ԿԱՐԵՎՈՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ Է


 

Այսօր, երբ քաղաքական հիմնական ուժերի ընտրացուցակները մեծ մասամբ պատրաստ ու հրապարակված են, քաղաքական շրջանակներն իրենց թույլ են տալիս կանխատեսումներ անել հաջորդ խորհրդարանի կազմի մասին: Ինչպիսին կլինի նոր Ազգային Ժողովը, ուժերի ի՞նչ հարաբերակցությամբ: Այս հարցերի շուրջ է զրույցը ՀՀԿ պատգամավորական խմբակցության անդամ Վազգեն ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ:

- Գոյություն ունեցող իրավիճակից ելնելով` կասեմ հետևյալը: «Հանրապետականը» հանրապետությունում բազմաթիվ կառույցներ ունի, բավական մեծ է կուսակցության անդամների թիվը, ուստի կարծում եմ` նոր խորհրդարանում առաջին համարով կլինի «Հանրապետական» կուսակցությունը: Կլինեն նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, նաև` կոալիցիոն մեր մյուս ընկեր ՕԵԿ-ը: Նրանք ասում են, որ իրենց մուտքը նոր ԱԺ ապահովված է, և ձգտելու են ավելին վերցնել: «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» միությանը կարծում եմ` կհաջողվի ընտրական շեմը հաղթահարել:

Ի՞նչ եք կարծում, «Ազատ դեմոկրատների» միացո՞ւմն է «Ժառանգությանը» հնարավորություն տալիս նոր խորհրդարանում հայտնվելու, թե՞ հակառակը:

- Ես «Ժառանգության» մեջ քաղաքական գործիչ մեկին եմ տեսնում` Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ազատ դեմոկրատները» լուրջ, մեզ նախկինից շատ ծանոթ մարդիկ են, ովքեր եղել են իշխանության տարբեր շերտերում:

Նրանք ՀՀՇ-ից անջատված թևն են:

- Այո, այսինքն, նրանք նորելուկներ չեն: Կարծում եմ` նոր խորհրդարանում իր մասնակցությունը կունենա նաև ՀԱԿ-ը:

-Այսօր ժողովրդի շրջանում ո՞ր գաղափարախոսությունն է, որ առավել մեծ պահանջարկ ունի:

- Ժողովրդի համար ամենակարևորը, կարծում եմ` տնտեսական, սոցիալական խնդիրն է: Մենք էլ ենք ասում, որ ցավոք` վիճակը բավարար չէ: Արցախյան ազատամարտ տեսած ու հաղթանակած ժողովուրդը, հասկանալի է, որ ազգային, պահպանողական արժեքներին առաջնություն կտա: Ի դեպ, այդ արժեքների կրողը նաև «Հանրապետականն» է: Օտարածին, օտարամոլ գաղափարները (որոնք պարունակում են որոշակի, գուցե Եվրոպայի համար ոչ, բայց մեզ համար բացասական տարրեր), կարծում եմ` ժողովուրդը ծափերով չի դիմավորում:

- Կոմպլիմենտար քաղաքականությունն այսօր անհրաժեշտություն է դիտվում: Բայց կարող է, չէ՞, գալ մի պահ, երբ համաշխարհային ուժային կենտրոններից մեկն ու մեկը կպահանջի վերջնականապես կողմնորոշվել` այս կողմ կամ այն ուղղությամբ:

- Չեմ կարծում, որ հարաբերություններ զարգացնելը կամ ավելի նորմալ հիմքերի վրա դնելը նշանակում է, թե մոռացել ես քո հին բարեկամին և նոր բարեկամներ ես փնտրում: Աշխարհն այսօր բաց է, և բոլորը ձգտում են աշխարհի քաղաքականության մեջ իրենց համեստ ներդրումն ունենալ: Մանավանդ` մեր նման փոքր պետությունը, որը և´ բնական ռեսուրսների պակասություն ունի, և´ իր աշխարհագրությամբ ու չափերով չի կարող համեմատվել հզոր պետությունների հետ: Չեմ կարծում, որ որևէ մեկն իր համար կարող է մտայնություն ունենալ, թե տես` Հայաստանն արդեն Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամագրվեց, ուրեմն այլևս Ռուսաստանի բարեկամը չէ: Համենայնդեպս, ես այդպես չէի մտածի:

Բայց կարծեք մրցակցություն է ծավալվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև` Հայաստանում ավելի մեծ չափով ներկայություն ապահովելու համար:

- Ես կարծում եմ` եթե ուշադիր հետևեք Հանրապետության նախագահի վարած արտաքին քաղաքականությանը, կտեսնեք, որ նա կարողացավ հասանելի, ըմբռնելի դարձնել Հայաստանն աշխարհում, միջազգային արենայում: Պետություններ կային, որոնք գրեթե չէին ճանաչում Հայաստանը, բայց հիմա դրական մոտեցումներ ունեն Արցախի, Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացներում: Գոնե ես ձեր նշած հարցում մտավախություն չունեմ: Իսկ եթե, ինչպես դուք եք ասում, «գայլը հանկարծ անտառից գա», բնական է` արդեն պետք է պատրաստ լինենք նաև դրան:

Խորհրդարանի միջանցքում այսօր ակամա լսեցի մի խոսակցություն, թե ներկայիս խորհրդարանը պարզապես առողջարանային, հանգստյան օբյեկտ է` այն ԱԺ-ի համեմատությամբ, որում կլինի նաև ՀԱԿ-ը: Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց է այն մտայնությունը, թե ՀԱԿ-ի մուտքով ԱԺ-ում նոր թեժացումներ են սպասվում:

- Ճիշտն ասած` ես համաձայն չեմ այդ պատգամավորների, այդպես մտածողների հետ, որովհետև ՀԱԿ-ում բոլորին էլ ճանաչում ենք, և նրանց թե´ մտածողությունը, թե´ գործունեությունը մեզ տեսանելի են: Իհարկե, կառուցողական ընդդիմությունը միշտ էլ պետք է, որպեսզի իշխանությունները զգոն լինեն: Դա միայն Հայաստանին չի յուրահատուկ. ցանկացած պետության համար այդպես է: Դա անժխտելի է: Եթե ՀԱԿ-ն իրոք կգա ԱԺ և իր գիտելիքները, իր փորձն ի սպաս կդնի մեր պետության բարգավաճմանն ու հզորացմանը` ողջունելի կլինի: Իսկ եթե սովորական լեզվակռիվների ու վեճերի թատերաբեմի վերածի...… Չեմ կարծում, թե ՀԱԿ-ը կարող է այդպես շարունակել:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ