ԵՎ ՈԳՈՒ ՍՈՎԸ ՄԵԶ ՇՈՒՏՈՎ ԿԼՔԻ...


Երաժշտական գարուն

Մեր մշակութային խայտաբղետ առօրյայում անգնահատելի նախանձախնդրության հատուկենտ ջահակիրներից է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) վաստակավոր կոլեկտիվը:

2000 թվականից այս եզակի երաժշտախմբի գեղարվեստական ղեկավարությունը արժանապատիվ խորագիտությամբ ստանձնել է Էդուարդ Թոփչյանը: Դեռևս կոնսերվատորիայում որպես ջութակահար ձևավորվելիս, միաժամանակ դիրիժորություն էր ուսանում` Օհան Դուրյանից ստացած դասերով: Երբ ԵՊԿ իր ընկերներից կազմավորեց «Սերենադ» կամերային նվագախումբը, կայացավ որպես գեղագիտական առաջնորդ: Սիրելի ջութակը հանձնեց շնորհառատ որդուն ու անմնացորդ տրվեց դիրիժորությանը: Երաժշտագետները թեթևացած շունչ քաշեցին, երբ մաեստրո Թոփչյանը հանձն առավ ՀՊՖՆ-ն ստեղծագործական ճգնաժամից դուրս բերելու փշոտ առաքելությունը: Երիտասարդական արյան ներարկմամբ միայն կարելի էր հոգեվարքից հանել առողջ հունդից սերված նվագախումբը: Եվ խստապահանջ մաեստրոն կարողացավ վստահութ յուն ու հավատ ներշնչել թե´ շուրջը համախմբված երաժիշտներին, թե´ արվեստասեր հանրությանը: Լոնդոնում բնակվող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի կայացնող համագործակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստը նախաձեռնեց Երևանի միջազգային փառատոնը: Սեփական կապերի ընդլայնմամբ նրանք ակտիվացրեցին արվեստագետին պահածոյացումից ապահովագրող միջազգային բազմազան փոխշփումները: Նկատելի վերելք ապրեց նվագախումբը, տքնաջան փորձերով անհատականացան երաժիշտ կատարողները, համարձակորեն սկսեցին զուգահեռաբար հանդես գալ թե´ հարազատ կոլեկտիվի, թե´ կամերային փոքր խմբերի հետ, հավատընծա փորձառությամբ իրե´նք կազմավորեցին տրիոներ ու կվարտետներ: Ավագ երաժշտագետները գոհունակությամբ մտաբերեցին երբեմնի երանելի ժամանակները. պատմությունը, կարծես, կրկնվում է` կատարողական բարձր վարպետության հասած նվագախմբից վերստին ծնվում են նորերը, դասական երաժշտության պահանջարկի արմատավորմամբ թանձրանում է մշակութաստեղծ մթնոլորտը: Գուցե իսկապե՞ս բախտավո-րություն ունենան մոտ ապագայում վայելելու բարձր մշակույթի հիմնավոր վերադարձը...

Անարվեստ ժամանակների փորձություններին աննահանջ եռանդով դիմագրավելով` ՀՊՖՆ-ն միակամ համախոհությամբ է մատուցում և´ հանրամատչելի ու վաղածանոթ, և´ նոր բարդագույն ստեղծագործությունների յուրահմա մեկնաբանությունները: Արդի երաժշտարվեստում առկա կարող ուժերի միատեղմամբ իրականացվեց հայրենի Շուշիի ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում իր «Արծվաբերդ» օպերան (1957թ.) երբևէ բեմադրված տեսնելու Անդրեյ Բաբաևի երազանքը: Համահայկական խոշորագույն մշակութային իրադարձությամբ սեպտեմբերի 1-ին բացված 2013-14թթ. համերգաշրջանում ՀՊՖՆ ստեղծագործական հավատամքի նորահաստատումը եղավ Պուչինիի «Տոսկա» օպերայի բեմականացումը` «Հովեր» և «Սպեղանի» երգչախմբերի մասնակցությամբ ու անզուգական սոպրանո Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարությամբ: Ինչպես նաև ավստրիացի ականավոր սիմֆոնիստ Գուստավ Մալերի «Երգ երկրի մասին» սիմֆոնիկ կանտատը` հանրահայտ մեցո սոպրանո Զանդրա Մքմաստերի (Հյուսիսային Իռլանդիա) և տարաստիճան ուսումնառությունը ԵՊԿ վաստակաշատ պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի արվեստանոցում ավարտած, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր 24-ամյա տենոր Լիպարիտ Ավետիսյանի փոխլրացնող զուգերգով:

Բոլորի մասին հնարավոր չէ խոսել, բայց այլևս փաստ է, որ մեր օրերի անհավասար պայքարում լուրջ արվեստագետների տոնած հաղթանակների դափնիների առյուծի բաժինը, անկասկած, արժանիորեն պատկանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին: Եթե նույն անկոտրում հետևողականությամբ գործեն մշակույթի մյուս օջախներում ու ոլորտներում ստեղծագործող բոլոր արվեստագետները, ապա համատարած ու աննահանջ թվացող նորօրյա ոգու սովի անհաղթահարելի համաճարակը շուտով կլքի մեզ:

Ի գոհություն արվեստասեր հանրության, այս կոլեկտիվի կատարողական բարձրարվեստ վարպետությունը արժանացել է ոչ միայն տեղական իշխանությունների (հավաստիքը` ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավարին ու տնօրեն Ռուզաննա Սիրունյանին շնորհված ՀՀ վաստակավոր արտիստի ու գործչի պատվավոր կոչումներն են), այլև արտասահմանյան շատ ու շատ երկրների բարձրագույն պարգևներին: Իսկ անցյալ տարեվերջին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հրամանագրով մաեստրո Էդուարդ Թոփչյանն արժանացավ «Աշխատանքային վաստակի համար» շքանշանին: Այդուհանդերձ, փառամոլությամբ չեն տառապում ՀՊՖՆ-ն պատշաճ ապրեցնողները: Մի պարզ պատճառով` ստեղծագործական գերծանրաբեռնված ռիթմով ջանում են անսայթաք պահպանել ու շեշտակի սրել միջազգային համերգասրահում ձեռք բերած առանձնակի հետաքրքրությունը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ