ԼՐԱՏՈՒ


q Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին հրամանագիր է ստորագրել 2009թ-ի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2009 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: 2009 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: q ԱՅՍՕՐ Երևանի Գ. Հասրաթյան 25/4 հասցեում (Աջափնյակ համայնք) ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի մասնակցությամբ տեղի կունենա նորակառույց բնակելի շենքի հանդիսավոր բացման և ծառայողական բնակարանների բաշխման արարողություն: q ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադում մեկնարկել է 12 շաբաթ տևողությամբ բժշկական վարժանք խաղաղապահ բրիգադի կազմում ստեղծվելիք բժշկական դասակի անձնակազմի համար: Իր բնույթով եզակի այս վարժանքն առաջին անգամ է անցկացվում ՀՀ զինված ուժերում: Վարժանքի նպատակն է մասնակիցներին գիտելիքներ հաղորդել առաջին բուժօգնության ցուցաբերման և մարտադաշտից վիրավորների տարհանման վերաբերյալ: Վարժանքը կազմակերպվել է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակներում, և անցկացվում է ամերիկյան հրահանգիչների կողմից: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան միջազգային չափանիշներին համապատասխան հավաստագրեր: