ԸՆԴԱՄԵՆԸ... ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ամեն ընտրությունից հետո երկու կարևոր իրողություն մշտապես զարմացնում է ընդդիմությանը: Նախ` չի գտնվում պատասխանն այն հարցի, թե ինչպես է ստացվել, որ քվեարկողներն իրենց պատկերացրածից ավելի են եղել, ու բացի կեղծիքների մասին ձայնապնակից, այլամիտներն ուրիշ ոչինչ չեն կարողանում շրջանառել: Իսկ ընտրության արդյունքների համոզիչ լինելու պարագայում անգամ չեն կարողանում ընկալել, թե ինչպես ստացվեց, որ հասարակական դժգոհության առկայությամբ հանդերձ, իշխանությունն այնուամենայնիվ ամենաշատ քվեն ստացավ: Թեև հերթական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, բայց տեսանելի լինելու չափ ակնհայտ է, որ քվեարկության արդյունքների հրապարակվելուն պես ընդդիմության շրջանում վերոհիշյալ երկու հարցն էլ դարձյալ օրախնդիր է դառնալու: Ի վերջո, ինչպես սովորաբար, ինքնամեծար նրանց քարոզարշավն ամենակատաղի բնույթն է կրելու: Դե, որևէ պարտավորություն երբևէ չեն ստանձնել և հաշվետու լինելու պատասխանատվություն չունեն: Անգամ հիմա, երբ քարոզչությունը դեռ մի կարգին չի էլ սկսվել, անհաշտ (ու երևի նաև ոչ այնքան արդար) ընտրապայքարի հեռանկարն արդեն իսկ ուրվագծվում է: Մինչդեռ իշխանությունը բավական հանգիստ է և ընտրություններին ընդառաջ առայժմ տեսանելի գործընթացներ չի ձեռնարկում: Ու նրանց այդ անշտապողականութ յունն ավելի է ընդգծվում հատկապես ընդդիմադիրների ավանդական խառնաշփոթի ֆոնին: Վերջիններիս հենց դա էլ շփոթության է մատնում: Այսինքն, իրենց իսկ հաշվարկներով` առաջիկա «կատաղի» պայքարը նրանց ջախջախիչ հաղթանակի հույսեր է ներշնչում: Մինչդեռ վերջիններս պայքարում են` գոնե հանրահավաքավորների քվեները ստանալու, ու թե բախտը ժպտա` 5-7 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար: Իհարկե, նրանք (ինչպես և` բոլոր ուժերը) դեմ չէին լինի` չկողմնորոշված ընտրազանգվածի բարեհաճությանն արժանանալու: Բայց դե ընտրություն կոչված վիճահանությունից ո˜վ գլուխ կհանի... Կարևոր մի հանգամանք հաշվի չի առնվում. պասիվ կամ այդպես էլ իրենց համակիրը չդարձած ընտրողներն ամեն դեպքում մասնակցում են ընտրություններին: Ու բոլորովին այլ է խնդիրը, որ հանրության այդ հատվածի քվեն այդպես էլ ընդդիմությանը չի տրվում: Եվ ստացվում կամ ավելի ճիշտ հաստատվում է, որ անիմաստ է աչքաչափով կամ երազած թվաքանակով ստանալիք քվեներ հաշվել ու այդ հաշվարկը որպես իրողություն ներկայացնել: Խորհրդարանի ընտրություններին կարող է, օրինակ, քսան քաղուժ մասնակցել, ու եթե նույնիսկ անհուսալի ձախողակներին էլ հանենք, ապա դրանց գոնե 8-10¬ը խորհրդարան անցնելու հնարավորություն ունի: Հետևաբար, հաշվարկներ անելիս, ընդդիմությունը պետք է ոչ միայն իր, այլև մյուս ուժերի հնարավորությունները ևս հաշվի առնի: Ի դեպ, այսպես վարվելու պարագայում, կարելի է կողմնորոշվել նաև ընտրության մասնակիցների թիվը պատկերացնելու հարցում: Ու թե´ ստանալիք քվեների, թե´ ընտրության մասնակիցների թիվը վիճարկելու ընտրական գործընթացներին կասկածներով վերաբերվելու առիթներ այլևս չեն ստեղծվի: