Մարզային շեշտադրությամբ


Երաժշտարվեստի զուլալ ելևէջները դժվարությամբ են նորահաստատվում վերջին տասնամյակներում մշակութային դաշտում գերիշխող դարձած խառնաձայն ու տարաոճ հանրաքաոսում: Ապավինած առավելապես ժամանակակից տեխնիկական հնարքների ներգործուն հնարավորություններին` զանգվածային լսարանը այդպես էլ չի հագենում երգ-երաժշտության ճշմարիտ արժեքների նկատմամբ պատկերացումները արմատապես վերափոխող բովանդակությամբ: «Շուկայական» հորջորջված հարաբերությունների թելադրած «խաղի կանոններին» հնարամտորեն հարմարվածները հաջողեցնում են ամրապնդել թյուր հասարակական կարծիքը ներկայիս երաժշտական խառնարանում առաջատար դիրք գրաված մասսայական արտադրանքի արժեքավորության, դյուրությամբ սողոսկելով ամենուր` ներկայանում հոգևոր կենարար ակունքի զարդարուն գովազդվող դիմակով: Լուրջ արվեստագետները հուսահատվում, բայց առայժմ չեն ընկրկում և ուղիներ են որոնում իրենց դիմակայության արդյունավետությունը բարձրացնելու: Եվ եթե արժանանում են պետության ուշադրությանն ու աջակցությանը, հավատարիմ են մնում որդեգրած փշոտ առաքելությանը: Ինչպես, ասենք, Տիգրան Հեքեքյանն ու Արամ Թալալյանը, ում նախաձեռնությամբ մեր մշակութային կյանքը առողջացնելուն միտված հանրապետական ընդգրկման երկարաժամկետ միջոցառումների նախամեկնարկային մամլո ասուլիսը, արձանագրելով դրական տեղաշարժի հուսադրող նախանշանները, առանձնակի սրեց կայուն լծակների ապահովման ծայրահեղ անհրաժեշտությունը ինչ-ինչ ձեռքբերումների որակական բեկումնային խթանող ուժը մեծացնելու համար: Եվ երկուստեք կարևորեցին ՀՀ մարզերում տարվող աշխատանքների ծավալային աշխուժացումը: Գործիքի նկատմամբ մարող հետաքրքրությունը բորբոքելու նպատակամղվածությամբ` ապրիլի 4-ին Երևանի Կամերային երաժշտության տան կիսադատարկ սրահում տխրաշուք մեկնարկած Գերոնտի Թալալյանի անվան թավջութակի երաժշտության II հանրապետական փառատոնը համերգային երեկոների երկրորդ եռյակը ապրիլի 28-ից կանցկացնի Չարենցավանի, Աբովյանի և Վանաձորի երաժշտական դպրոցներում` հատուկ ծրագրով շնորհալի երիտասարդների ելույթը կազմակերպելով այնուհետև Ստեփանակերտում: Մինչ հունիսի վերջը ձգվող 13 մասանի այս միջոցառմանը թուրք թավջութակահար Ռահսան Ապայի և Արամ Թալալյանի համատեղ ելույթի պլանավորումը խոստանում է մի նոր փաստ արձանագրել մշակույթի մտերմացնող զորության: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանն ու տնօրեն Արման Պադարյանը, ոգևորված առաջինին մասնակցածներից հինգի շահած միջազգային մրցանակներով և թավջութակի պետպատվերով ուսուցման որոշմամբ, այս տարի պակասեցրել են հյուրերի քանակը և վարպետության դասեր նախատեսել մոտ 25 երիտասարդ մասնակիցների համար: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, ԵՊԿ պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը, մինչ իր նախաձեռնած «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 4-րդ մրցույթի շուրջ խոսակցությունը սկսելը, շարունակում է գործընկերների մտահոգությունների ամբողջացումը սեփական ցավագին նկատառումներով: Ոչ միայն թավջութակի, այլև հոբոյի, ֆագոտի ու մի շարք նվագարանների նկատմամբ հետաքրքրությունը մասսայականացնելու գլխավոր խոչընդոտ համարում համապատաս խան մասնագետների դեֆիցիտը և երաժշտակրթարանների խղճուկ ֆինանսական հնարավորությունները: Կարևորելով երգչախմբային արվեստի համախմբող անգերազանցելի ուժը` դժգոհում է մարզպետներից ոմանց անլուրջ մոտեցումից. խմբերգային արվեստի նկատմամբ դրսևորած քամահրական վերաբերմունքով մարզերի մշակութային զարգացման ճակատագիրը կանխորոշողները անփութորեն նսեմացնում են, փաստորեն, մատաղ սերնդի հոգևոր դաստիարակության գործում երգչախմբերի ունեցած բացառիկ դերն ու նշանակությունը: Այս առումով հատկապես անհասկանալի է մաեստրոյի համար երբևէ ՀՀ-ում երգչախմբային արվեստի մայրաքաղաքի համբավ վայելած Լոռու մարզի պասիվությունը: Ինչևէ: Անցյալ տարի 6 հազար մասնակից մեկտեղած «Երգող Հայաստան» մրցույթը, 107 երգչախմբերի ներգրավմամբ, ապրիլի 6-ից 28-ը շարունակելու է ծրագրած երգարշավը ՀՀ 8 մարզերում և Արցախում` I փուլը ավարտելով Հայաստանի երաժշտական ընկերության համերգասրահում երևանյան 15 հայտերի ունկնդրությամբ: Ի դեպ, հետաքրքրված լրագրողներին այս տարի հնարավորություն է ընձեռվելու անմիջականորեն հաղորդակցվելու մարզային մրցութային ելույթներին ու ընթացիկ քննարկումներին: Այնպես որ, նրանք կարող են առկա ներուժի մասին իրազեկել հանրությանը մինչ մայիսյան վերջնահամերգը: Ունենալով որպես ուղեցույց-դասագիրք անցյալ տարի լույս ընծայված խմբերգային ստեղծագործությունների երկար սպասված ժողովածուն` կարծում եմ, մանկապատանեկան մեր երգչախմբերը բարձր հնչեղություն կհաղորդեն Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված այս մրցույթին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ