ՄՏԱՀՈԳՎԵԼ ՈՒ ՇՏԱՊԵԼ Է ՊԵՏՔ


 

Վերջին շրջանում, որքան էլ ցավալի է, ավելացել են հայտարարություններն այն մասին, որ տարբեր մարդիկ են ձերբակալվում անչափահասների նկատմամբ կատարած սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Հիմա էլ Իջևանում է ձերբակալվել 21 տարեկան մի երիտասարդ, ով մեղադրվում է 15-ամյա աղջկան բռնաբարելու մեջ: Իհարկե, արդեն պարզվել է, որ բռնաբարություն չի եղել, այլ ամեն ինչ կատարվել է անչափահասի համաձայնությամբ, սակայն քրեական օրենսգիրքը սահմանում է համապատասխան պատիժ. հետևաբար այս երիտասարդին ևս սպառնում է երկարատև ազատազրկում:

Այս և այլ փաստերը վկայությունն են այն իրողության, որ մեզանում էլ արդեն արմատավորվում են այնպիսի բարքեր, որոնց համար մենք միշտ մեղադրել ենք այլ ժողովուրդ ների, հպարտացել մեր ազգային նկարագրով, մանկապղծության հանդեպ ունեցած ժխտողական կեցվածքով: Բայց փաստերն այլ բանի մասին են խոսում: Սրանք, իհարկե, միայն բացահայտվածներն են, մինչդեռ գիտենք, որ կան մանկական պոռնկության դեպքեր: Գիտենք, որ որոշ դեպքերում հենց նույն անչափահաս աղջիկները սեփական ցանկությամբ գնալով նման քայլերի` թաքցնում են կատարվածը, չեն կամենում հրապարակային հնչողություն տալ իրենց արարքներին: Նաև տեղյակ ենք, որ մի շարք դեպքերում էլ չափահաս տղաներն են սպառնալիքով կամ էլ գումարով լռեցնում իրենց զոհերին...

Բժիշկներն իրենց հետազոտություններով հանգել են այն եզրակացության, որ մեր ժամանակներում սեռական հասունությունը տեղի է ունենում շատ արագ` պայմանավորված մի շարք գործոններով: Նաև որոշ վիճակագրական տվյալներ հուշում են, որ անչափահասների մոտ շուտ է ձևավորվում մղումը դեպի սեռական կյանք: Եվ հենց այս ամենն էլ նպաստում են, որ ինչպես բռնի գործողությունները, այնպես էլ փոխհամաձայնեցված արարքները ձեռք են բերում հասարակական վտանգավորություն, մեզ կանգնեցնում անշրջելի ու դատապարտված փաստերի առջև:

Խորհրդային իշխանության տարիներին դպրոցներում ուսուցանվում էր «Ընտանեկան կյանքի հոգեբանություն» առարկան: Փոքր-ինչ կաշկանդված, սակայն որոշակի հետևողականությամբ դպրոցականների շրջանում իրականացվում էին սեռական դաստիարակության ծրագրեր: Իսկ այսօր, երբ համացանցը նպաստում է սեռական խեղումներին, մեզ չենք պարտադրում առավել հետևողական լինել` սեռական ճիշտ դաստիարակությունն օրախնդիր դարձնել: Իսկ հապաղելով կամ անուշադրության մատնելով այս կարևորագույն խնդիրը` մենք կարող ենք մի օր հաստատել, որ ձևավորում ենք հիվանդագին դրսևորումներով մեծացող սերունդ, որ բարոյական արժեքներին զուգահեռ` կորցրել ենք նաև առողջապահական արժեքները:

Լ.Մ.