Հա՞ որ...


ԿԱՆ պաշտոնյաներ, ովքեր իսկապես անուղղելի են: Վերջերս Արտաշատում տեղի ունեցած սկանդալային պատմությունից հետո եթե խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չնախընտրեց հրաժարական ներկայացնելու թերևս ամենաընդունված (իհարկե` ոչ մեր երկրում) տարբերակը, ապա իր սիրասուն զարմիկներին գոնե ոստիկանությանը հանձնելով` նա «ջրից չոր դուրս գալու» համեմատաբար պատվաբեր տարբերակը նախընտրած կլիներ: Մինչդեռ դեպքին հաջորդած օրերին բավական «անհասկանալի» տեղեկություններ էր ներկայացնում հենց ոստիկանության կայք էջը: Գլխավոր ոստիկանապետի հայրենի մարզն ընդհանուր առմամբ օպերատիվ ամփոփագրերում մշտապես առաջատար դիրքեր է զբաղեցնում, բայց դեպքին հաջորդող օրերին «հերոսությամբ» աչքի ընկածների ու իրավապահների տեսադաշտում հայտնված մյուս ձերբակալվածների շարքում Աբրահամյան ազգանունով և ոչ մի «հերոսացածի» ազգանուն չկար… Այսուհանդերձ, ինչպես ավելի ուշ պարզվեց, այս գործով հինգ քաղաքացի է կալանավորվել, որոնց, ըստ որոշ տեղեկությունների, ավելի ուշ բաց են թողել: Աբրահամյաններն էլ ամեն ինչ ավարտված համարելով` հավաքել են իրերը ու հայդե Փարիզ: Շեֆը, փաստորեն, այս պատմության «լավագույն» եզրափակումը զարմիկների փախուստն է համարել, բայց Փարիզը հազիվ թե հեմինգուեյյան տոն դառնա, առավել ևս ճողոպրածների համար: Ասում են թե` հակառակորդ կողմի «գազի Հովոյի» և Աբրահամյանների հակամարտությունը, անկախ ամեն ինչից, շարունակվում է, լարվածությունը` պահպանվում: ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հետագա ընթացքին հետևելու պատրաստակամությամբ շարունակենք «վառելիքաէներգետիկի» թեման` այս անգամ էլ անդրադառնալով բենզինի գներին: Այսպես, հայտնի է, որ մեր հանրապետություն վառելիք են ներկրում մի քանի մեծ ու փոքր տնտեսվարողներ, որոնք էլ անսպասելիորեն խոստովանել են, թե ներկայում բենզինի մեկ լիտրը իրենք ինքնարժեքով են վաճառում և պատրաստվում են այն առաջիկայում առնվազն տասը դրամով թանկացնել: Այս հայտարարությունը, սակայն, երկու զարմանալի, եթե չասենք, անհավատալի մաս ունի. նախ` դժվար է պատկերացնելը, որ հայաստանցի գործարարն ինքնարժեքով ինչ-որ բան վաճառի (եթե, իհարկե, տվյալ ապրանքը գրեթե փչացած չէ, և, ինչպես ասում են, «վրան չի մնացել»): Բացի այդ` անհնարին է նաև պատկերացնելը, թե ինչպես կարող է բենզինի վաճառքի նման եկամտաբեր գործում ներգրավված տնտեսվարողն ընդամենը տասը դրամանոց եկամուտով աշխատել: Ընդհանուր առմամբ տվյալ ապրանքատեսակի գինն այս օրերին եղանակի նման այնքան չնախատեսված ու անկանխատեսելի տատանումներ է արձանագրում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ հատեց նույնիսկ 400 դրամի սահմանագիծը: Եվ հետաքրքիր է, թե ներկրողներն այն ժամանակ ինչպիսի շահույթներ էին ստանում… Առաջիկայում, եթե թռիչքային աճով վերանայվի նաև դիզելային վառելիքի գինը, ապա դա «լավ» նվեր կլինի ցրտահարությունից տուժած, բայց գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն սկսել պատրաստվող հողագործներին: ՄԻՆՉ այդ էլ, ինչպես նշեցինք, անբարենպաստ եղանակն էր վնասել գյուղացիական տնտեսությունները: Արդյունքում թեկուզև ակամայից, բայց տնտեսական ճգնաժամը այս ոլորտում «համագործակցեց» վատ եղանակի հետ, և իրենց բացասական ներգործությունը հատկապես պարբերաբար կրկնվող ցրտահարություններն ունեցան: Հետաքրքիր է սակայն, որ ոլորտի պատասխանատուները խուսափում են վնասների մասին խոսել` նշելով միայն, թե կլիմայական քմահաճույքները հատվածաբար են վնասել հանրապետութ յան գյուղատնտեսությունը: