ԳԱՐՈՒՆ ԷՐ... ՉԵԿԱԾ ԱՄԱՌ...


Ընթերցողի դատին է հանձնվել բանագետ, բանահավաք, ժողովրդագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» եռալեզու (ընդ որում` նաև թուրքերեն) աշխատությունը: Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ, գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի ընտանիքում ծնված Վերժինե Սվազլյանը հեղինակ է մի քանի գրքերի ու աշխատությունների և արժանացել է մի շարք կառավարական ու ոչ կառավարական պարգևների: Նրա այս աշխատությունն ընդգրկում է Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկվածներից անմիջականորեն գրի առնված 700 բանավոր վկայություններ, և պատմական բնույթի երգեր: Ավելի քան 55 տարիների ընթացքում ամբողջացված աշխատությունն ունի հույժ պատմական, անգամ քաղաքական արժեք ու նշանակություն: Մասնավորապես, այնտեղ զետեղված Հայոց ցեղասպանության սահմռկեցուցիչ տեսարանները պատկերող բազմաթիվ հուշապատումները, դերզորյան տառապանքներն ու ողբերգական մտորումներն արձանագրող պատմությունները յուրօրինակ վավերագրեր են: 1955 թ., երբ Խորհրդային Հայաստանում Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսել չէր կարելի, երբ մազապուրծ տարագիր հայրենադարձները հանիրավի զրպարտվելու և աքսորվելու վախ էին ապրում, հեղինակը` Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Վերժինե Սվազլյանը, արհամարհելով ամեն կարգի դժվարություն, գիտակցում էր այդ կարգի նյութերի պատմագիտական և փաստավավերական արժեքը: Սկզբում` արևմտահայի արյան կանչով և անձնական նախաձեռնությամբ, իսկ 1960 թվականից` Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հովանու ներքո, թաղից թաղ, գյուղից գյուղ ոտքով շրջելով, Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատես-վկաներին որոնել-գտնելով, գրի է առել ու ձայնագրել նրանց սահմռկեցուցիչ հուշերը, տպավորիչ զրույցներն ու պատմական տարաբնույթ երգերը: Գրքի հայերեն և անգլերեն տարբերակներն արդեն լույս են տեսել, առաջիկայում կտպագրվի նաև թուրքերենը: Այս աշխատությունը ևս թուրք հանրությանն ու իշխանավորներին ի վերջո կսթափեցնի: