Եթե գտնվեն ազգային և պետական շահի գերակայության դրսևորումներ


Ներքաղաքական իրավիճակի, արդեն սկսված նախընտրական գործընթացների, ՀԱԿ-իշխանություն հարաբերությունների մասին է զրույցը ՀՀ ԱԺ Ֆինանսաբյուջետա յին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ: - Մինչև խորհրդարանական ընտրություններ դեռ բավական ժամանակ կա, բայց մեզանում արդեն զգացվում է նախընտրական գործընթացների շունչը: Մի քիչ շուտ չի՞: - Նախընտրական տարում մեզանում միշտ էլ քաղաքական աշխուժություն է նկատվել: Բայց դեռևս այն կուլմինացիան չի, որը, կարծում եմ` կունենանք տարվա երկրորդ կեսին` աշնանը, երբ այդ խնդիրները շատ ավելի ակտուալ կդառնան` ոչ միայն քաղաքական շրջանակների, այլև հասարակության ավելի լայն շերտերի համար: Սա բնորոշ է ոչ միայն Հայաստանի, այլև հետխորհրդային նորանկախ բոլոր երկրների համար: - Այսօր քաղաքական շրջանակներում հաճախ է խոսվում երրորդ ուժի մասին: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես վերջին հանրահավաքում չբացառեց գալիք ընտրություններում դրա դերակատարությունը: Դուք հնարավոր համարո՞ւմ եք մեզանում երրորդ ուժի կայացումը: - Այն իրավիճակում, որ ստեղծվել է այսօր քաղաքական դաշտում, կարծում եմ` դրա նախադրյալները կան: Մի կողմից` իշխանության կուսակցությունները որոշեցին միասնական գնալ խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Մյուս կողմից` ընդդիմադիր դաշտի հիմնական ուժը` ՀԱԿ-ը, կարծես, որդեգրել է այնպիսի գործելաոճ, որ նրան չանդամագրված մյուս ուժերի համար քաղաքական տեսակետից նպատակահարմար չի համագործակցել ՀԱԿ-ի հետ: Այս պարագայում, կարծում եմ` կլինեն քաղաքական ուժեր, որոնք կնախընտրեն կա´մ առանձին հանդես գալ, կա´մ միավորվել միմյանց հետ: Ես դժվարանում եմ ասել, թե այդպիսի կենտրոնները քանիսը կլինեն, բայց այսօրվա իրողությունները հուշում են, որ այդպիսիք կլինեն մեկից ավելի: - Հնարավոր միավորումներից այսօր հաճախ են հիշատակվում Ժողովրդական կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցության անունները: Դուք հնարավոր համարո՞ւմ եք այդ երկուսի միավորվելը: Չնայած` ՀՅԴ¬ն, կարծես, միշտ նախընտրել է միայնակ մասնակցել ընտրություններին: - Այս հարցում ես կհամաձայնեմ Ձեզ հետ. խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի կա, և այդ գործընթացների մասին այդքան որոշակի խոսելը, իրոք, ժամանակավրեպ է: Այդ քայլերը դեռ պետք է հասունանան, դեռ բանակցություններ կլինեն: Իսկ դրանք բարդ գործընթացներ են, որովհետև այդ ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվում, սկսած` ծրագրայինից, մինչև շատ ավելի գործնական խնդիրներ: Եվ այդ բանակցությունների ժամանակ շատ էական է, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ինչ քաղաքական կշիռ ունի հանրության մեջ: Ավելի հստակ ասած` ձայների ի՞նչ պաշար ունի կամ ի՞նչ կարող է ակնկալել: Այդ խնդիրները հստակեցվում են շատ ավելի ուշ` ընտրական գործընթացից մի քանի ամիս առաջ: Այնպես որ այդ հարցի պատասխանն այսօր տալը, կարծում եմ` շատ դժվար է: - Մոտենում է ապրիլի 28-ը: ՀԱԿ-ի առաջնորդն ասել է, թե այդ օրը կպարզվի Կոնգրեսի և իշխանության միջև ջրբաժանի գիծը: Ըստ Տեր-Պետրոսյանի, իշխանությունների հետ երկխոսությունը տեղի կունենա, եթե վերջինները կատարեն ՀԱԿ-ի առաջադրած խնդիրները: Բայց որոշ շրջանակներ գտնում են, որ այսօր արդեն երկխոսությունն առկա է իշխանությունների և ՀԱԿ-ի միջև: - Եթե հետ գնանք և ուսումնասիրենք ցանկացած հանրահավաքից առաջ առաջիկա հանրահավաքի դարակազմիկ, հանգրվանային լինելու մասին ՀԱԿ-ի ղեկավարների կանխատեսումները, կտեսնենք, որ դրանց պակաս չի եղել: Ապրիլի 28-ի հանրահավաքին նախորդող այս խոսակցությունները նույնպես տեղավորվում են այդ նույն գաղափարախոսության շրջանակներում: Ընդդիմության այդ ուժն ունի իր մարտավարությունը, և դրա կարևորագույն տարրերից մեկը հանրահավաքին հնարավորինս շատ մարդ հավաքելն է: Սա բնական է, և մեր հասարակությունը, կարծում եմ` պետք է սովորած լինի այդ երևույթին: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի և Հանրապետականի միջև երկխոսությանը, ապա որքան ես տեղեկացված եմ, այդպիսի երկխոսություն չկա: Այլ բան է, որ ՀԱԿ-ի առաջնորդն իր վերջին ելույթներից մեկում ներկայացրեց այնպիսի տեսակետ, որը կարելի է ողջունել: Նա ասաց, թե իրավիճակի լարումը հղի է ղարաբաղյան ճակատում ադրբեջանական կողմից դեպքերի անցանկալի զարգացման վտանգով: Ես կարծում եմ, որ սա շատ ողջամիտ տեսակետ է: Միաժամանակ, ինձ համար անհասկանալի է Տեր-Պետրոսյանի այդ գնահատականին ընդդիմության այն հատվածի վերաբերմունքը, որոնք կարծես թե ուզում էին ավելի մեծ ցնցումներ` թեկուզ չափազանց անցանկալի զարգացումների գնով: Այդպիսի մարդկանց ես չեմ կարող համարել պետական և ազգային շահը գերակա համարող քաղաքական գործիչներ: Քաղաքական զարգացում ները պետք է լինեն այնպիսի շրջանակներում, որ չվտանգվեն ազգի և պետության գերակա շահերը: Եվ այս տեսակետից, վերաբերմունքս Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ մտքին շատ դրական է: - Իսկ չե՞նք կարող իշխանության կողմից երկխոսության քայլ համարել այն, որ վերջ ի վերջո գործնականում թույլատրվեց հանրահավաքն Ազատության հրապարակում անցկացնել: - Երկխոսության կոչ բազմիցս է արվել: Հանրապետության նախագահը բազմիցս առաջարկություններ է արել անվստահության պատը քանդելու մասին: Սակայն այն վերջնագրային մոտեցումները, որոնք մինչև վերջին ժամանակներս ունեցել են ՀԱԿ-ի ղեկավարները, տեղ չի թողել այդպիսի քննարկումների համար: Սակայն ժամանակը գնում է առաջ, և իրողություններն իրենք են թելադրում քայլերի տրամաբանությունը: Եվ եթե քաղաքական գործընթացների ոչ ցնցումային զարգացումը գերակա դառնա ՀԱԿ-ի գործողությունների համար, ապա կարծում եմ` կբացվի երկխոսության հնարավորություն: Մեր կուսակցությունը ոչ միայն իշխանական բլոկում գտնվող, այլև ընդդիմադիր ցանկացած քաղաքական ուժի հետ կարող է պայմանավորվել` ազգային և պետական շահի գերակայությամբ: Եթե այդտեղ ևս գտնվեն այդ շահի գերակայութ յան դրսևորումներ, ապա անխուսափելիորեն ինչ-ինչ դրվագներում համագործակցության հնարավորություններ կառաջանան:

Զրուցեց Արթուր ԴՈԽՈԼՅԱՆԸ