Խոստումներ շռայլելու ժամանակը


Մեր երկրում կազմակերպված բոլոր ընտրություններն աչքի են ընկել հետևյալ ընդհանրությամբ. խոստումները գերակշռել են, իսկ ընտրություններից հետո դրանք լավագույն դեպքում մասնակիորեն են իրականացել: Քարոզչական լայնատարած գրոհը, ինչի հերթական դրսևորմանը քիչ ժամանակ է մնացել, երբեմն նաև դատարկ փամփուշտներ է արձակում: Նպատակը մի դեպքում ընտրազանգվածին մոլորեցնելն է, մյուս դեպքում` պայքարի բարձր «տեմպի» արդյունքում տվյալ քաղաքական ուժի ինքնաներշնչանքը, թե ինքը օրեր հետո բաժանվելիք իշխանական տորթի ամենաարժանի փայատերերից է: Արդյունքում` շատ հաճախ հայրենի քաղաքական ուժերը կորցնում են ինքնատիրապե տումը, իսկ ավելի ուշ այս ամենի արդյունքում սրված ներհասարակական լարվածության լիցքաթափումը պարզապես ժամանակի հարց է դառնում: Եվ, ինչպես հայտնի է, ժամանակը բոլոր վերքերն է բուժում, ու այս առումով կուսակցությունների կողմից քարոզարշավներում շռայլվող խոստումների «հետևանքների վերականգնումը», բնականաբար, բացառություն չի կարող դառնալ: Առաջիկա քարոզարշավում աստիճանաբար ամբողջանում է տպավորությունը, թե մենք ոչ այնքան համայն հայության հայրենիքի քաղաքամայր Երևանում, այլ ինչ-որ հեռավոր գյուղում ենք բնակվում և մայիսի 31-ին ոչ թե քաղաքապետ, այլ «քյոխվա» ենք ընտրելու: Ներկայում հնչող գնահատականների արդյունքում ստեղծվող տպավորութ յունը, որքան էլ պայմանական լինի, բայցևայնպես բոլորիս է պարզ, որ Երևանի նախկին քաղաքապետերը` սկսած Արտաշես Գեղամյանով ու Վանո Սիրադեղյանով, վերջացրած Երվանդ Զախարյանով, իրենց աշխատանքներում բոլորովին էլ չեն փայլել: Իսկ հույսը, թե գոնե ընտրովի քաղաքապետը (թեկուզ հետագայում նույնպես ընտրազանգվածի քվեն վերստանալու ակնկալիքով) որակական փոփոխություններ կմտցնի այն աշխատանքում, որին ոչ այնքան համեստ ախորժակով այսօր յոթ քաղաքական ուժեր են հավակնում, լավատես լինելու հիմքեր տալիս է: Բայց, դատելով ընթացիկ զարգացումներից` մեծանում են կասկածները, թե հավակնությունների ու խոստումների արանքում ընտրողը դադարել է նախընտրական ծրագրերին ուշադրություն դարձնել` դրանք սոսկ գեղեցկախոսություն համարելով: Այլ կերպ թերևս չէր էլ կարող լինել, ու ասվածի լավագույն վկայությունը այս օրերին մեծ թափ հավաքած շտաբաշինությունն է… Կարելի է պատկերացնել, թե ինչ կկատարվի մայիսի 2-ից հետո, եթե որոշ անհամբեր քաղաքապետացուներն արդեն այսօրվանից են ընտրական օրենսգրքի հստակ պահանջը շրջանցելով` տարածքներ վարձակալելու և ցուցակներ փակցնելու վաղուց սիրված իրենց զբաղմունքին տրվել: Սա թերևս անցնող ամսվա և քարոզարշավին նախորդող շաբաթների «լավագույնս» օգտագործվող ժամանակի գլխավոր ձեռքբերումն է: Եվ մինչ վերջնական տեսքի է բերվում մեկնարկվելիք քարոզարշավի դեռևս «արտաքին կողմը», զուգահեռաբար նաև քաղաքական ուժերի համամասնական ցուցակներն են ավելի «կոմպակտ» տեսքի բերվում: Թեպետ քարոզարշավի մեկնարկին հաշվված օրեր են մնացել, այդուհանդերձ, ինքնաբացարկների շքերթը շարունակվում է: Ու եթե անվանացանկերի հրապարակումից հետո դեռ ինչ-որ տեղ հասկանալի էր դժգոհ մնացածների կողմից հարազատ կուսակցությունների ցուցակները «լքելու» ցուցադրական որոշումները, ապա ներկայիս հրաժարականները ոչ այլ ինչ են, քան ներկուսակցական ներքին խմորումների վառ արտահայտություն, ինչը դեռ այսբերգի միայն երևացող մասն է: Այս ամենը հասարակությանը մեծ հաշվով իհարկե քիչ է հետաքրքում, բայց ներքին անկայությունը անխուսափելիորեն նաև ընտրազանգվածին է համակում: Ինչպես բոլոր ընտրություններում, այս անգամ ևս` նախքան քարոզարաշավն արդիական է դարձել հնարավոր ընտրակեղծիքների թեման: Թե ում է ձեռնտու նման հոռետեսական քարոզչութ յունը, առանձնապես դժվար չէ ենթադրել, բայց արդեն քանի շաբաթ` մասնակից քաղաքական ուժերը զարմանալի համերաշխությամբ են թվարկում առաջիկա ընտրությունների բազում և բազմաթիվ առանձնահատկությունները: Այս շարքում ուրույն տեղ ունի նաև վերահսկողության` նախորդներից անհամեմատ ավելի մեծ հնարավորությունը: Ընտրական արդարության համար հիմնավոր երաշխիքներ տալ, իհարկե, հնարավոր չէ: Առավել ևս հիմա որևէ քաղաքական ուժ ի զորու չէ հարյուր տոկոսանոց թափանցիկություն խոստանալ: Բայց հիմա արդեն ճիշտ ժամանակն է խոստանալու և խոստովանելու, որ անկախ գրանցվելիք արդյունքներից` հանձնաժողովականներ ունեցող ուժերը հնարավորինն անելու են` գոնե իրենց ձեռնտու չափով արդարություն ապահովելու ուղղությամբ: