ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ


Ստացվել է այնպես, որ հասարակական տրամադրություններին քաղաքական ուժերն ավելի լավ են տիրապետում, քան հասարակությունն ինքը: Սեփական տրամադրութ յունները, այս կամ այն հարցի վերաբերյալ տրամադրվածությունը հանրությունը վաղուց արդեն չի էլ ձգտում հստակեցնել ու որոշակիորեն ներկայացնել: Դրանով իսկ կառավարելի դարձնելով արմատացող այն վերաբերմունքը, ինչը մեկ բառով «անտարբերություն» է կոչվում : Թե ով պետք է թելադրող լինի` պարզ է. քաղաքական ուժերը, ավելի ուշ իշխանություն կամ դրան մաս դարձող կուսակցությունները հասարակական ակնկալիքները կյանքի կոչելու հստակ առաքելությունը կոնկրետ գործերով պետք է իրականացնեն: Վստահության ճգնաժամը հատկապես առարկայանում է հերթական քարոզարշավների ընթացքում: Ու այս առումով բարդագույն խնդրի առաջ են հայտնվել քաղաքական ուժերը: Ի՞նչ ներկայացնել ընտրազանգվածին, ի՞նչ խոստանալ, որ նպատակահարմարության հրապույր պարունակի, բայց նաև իրատեսական հնչի, «տեղավորվի» ապագա քաղաքապետի կարողությունների ու անելիքների շրջանակում, և, վերջապես, հետաքրքրություն առաջացնի ու կարևորվի ընտրազանգվածների շրջանում: Այս ձևակերպումները մի պահ տպավորություն են առաջացնում, թե կուսակցությունների երազած հայրենիքում կամ գոնե ընտրությունների պատրաստվող մայրաքաղաքում այնպես ու այնքան լավ են լուծվել բոլոր հիմնական ու նույնիսկ անկարևոր հարցերը, որ ներկայում միայն եղածը պահպանելու, փայփայելու խնդիրն է առաջնային: Համենայն դեպս, կուսակցություններ-ընտրազանգված շփման նվազող եզրերը կարող են նաև նման տպավորություն թողնել: Մինչդեռ հատկապես քաղաքական ուժերի տրամադրություն ներից դատելով` մինչև անգամ կարելի է կարծել, թե իրականում ամեն ինչ զրոյից սկսելու խնդիրն է այս պահին օրակարգային: Եվ քանի որ ցանկացած գործարք հայրենի կուսակցությունները «նաղդով» են սիրում իրականացնել ու այս առումով ավելի քան իրատես են: Ստացվում է, որ մայիսի 31-ի «գործարքի» կայացմամբ, այսինքն` մրցապայքարում, հաջողություն արձանագրելու պարագայում միայն կմտածեն, իսկ ավելի ճիշտ` կհստակեցնեն, կորոշակիացնեն հետագա անելիքները: Չորոշակիացնեն էլ` ոչինչ, մի քանի տարուց նոր ընտրություններ են` կրկնվող խոստումներով: Ինչ վերաբերում է ընթացիկ աղբահանության, կանաչապատման ու փողոցային լուսավորության խնդիրները ամեն գնով քարոզարշավին «կցելու» միտումներին, ապա դրանք քարոզչական հարթության մեջ չեն էլ կարող տեղավորվել: Այլապես, եթե ընդամենը աղբահանությամբ հարց լուծվեր, այն էլ այսչափ կարևոր, և եթե նույնիսկ իշխանության հաշվարկը նման պարզունակ մանրուքների վրա հենված լիներ, գոնե հնարավորը կարվեր` կանխելու-հետաձգելու քարոզարշավի հենց նախաշեմին վարձավճարների թանկացումը: Հետևաբար ընտրություններից առաջ այս կամ այն կերպ հանրությանը մատուցվող բազմապիսի ծառայությունները այլևս քաղաքական կատեգորիա համարվել չեն կարող: Ընտրական հարուստ փորձը քաղաքական ուժերին, առավել ևս հանրությանը լավագույնս ապացուցել է, որ ցանկացած նախընտրական խայծ` ուղղած հասարակության սոցիալական բարեկեցությանը, ավելի ուշ «փոխհատուցվում» է` ներառելով նաև այդ ընթացքում առաջացած պայմանական վնասները: Այս հանգամանքն էլ հենց հույս է ներշնչում, որ մեկնարկող քարոզարշավում քաղաքական ուժերը կնախընտրեն համեստ, սակավաթիվ, բայց իրականանալի խոստումներ տալու քաղաքականությունը: