Արտասովոր մասնագիտություններ


Վերջերս շատերին զարմացրել, բայց ոմանց էլ հետաքրքրել է այսպես կոչված «գործառութային տնօրենի» աշխատանքի առաջարկը: RehtoΗ Inc ընկերությունը այդ աշխատանքով զբաղվել ցանկացողներին ներկայացրած պահանջներում նշել է, որ գործի ընդունվողն աշխատելու է առանց աշխատավարձի ու առանց արձակուրդի և չեն ընդունվելու անաշխատունակության թերթիկներ: Այսինքն` արգելվում է նաև հիվանդանալ: Աշխատանքի տևողությունը օրական 24 ժամ ու հավանաբար առանց քնելու իրավունքի (տեղեկացրել է Novoston կայքը):

Ամենակարևորը` այս «պաշտոնը» զբաղեցնել ցանկացողները պետք է ունենան ֆինանսական մենեջմենթի հմտություններ, ինչպես նաև տիրապետեն բժշկությանն ու խոհարարությանը:

Առաջարկին ծանոթացել է մոտ 2,7 միլիոն մարդ, իսկ 24 հոգի այնուամենայնիվ փորձել են տիրանալ այդ «պաշտոնին»: Ու հենց նրանք էլ վերջում իմացել են, որ առաջարկվում է աշխատել... մայրիկ:

Ահա թե որն է աշխարհի ամենադժվարին աշխատանքը` Մայրիկ...

***

Եվ ո՞ւմ մտքով կանցներ` հոտոտել մարդու մարմինը: Հոտոտել` որպես հոտերի մասնագետ: Այո, այսպիսի մասնագիտություն էլ կա` մարմնի հոտի փորձագետ:

Դեզոդորանտների արտադրությամբ զբաղվող որոշ ընկերություններ փնտրում են թևատակերը հոտոտող աշխատակիցներ: Փորձարարության մասնակիցների թևատակերին օծանելիքի տեսակներ են փչում, իսկ փորձագետները պարտավոր են ամբողջ օրվա ընթացքում հետևել, թե որքան ժամանակ և ինչպես է փոխվում արտադրվելիք ապահոտիչը:

Ինչպես ասում են` հոտոտեք, անուշ լինի: