Թուլուզյան վրեժխնդրություն


 

Նախօրյակին Թուլուզի հրեական դպրոցի դեմ կատարված հարձակումը, փաստորեն, վրեժխնդրություն է: Ինչպես տեղեկացրել է AFP-ն` վկայակոչելով Ներքին գործերի նախարարության տվյալները, դպրոցի մոտ կատարված հրաձգությունը պատասխանն է մարտի սկզբին Գազայում զոհված 25 պաղեստինցիների: Հիշեցնենք, որ այս զոհերից 2-ը երեխաներ էին, 2-ը` խաղաղ բնակիչներ: Ներքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը թուլուզյան ահաբեկչությունն ուղղակիորեն կապում է մարտի սկզբի դեպքերի հետ: Ու այս հանգամանքը հարուցել է Թել-Ավիվի վրդովմունքը: Ինչպես հայտնի է` արդեն կա ձերբակալված կասկածյալ, իսկ երեկ գրոհ է կազմակերպվել այն տան վրա, որտեղ հարձակման ընթացքում բարիկադավորված է եղել ևս մեկ կասկածյալ: Սկզբում տեղեկացվել էր, որ ենթադրյալ կասկածյալներից մեկը սպանվել կամ վիրավորվել է: Լուրեր էին տարածվել նաև` թե ձերբակալվածները երկուսն են: Սակայն այդ լուրերը հերքվել են: Երեկ արդեն պարզվել է հանցագործի ինքնությունը և կապը «Ալ-Քաիդա»-ի հետ:

Խոսքն ալժիրյան ծագումով ֆրանսիացի 2 եղբայրների մասին է, որոնց կասկածում ու որոնում են:

Հիշեցնենք, որ 2-3 օր առաջ մոտոցիկլով ինչ-որ մեկը մոտեցել է ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական դպրոցին և կրակահերթ բացել մարդկանց վրա: Տեղում զոհվել են ուսուցիչն ու նրա 2 երեխաները և հաստատության տնօրենի դուստրը: Կան նաև վիրավորներ: