Կարոտել էր բանտի քնատախտակներին


Գողությունն ու թալանն էլ մասնագիտություն են, և ոչ բոլոր թալանչիներին է բախտ վիճակում` արևին ճաղերի հետևից չնայել: Այս երջանիկները անարգել շարունակում են խորացնել «մասնագիտական» հմտությունները` երբեմն նույնիսկ բարեգործի քոլոզ դնելով: Բայց քանի որ գողությունը քրեական հանցագործություն է` պատժվողներ էլ են լինում: Պատիժը, սակայն, սրանց չի զրկում մասնագիտական հմտություններից. մարդիկ կարոտո˜ւմ են իրենց «փեշակն» ու կալանավայրը:

Ամերիկացի կրկնահանցագործ 74-ամյա Ուոլտեր Անբեհաունը, օրինակ, օր-ծերության` բանկ է թալանել ու ոչ թե հարստանալու, այլ բանտային պատժախցերից կարոտն առնելու «հեռահար» նպատակով: Ինչպես տեղեկացրել է AP-ն` նա բանկի գանձապահին ցույց տալով ատրճանակը, բարի տոնով շշնջացել է.

- Ես չեմ ցանկանում քեզ վնասել:

Եվ ավելի քան 4 հազար դոլար «ստանալով», գնացել է մոտակա հյուրանոց` ոստիկաններին սպասել: Ձերբակալվելիս էլ չի դիմադրել. գցել է ձեռնափայտը ու վեր բարձրացրել ձեռքերը: Դատարանն էլ հուսախաբ չի արել նրան` 3,5 տարով բանտի ուղեգիր շնորհելով:

Դատարանում, ձեռնափայտին հենված, նա պատմել էր իր կարոտի մասին` նշելով, թե այնուամենայնիվ, չէր ցանկանա այնտեղ մեռնել:

Ի դեպ, ասում են` դատարանը մի պահ տարակուսել է. կալանքն Անբեհաունի համար ավելի շուտ պարգև է, քան պատիժ: Սակայն այդ պարգևից զրկվելով ու ազատությամբ պատժվելով` նա կարող էր նոր հանցանքներ գործել: