Ուսուցումը` խաղային մեթոդով


2006-2007 ուս. տարուց սկսած` Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է 12-ամյա տևողությամբ, եռաստիճան համակարգով: Ըստ օրենքի` տարրական դպրոց հաճախում են 5-6 տարեկան երեխաները: Սակայն այսօր շատ ծնողներ չեն համակերպվում` պնդելով, որ երեխաները նախ հոգեպես և ֆիզիկապես պատրաստ չեն դպրոց հաճախել, հետո էլ դպրոցներում այդ տարիքի երեխաների համար համապատասխան պայմաններ չկան: Թեպետ մասնագետները պնդում են, որ առաջին դասարանում ուսուցումը խաղային մեթոդով է անցկացվում, սակայն ծնողների հետ զրույցում պարզվեց, որ խաղային մեթոդներ գրեթե չեն կիրառվում: Նաև մտահոգություն հայտնեցին, որ երեխաները դասաժամին դաս լսելու փոխարեն քնում են, և` - Շատ հանձնարարություններ մենք չենք հասկանում, ուր մնաց` 6 տարեկան երեխան ընկալի: Ծնողների դժգոհությունները մասնավորապես առաջին դասարանի մաթեմատիկայի դասագրքին էին վերաբերում: Կան դպրոցներ, որտեղ պատվիրված մաթեմատի կայի դասագրքի 2-րդ մասը այլ հեղինակի գիրք են ուղարկել, արդյունքում ծրագրի առաջին մասը երեխաները սովորել են մի հեղինակի, մյուսը մեկ այլ հեղինակի գրքով: Ինչպես Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի առաջին դասարանի դասվար Աշխեն Խաչատրյանը նշեց` - Առաջին դասարանում մաթեմատիկա առարկան անցնում ենք Սոկրատ Մկրտչյանի հեղինակած գրքով: Այդ գրքերում կան որոշ անհասկանալի բաներ, սակայն կան նաև շատ հետաքրքիր տրամաբանական վարժություններ, որոնք շատ կարևոր են առաջին դասարանցիների համար: Նման խնդրի առջև են կանգնած հանրապետության գրեթե բոլոր դպրոցները: