ՀՈԳՆԵՑՆՈՂ ԱՆՃԱՇԱԿՈՒԹՅՈՒՆ


Սոցիալական կայքերում մի խումբ նախանձախնդիրներ կոչեր են տարածել` պայքարելու անճաշակ սերիալների դեմ, հասնելու այն բանին, որ Հայաստանում ծաղկում ապրող սերիալային կինոն հրաժարվի անճաշակության և հանցագործների հաղթարշավի քարոզից, անարվեստ սյուժեներից ու կատարումներից: Նախաձեռնությունն, անշուշտ, ոգևորել է շատերին: Սակայն տարօրինակն այն է, որ նախաձեռնության հեղինակներն այդպես էլ չեն նշում պայքարի ձևերը, չեն հուշում, թե ինչպես կարելի է հասնել հեռուստակինոյի կատարելագործմանը: Հայաստանում, իսկապես, վերջին մի քանի տարիների ընթացքում սերիալային կինոն առաջ գնաց հսկայի քայլերով` զբաղեցնելով հեռուստատեսային ժամանակի զգալի մասը: Այս «առաջ գնալ» արտահայտությունը, ցավոք, ոչ թե վերաբերում է գեղարվեստականությանն ու որակական աճին, այլ միայն քանակին: Իսկ սերիալներ նկարահանելու քանակական ցուցանիշներով փոքրիկ Հայասստանն այսօր կարող է առաջատարներից մեկը համարվել աշխարհի մեդիա դաշտում: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, չհաշված մարզայինները, սերիալներ են նկարահանում ու ցուցադրում: Ռեկորդակիրներ կարող են համարվել Հանրայինն ու «Արմենիան»: Մինչդեռ հեռուստաեթերը բազմաշերտ լսարանի, տարբեր հետաքրքրությունների մարդկանց համար է և պարտավոր է նախևառաջ արտացոլել հանրապետության կյանքի բոլոր դրսևորումները, տեղ հատկացնել քաղաքական, հանրային, մշակութային, գիտական, կրթական, մարզական և այլ ոլորտներին: Ամենակարևորը` բազմաժանր հաղորդում ների միջոցով հասարակական կարծիք պետք է ձևավորի, ինչու չէ` նաև ազգային արժեքների, ազգանպաստ գաղափարախոսությամբ համախմբի իր լսարանին: