ՎԵՐԱՆՎԱՃՎԱԾ ՕՐՐԱՆ


Արցախի հյուսիսային դուռն է Թալիշ գյուղը: Հնագույն գյուղերից մեկը` Մարտակերտում: Արցախյան պայքարում անվեհորեն ինքնաշեն ինքնաձիգներով ու նռնակներով զինված թալիշցի քաջերն պաշտպանում էին մոտ 20 կիլոմետր երկարությամբ ճակատային գիծը` հակառակորդի դիրքերից մշտապես գնդացրային չընդհատվող տեղատարափից: 1991 թ. գարնանը ահագնացավ տագնապը և ստեղծվեցին ինքնապաշտպանական ջոկատներ: 1992 թ. Ամանորը «Գրադի» ու հեռահար հրետանու արկակոծումներով սկսվեց թալիշցիների համար: Թշնամին անընդմեջ գրոհում էր գյուղի վրա: Հունիսի 14-ին հրավիրվեց ռազմական խորհուրդ` գյուղացիներին անհապաղ տեղափոխելու հարցով: 1992 թ. հունիսի 16-ի կեսօրին ընկավ Ղարաբաղի ամենախոշոր գյուղերից մեկը` Թալիշը: Ջոկատի տղաները մի վերջին անգամ նայեցին հարազատ գյուղին և տեսան, թե ինչպես այրվեց ու ավերվեց հինավուրց բնակավայրը: Եվ այդ օրը շատերը երդվեցին վրեժ լուծել նենգ թշնամուց: Մինչև 94 թ. ապրիլը թալիշցիները մասնակցեցին Արցախի մի շարք վայրերի մարտական գործողություններին: 1994¬ի ապրիլի 14-16-ը Մարտակերտի Թալիշ գյուղն ազատագրվեց` շնորհիվ 5-րդ մոտոհրաձգային բրիգադի ու քաջ թալիշցիների: Ու ահա 17 տարի հետո` ապրիլի 16-ին, այս պատմական գյուղում` Հայրենական պատերազմում ու Արցախյան գոյամարտում հերոսացած թալիշցիների անունը հավերժացնող հուշահամալիրում կրկին մեծ տոնակատարություն էր ու ցնծություն. համախմբվել էր ողջ թալիշը: Պատերազմի բովով անցած մարդիկ, հատկապես ուրախության պահերին, նախ խնկարկում են նահատակների հիշատակը: - Թալիշի և մեր մյուս հաղթանակները իրականություն դարձան հերոս տղաների արյան գնով: Արցախյան գոյապայքարում նաև թալիշցի քաջերն ակտիվ մասնակցեցին մարտական գործողություններին: Սպարապետ Վ. Սարգսյանի կոչով ստեղծված մահապարտների ջոկատում կային 21 թալիշցի, Շահեն Մեղրյանի պարտիզանական ջոկատում` 150, ՀՀ ՊՆ 9-րդ վարչության կազմում Թալիշի գումարտակում ընդգրկվել էին 168 թալիշցի, ովքեր պաշտպանում էին Մադաղիսի ու Թալիշի դիրքերը: 5-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմում ունեինք մոտոհրաձգային վաշտ: Նրանք, ովքեր մարտի դաշտում անձնանվեր մասնակցել են Արցախի անկախության համար, այսօր էլ հայրենի գյուղի շենացման ու բարգավաճման նվիրյալներ են: Ավելին, «Թալիշի պաշտպան» վետերանների հասարակական կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալում և´ Հայաստանում, և´ հայրենի գյուղում: Այն Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ամենամեծ կապն է և հեղինակը` գեղեցիկ միջոցառման ու այլ գործերի,¬ ասում է գյուղապետ Վիլեն Պետրոսյանը, ով 1994-ից մինչև այսօր համայնքի ղեկավարն է: Նրա հավաստմամբ` Թալիշի ազատագրումից մի քանի ամիս անց 25 խաղաղ բնակիչ տեղափոխվեց հայրենի օրրան, ու սկսվեց համայնքի շենացումը: Այսօր գյուղն ունի 569 բնակիչ, որոնցից 91¬ը դպրոցահասակ և 76¬ը` նախադպրոցական տարիքի երեխաներ են: Հերթական անգամ համայնք այցելած ԼՂՀ նախագահ Բակոր Սահակյանը, ծանոթանալով թալիշի բնակչությանը հուզող հիմնահարցերին, խոստացել էր լուծում գտնել բոլոր խնդիրներին: Եվ այդ այցը մեծապես ոգևորել, թևավորել էր մարդկանց: Ելույթի վերջում Վ. Պետրոսյանը վստահեցրեց, որ թալիշցին ամուր է կանգնած իր հողին և շարունակում է դարերից եկած բոլոր սովորույթներն ու ավանդույթները: Թալիշը հակառակորդի շատ հարվածների դիմացավ, բայց 92 թվականին հարկադրաբար թողեց գյուղը: Այս օրը խորհուրդ ունի իր մեջ, քանզի որևէ տարածքի ազատագրումը մեր հերոս նահատակների թանկ արյամբ է նվաճվել: Ազատագրվեց երկու տարի գերության մեջ մնացած և հիմնովին ավերված գյուղը, սակայն թալիշցին չհուսահատվեց: Նա վերադարձավ գյուղ` աշխարհին ապացուցելով, որ այս տարածքը հայկական է: Առանձնապես ուշադրության կենտրոնում են զոհված ազատամարտիկ ների ընտանիքների տների վերանորոգման աշխատանքները, ծրագրեր են մշակվում համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ: Ինչպես նաև ուշադրության կենտրոնում են կրթության, մշակույթի ու առողջապահության ոլորտները,¬ ասում է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ժիրայր Գաբրիելյանը. Իսկ «Թալիշի պաշտպան» վետերանների հասարակական կազմակերպության նախագահ, փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը փաստում է. - Թալիշը երկարամյա պատմություն ունի: Այդ տարիների ամեն մի փուլում ունեցել ենք գոյապայքար: 1988 թ. արցախահայության արդարացի պահանջին Ադրբեջանը մեզ պատասխանեց հայաշատ վայրերում ցեղասպանություն ու բռնի տեղահանում կազմակերպելով: Շրջափակման մեջ վերցնելով Արցախ աշխարհը` որոշեց արյան մեջ խեղդել մեզ` մեր տան մեջ: Արցախն օգնության կանչեց իր բոլոր քաջ զավակներին, որոնց շարքերում էին նաև շուրջ 300 թալիշցիներ: Ցավոք, Թալիշը ևս բազմաթիվ զոհեր ու վիրավորներ ունեցավ: …Տոնը թևածում էր` խինդով լցնելով բոլոր հոգիները: Օրվա խորհրդին անդրադարձան «Երկրապահ կամավորական միության» նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը, զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ Ալիկ Սարգսյանը, «Հատուկ գունդ» հասարակական կազմակերպության նախագահ Վաչե Չիբուխչյանը` կարևորելով, որ նման տոնախմբությունները ոչ միայն ոգեկոչում են, այլև մատաղ սերնդի դաստիարակում: Ամուր պետք է պահել Արցախի հյուսիսային դարպաս Թալիշը: Եվ այն աներեր է, իսկ թալիշցին` անկոտրում:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ