Գրաբնաշխարհիկ արգելոց


Հոգնամոլոր ճանապարհի խճողումներից բնականոն լարվածությունը մայրաքաղաքային ԶԼՄ-ների և գրողական համայնքի ներկայացուցիչներից տարերայնորեն ձևավորված մեր խումբը թոթափվում է ինքնաբուխ պոռթկացող զավեշտահումորով: «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի այս հերթական նախաձեռնությունը գնահատելի է ոչ միայն որպես գրողի մոտալուտ 75-ամյա հոբելյանին ընդառաջ անցկացվող միջոցառում, ստեղծած հոգևոր ժառանգությունն արժանիորեն հանրահռչակելու մի նոր առիթ, այլև գրական-բնապահպանական վերահաս աղետը կանխարգելող առաջնաքայլ: Թումանյանից Մաթևոսյան, Դսեղից Ահնիձոր ձգվող ժամանակային և աշխարհագրական տարածքը միաձուլող գրական պուրակի հիմնարար տնկիների հեռահար նպատակը ճշմարիտ հայրենասեր մտավորականների ներուժի համախմբումն է` Լոռու չնաշխարհիկ բնության այս գողտրիկ անկյունը և հուշկապարիկների խառնաձայն բազմությամբ հեղեղված գրական անդաստանը անկանխատեսելի փլուզումներից միաժամանակ վտանգազերծելու գործունեություն ծավալելու անխուսափելի անհրաժեշտության դրոշի ներքո: «Հայաստանի դասերով» մեր անփոխարինելի բարեկամը դարձած Անդրեյ Բիտովի անմիջական մասնակցությունը առանձնակի փայլ էր հաղորդում հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյանի մտահղացած, ՀՀ մշակույթի համակիր աջակցությանն արժանացած գրաբնաշխար հիկ նորատիպ արգելոցի յուրօրինակ «շնորհանդեսին»: Թումանյանի հայրական տանը առաջին անգամ հյուրընկալվող ռուս գրողին թանգարանի բարեհամբույր տնօրինուհի տիկին Ռոզան պատկերավոր բացատրություններով առաջնորդում է երկհարկանի շինության մի հարկաբաժնից մյուսը` սկսելով զրույցը Հրանտ Մաթևոսյանի ջանադրությամբ տնամերձում հանգրվանած Մեծ Լոռեցու սիրտն ամփոփող հուշակոթողից: Վանաձորում մեզ միացած Լոռու մարզի բարձրաստիճան պաշտոնյաների հետ այնուհետև բռնում ենք Ահնիձորի` անվանը (ահը ձորի մեջ) զարմանալիորեն համահունչ դժվարին ճամփան: Ճղակոտոր, հողմածեծ անտառի վտանգավոր ոլորաններով, արմատներով հողազերծ քարերից կառչած տոկուն ծառերի բացառիկ կենսունակությունից ապշահար, շրջանցելով ժայռեղեն փլուզումները` մեր ավտոշարասյունը ահնիձորցի պատանի հեծյալների ուղեկցությամբ ի վերջո հասնում է Ճրագթաթի փեշերին ծվարած հայրական օջախին Թումանյանի տաղանդաշատ հայրենակցի: Համլետ եղբոր գերդաստանը ազգակից ու դրկից բարեկամների հետ միասին գրկաբաց է ընդունում Հրանտի ընթերցող-երկրպագուների, հին ու նոր գրչակից ընկերների, լրագրողների մեր խմբին` նախ, առաջնորդելով փոքրիկ այգի, որտեղ մինչ մտահղացված գրական պուրակի տարածքի ճշգրտվելը պիտի խնամվեին ու արմատակալեին Հրանտին ու Անդրեյին կյանք պարգևած Արուսյակի ու Օլգայի լիբանանյան մայրիները` «Հրանտ Մաթևոսյան» 4 մրցանակակիրների նորատունկ շիվերի հարևանությամբ: Լրագրողներով ու տեսախցիկներով շրջապատված Անդրեյ Բիտովը, ով շարունակում է բեղուն ստեղծագործական աշխատանքը, կարծես բարձրաձայն սկսում է հեղինակել սեփական «Ինքնաշխարհագրության» առաջին էջերը. - Պետերբուրգյան մի համաժողովի հայկական պատվիրակության կազմում ընդգրկված Դավիթի հետ, երբ մտորում էինք անվանական ծառատնկման շուրջ, չէինք ենթադրում այդ խենթ բանաստեղծաիղձի երբևէ իրականանալի դառնալու հավանականությունը: Լիբանանյան մայրու աճեցմամբ իր տոհմանունը (Կեդրովա` "ՍպՊՐ" - մայրի բառից, ինչը վկայում է նրա նախապապերի հոգևորական լինելու մասին և աստվածաշնչյան ծագում ունի, ինչպես` Պրեոբրաժենսկի, Վոզնեսենսկի, Բոգոյավլենսկի և այլ կրոնական ազգանուններ) հավերժացնելու մորս պատվիրանը հնարավոր չեղավ իրագործել մի պարզ պատճառով` տնկիները չգտնվեցին: Նաև իմացանք, որ բնակլիմայական պայմանները անբարենպաստ են ու, կարծես, համակերպվեցինք: Դավիթի երիտասարդական եռանդուն կամքով, սակայն, այդ ցնորքն այսօր իրականանում է իմ քրիստոնեական ուղղափառ հավատքի համար նշանակալից զուգադիպությամբ` Մեծ չորեքշաբթի օրով: Ես գոհ եմ, որ իմ ու Հրանտի տոհմածառերը կողք կողքի են բնավորվելու: Կեցցե Դավիթը, մենք այլևս հոգեպես անբաժան ենք: Ծերունազարդ գրողը չի կարողանում թաքցնել հիացմունքը Շվեյցարիային, ըստ իրեն, ոչնչով չզիջող տեղանքի ինքնատիպ վայրի գեղեցկությունից: Համոզմունք է հայտնում, որ մասնակի խնամքով նույնիսկ այստեղ կարելի է հայկական Շվեյցարիա կազմակերպել, գումարներ հայթայթել, և ժողովուրդն էլ շուտով ուշքի կգա: «Եվ ոչ մի համաշխարհային ճգնաժամ մեզ չի սպառնա»,- կիսալուրջ կատակում եմ ես: - Ճգնաժամը հենց այնպես չի լինում,- զվարթանում է Բիտովը:- Հրանտի վերջին գործերից մեկը` «Խումհարը», կարծում եմ դրա կանխագուշակումն է: Խումհար, այսինքն գերածախս, շատակերություն, ճգնաժամ: Պատահաբար չէ, որ այստեղ գտա այդ բանաձևը, ասես Հրանտի հուշելով, մարդիկ անխնա ծախսելով, հարստությունը խժռելով` միառժամանակ անց համաշխարհային գլխացավ են ունենում: Եթե սթափվեն, խելքի գան, գուցե Աստված կրկին ների ու դուրս բերի ստեղծված իրավիճակից մարդկանց, որոնցում դեռ մի քանի օրինավորները, համընդհանուր զեխության ու բարոյալքման մթնոլորտում, այնուամենայնիվ պահպանվել են: Թումանյանից Հրանտ ձգվող անտառաշեն կղզյակով կարելի է էկոլոգիական բարեփոխում ձեռնարկել` հետագայում նոր հոգևոր-բնաշխարհիկ տարածքներ մաքրագործելով ու շենացնելով: Եթե կուզեք, հենց սա է բանաստեղծի, գրողի, մտավորականի գլխավոր առաքելությունը հասարակական կյանքում: Մարդկությունը վերջնական կործանումից` հոգևոր անկումից և էկոլոգիական բնական աղետներից փրկելու համար պետք է ամենից առաջ պայքարել համամարդկային հիշողության կորստի դեմ: Մտավորականների միահամուռ ներդաշնակ մտքի պաշարմանը անզոր են դիմագրավել ինֆանտիլ իշխանությունները: Սա է օրվա խորհրդի ներթաքույց ամենահիմնական իմաստը: «Դսեղ-Ահնիձոր» գրաբնաշխարհիկ արգելոցի «գաղափարակիր» առաջին տնկիները, տա Աստված, ամուր բնավորվեն Լոռվա գեղատեսիլ անկյուններից մեկում, անտեսանելի նորանոր ճյուղավորումներով տարածվելով շուրջբոլորը` նախանշեն հոգևոր ավգյան ախոռները մաքրագործելու, բնության կորսվող գեղեցկությունը վերականգնելու ռեալ ուղիները և, որ ամենակարևորն է, ազդարարեն գեղեցիկ խոսքերից նույնքան գեղեցիկ գործերի անցնելու ամրակուռ մեկնարկը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ