Ոչ միայն Շեքսպիր...


Օրինաչափ թեմատիկ շրջադարձով ներկայացավ Մենաներկայացումների միջազգային թատերական յոթերորդ «Արմմոնո» փառատոնը: Հրաժարվելով շեքսպիրյան մենադրամայի էպիկենտրոնը լինելու սահմանափակող գայթակղությունից` ընտրության անհամեմատ լայն հնարավորություն ընձեռեց աշխարհասփյուռ թատերագործիչներին: Դարերով անգերազանցելի մնացող հանճարեղ անգլիացու գրական ժառանգությունը, ստեղծագործական ներշնչանքի անպարպելի կենսակունք է` մարդկային կեցության համապարփակ, անչափելի իմաստնությամբ գերհագեցած: Թատերաշնորհ ու փորձառու արվեստագետները երկյուղածությամբ են խոնարհվում նրա մոգական զորության առջև: Երկնչում են ձեռք մեկնել, քանզի տաղանդավոր անհատականությունների ցայտուն համախոհությամբ միայն կարելի է հասնել հզոր կրքերի հախուռն բախումներում խմորված անանցողիկ կենսական ճշմարտությունների խորախորհուրդ ու վառվռուն թատերայնացմանը, նոր էջ հավելել լեգենդար շեքսպիրիանային: Երազում են ամենքը, բայց քչերին է վիճակված խուսափել ձախողումից: «Արմմոնո»-ն իրապես դարձավ այն ազատ բեմահարթակը, որտեղ շատերը ճշգրտեցին իրենց «շեքսպիրյան» կարողությունները` միաժամանակ հագուրդ տալով ամենանվիրական թատերաբաղձանքի իրականացման պահանջին: Ամեն կարգի աճպարարությունների դիմակայեց Շեքսպիրը` մինչևիսկ ամենաարտառոց թատերաֆան տազիաներին քիչ թե շատ ուշագրավ կերպավորման մեկնարկային երաշխիք տալով ամենահեռավոր աղերսներով անգամ: Խորիմացությամբ հատուկենտ բեմավորվածները ոչ միայն հայ թատերասերի մտապատկերում դաջված մնացին, այլև նվաճեցին միջազգային թատերաբեմի ուղեգիր: Արտիստական մարմրող փայլատակումները խելամտորեն հուշեցին վերադարձի անհրաժեշտությունը նախնական կարգավիճակին` ծնունդ տալով Շեքսպիրյան մեծ փառատոնին: Արտերկրից ստացված 8 և տեղի 7 հայտերով ձևավորվեց «Արմմոնո-VII»-ի խաղացանկը` մի քանի հանրածանոթ գործերի անխուսափելի կրկնությամբ: Հաղթահարելով զանգվածային հետաքրքրության բացակայության թևաթափող ներգործությունը` մշտական հանդիսատեսների մի ստվար խումբ ուշի-ուշով հետևեց մայրաքաղաքային փուլի ընթացքին` առիթը բաց չթողնելով մասնակիցների հետ անմիջական փոխշփումներով արդի թատերաշխարհի մասին ընդհանուր պատկերացումները հստակեցնելու: Մոսկովյան «Ապարտե» դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Լյուբիմովի, վարշավյան թատերական ակադեմիայի երկարամյա պրոռեկտոր Յարոսլավ Գաևսկու և վրոցլավյան «Մեկ դերասանի թատրոն» միջազգային 45-ամյա խոշորագույն փառատոնի տնօրեն Վիեսլավ Գերասի հետ մեկշաբաթյա տևական զրույցները նպաստավոր եղան «Արմմոնո-VII»-ի հայկական ներուժի մասին այլազգի հմուտ թատերագործիչների տպավորությունները անկեղծորեն վերլուծելու և ամբողջացնելու տեսակետից նաև: Բարեկամությունը` բարեկամություն, բայց իրերն իրենց անուններով կոչելը, մասնագիտական անաչառությունն, այս պարագայում, ամենահուսալի հիմքն է հենց բարեկամության, ստեղծագործական փոխըմբռնման ու համագործակցության: Այս առումով բնութագրական է հնգօրյա դիտումներից հետո կազմակերպված քննարկմանը Վիեսլավ Գերասի ամփոփիչ խոսքը. «Մեր տեսած 10 ներկայացումներից երեքն անվերապահորեն հաջողված էին` Անդրեյ Լյուբիմովի «Զանգ վերևից», Յարոսլավ Գաևսկու «Դաժան կողոպտիչ Ֆոլժտինսկու և խեղճ դահիճ Հոլչուժկայի պատմությունը» և Աննա Սկուբիկի «Կոտրված եղունգներ» թատերախաղերը: Ուրեմն կարելի է «Արմմոնո-VII»-ը կայացած համարել»: Ամենագունեղը, անշուշտ, Մարլեն Դիտրիխի ապրած վերջին անուրախ տարիների դրամատիկ խորքերով ներթափանցված «Կոտրված եղունգներ»-ն էր Ռոմուալդ Վիշա Պոկոժսկու բեմադրությամբ և Աննա Սկուբիկի երկու տարբեր կանացի կերպարների միաժամանակյա տարանցիկ մարմնավորմամբ: Այնքան ներդաշնակ էր լեհ դերասանուհու մեկտեղումը իր իսկ ստեղծած խարակտերային տիկնիկին, որ անհնար էր չվարակվել խաղացած պատմության հուզառատ լարվածությամբ: Եվ բնական է, որ արտասովոր այդ մենաներկայացումը յուրօրինակ հայտնությունը գնահատվեց «Արմմոնո -VII»-ի: Փոքր-ինչ ուռճացված, հաճոյախոսական կարծիքներ իհարկե շռայլվեցին, բարեկրթության կանոնների համաձայն, անխտիր բոլոր մասնակիցներին: Սկուբիկով խանդավառությանը մեկ այլ ոք չարժանացավ: Երիտասարդ դերասանուհին լիաբուռն ստեղծագործական բերկրանք էր ապրում` շփոթահար իրեն պաշարած հիացական գնահատութ յուններից: Աշխարհով մեկ իր փառատոնի համար լավ մենաներկայացումներ որոնող պան Գերասը ցավով արձանագրեց հայկական 7 աշխատանքների, ըստ իրեն, անկատարության փաստը: Ինձ հետ առանձնազրույցում նա բարձր գնահատեց միայն Ռոբերտ Հակոբյանի արտիստական վարպետությունը` չթաքցնելով անհամաձայնությունը նրա «Ամոկ»-ի (ըստ Ստ. Ցվեյգի) բեմադրական որոշ լուծումների հետ: Վերջին գործոնը մեծապես խոչընդոտում էր զուգահեռներ անցկացնել շնորհալի նկատված Հովհաննես Բաբախանյանի ներկայացրած (բեմադրիչ` Հակոբ Ղազանչյան) և իր փառատոնի շրջանակներում խաղարկված նույն «Կոնտրաբաս»-ների միջև: Մինչդեռ Գերասը հույս ուներ նոյեմբերին կայանալիք վրոցլավյան փառատոնում հայ դերասանների նոր անուններ հնչեցնել Արամ Հովհաննիսյանից, Մարիամ Ղազանչյանից, Հայկ Զորիկյանից, Արմեն Սանթրոսյանից հետո: Ձեռնունայն չվերադառնալու համար նախընտրեց հրավիրել Արմինե Մացակյանին` Թեմուր Աճինյանի խմբագրած «Լեդի Մակբեթ»-ով, որ տեսել էր Շեքսպիրյան մեծ փառատոնի ծրագրում: «Արմմոնո-VII»-ի կարևոր առանձնահատկությունը մարզային շարունակությունն էր: Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի հիմնանորոգ ված շենքում փառատոնի մասնակիցները հանդես եկան ինչ-ինչ խաղացանկային փոփոխություններով` հեռավոր Սյունիքում ջանալով տևական թատերական աշխուժություն առաջացնել մեկշաբաթյա ելույթներով: Առաջին անգամ Հայաստանում հյուրընկալված այլազգի թատերագործիչները իրենց համար բացահայտեցին Հայաստանը չկանխատես ված մասշտաբներով և սիրեցին: Սա նրանց գլխավոր ձեռքբերումն էր:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ