ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկացանք Միացյալ Նահանգներից «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախմբի ապրիլի երկրորդ կեսին Հայաստան այցելության մասին` հրավերով Հայաստանի ավետարանչական համայնքի: Ըստ ներկայացվածի, այցի նպատակն է «միության և բարյացակամության կամուրջ ներ կառուցել» և հարգանք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Երգչախմբի կայքէջերից մեկում զետեղված տեղեկատվության համաձայն, Հայաստանը որակվում է որպես հակասեմականության տարրեր կրող երկիր: Ըստ նույն աղբյուրի` երգչախումբը, «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ճնշող ազդեցության պատճառով» կրում է «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվանումը, մինչդեռ իր անունն իրականում «Օկլահոմայի երգող Եկեղեցու մարդիկ» էր: Համաձայն նշյալ աղբյուրի «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, ժողովրդի մշակույթի և քաղաքականության մեջ գոյություն ունեցող սերտ կապերը սպառնալիք են նոր Մեծ Առաքելության եկեղեցիների աճի համար»: Խնդրին անդրադարձ է եղել նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի հերթական ժողովում, հընթացս որի մասնավորաբար արձանագրվել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում և իր երախտագիտությունն է հայտնում բոլոր ժողովուրդներին ու պետություններին` մեր ժողովրդի մեծագույն ողբերգության` Հայոց Ցեղասպանության առիթով ցուցաբերվող սրտակցության համար: Միաժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է սույն միջոցառմանը ներգրավված բոլոր կազմակերպություններին, ի մասնավորի հրավիրող հայ ավետարանչական համայնքին, Ցեղասպանության զոհերի նվիրական հիշատակի շահարկմամբ Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անվանարկելու փորձերի համար»: Դիվան Մայր Աթոռի