգո երաժշտության: Եվ մի վերջին խնդրանք. որպեսզի Ամոթը գնա խառնվի իր հանգուցյալ նախնիներին, չեն նշվելու յոթ, քառասունք ու տարի, և նրա նկատմամբ չի կիրառվելու «Գնա մեռի, արի սիրեմ» ավանդական սկզբունքը:

Հրավառությունը` երեկոյան 19:00-ին, Հանրապետության Հրապարակում:

Հա, չմոռանամ ասել, որ այլևս էլ ոչ մի բան ամոթ չէ:

Գեղամ ՂԱՐԻԲՅԱՆ