Հայ խաղաղապահները տեղակայվել են Մազարի Շարիֆում


ՀՀ զինված ուժերի 81 հոգիանոց խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Մազարի Շարիֆի (Աֆղանստան) ռազմական հենակետում և երեկ անցել է իր պարտականությունների կատարմանը: Հայկական զորախումբը իրականացնելու է Մազարի Շարիֆի օդանավակայանի պաշտպանությունը, պարեկային ծառայություն և անցակետերի հսկողություն: «Ավիացիան շատ հզոր ու բարդ զորատեսակ է» Հունիսի 18¬ը Հայաստանի ռազմաօդային ուժերի օրն էր: Ազգային բանակի կազմավորմանը զուգընթաց` ձևավորվել է նաև այս զորատեսակը: Մկրտվելով ու թրծվելով արցախամարտի կրակներում` հայկական օդուժը հարուստ կենսագրություն է կերտել` խաղաղության 19 տարիներին անվերջ կատարելագործվելով ու զարգացնելով իր ներուժը: Մեր զրուցակիցն է Ռազմական փորձագետ Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ¬ Ի՞նչ ուղի են անցել հայկական ռազմաօդային ուժերը: - Օգտվելով առիթից` Ռազմաօդային ուժերի տոնի կապակցությամբ շնորհավորում եմ թե´ ներկայումս ծառայող, թե´ արդեն զորացրված բոլոր օդաչուներին: Հայաստանի ռազմաօդային ուժերը, ինչպես մյուս զորատեսակները, փառավոր ուղի են անցել Արցախյան գոյապայքարի ընթացքում, մեծ ներդրում են ունեցել մեր ընդհանուր հաղթանակի գործում և հպարտություն են ներշնչում բոլորիս: 1992 թ. հունվարին ստեղծվեց Ավիացիոն և ՀՕՊ զորամիավորումների ընդհանուր վարչությունը: 1992¬ի սեպտեմբերի 14¬ին դրանք տարանջատվեցին` որպես առանձին զորամիավորումներ: ԽՍՀՄ ավիացիայի տարբեր զորատեսակներում ծառայող մեր հայրենակիցները եկան Հայաստան` նպաստելով ռազմաօդային ուժերի կազմավորմանը: Առանց առանձնահատուկ PR¬ի մոլուցքով տարվելու` պետք է ասեմ, որ մեր արմատները, ավիացիոն գեները շատ կենսունակ են: Դա նորություն չէ: Ո՞ւմ հայտնի չեն Ա. Միկոյանի (ավիակոնստրուկտոր), մարշալ Ա. Խամփերյանցի (ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի շտաբի պետ) և այլոց անունները: Գաղտնիք չէ, որ Խորհրդային իշխանության տարիներին ավիացիայի տարբեր ճյուղերում ունեինք բազմաթիվ հայորդիներ, ովքեր լուրջ մասնագետներ էին այս ոլորտում: Եվ ահա բոլորի համախմբման շնորհիվ մեզ տրվեց մեր հաղթանակը: 1992¬ի հունիսին կատարվեցին առաջին մարտական թռիչքները: Մեր ավիացիայի, տեխնիկայի քանակը շատ մեծ չի եղել, քանի որ մենք ԽՍՀՄ¬ից ժառանգություն չէինք ստացել` ի տարբերություն Ադրբեջանի, որին մնացել էին 100¬ավոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Բայց մենք կատարել ենք ոչ միայն հայոց, այլև համաշխարհային ավիացիայի պատմության մեջ բացառիկ թռիչքներ: 18-19 տարեկան տղաները, ովքեր հիմնարար կրթություն չունեին ավիացիայի ոլորտում, պարզապես հիացնում էին իրենց իմացությամբ: Շատ թռիչքներ իրականացվել են գիշերը` բարդ օդերևութաբանական պայմաններում` ԽՍՀՄ փորձառու օդաչուները պարզապես ապշում էին: Եվ այդ ամենը ազգասիրության, հայրենանվիրության շնորհիվ էր: Ճիշտ է, չենք կարող հպարտանալ 100-ավոր կամ 1000-ավոր մարտական թռիչքներով, ինչպես ադրբեջանցիներն էին անում, բայց մեր տասնյակ թռիչքները նպատակաուղղված են եղել: Պատերազմը դեռ չավարտված` Հայաստանը ձեռնամուխ եղավ Ռազմաավիացիոն ինստիտուտի ստեղծմանը, որը մինչ օրս մեր տարածաշրջանում բացառիկ երևույթ է: Շատ քիչ երկրներ են համարձակվում սեփական կադրեր պատրաստել: Սա մեծ գումարներ, ծախսեր, ավանդույթներ պահանջող, բարդ ոլորտ է: Տարիների ընթացքում ավիացիոն զորքերը կայացել են: Ռուսների հետ համատեղ բոլոր զորավարժությունների ժամանակ մերոնք փայլում են: Կուզենայի խոսել մի առանձնահատուկ դեպքի մասին: Վերջերս համացանցում տարածվեց ռուս զինվորի կողմից հեռախոսով նկարահանված դրվագը, թե ինչպես է հայկական ինքնաթիռն ուսումնական թռիչքներ կատարում վրանային ավանի վրա` գերցածր թռիչքային պայմաններում, լեռնային իրավիճակում, ինչը բացառիկ է: Շատերը հիացան այդ դրվագով: Դա լավագույն ցուցիչ է, ապացույց, թե ինչի ենք մենք ընդունակ, մեր փոքր երկրում` մեր իմացություններով ու պատրաստվածությամբ: - Իր ռազմատենչ նկրտումները չթաքցնելով, մեր անփառունակ հարևանը հաճախ է խոսում իր զինվածության, այդ թվում և ռազմաօդուժի առավելություն ների մասին: Որպես փորձագետ, ի՞նչ գնահատական կտաք Ադրբեջանի ռազմաօդային ուժերին: - Ոմանք, իհարկե, փորձում են մեր օդուժը համեմատել Ադրբեջանի ավիացիայի հետ: Շատ դեպքերում Ադրբեջանի ռազմականացման մեջ հիմնական շեշտադրումը կատարելով ավիացիայի վրա` ասում են, թե նրանք շատ հզոր են` ի տարբերություն մեզ: Առանց ավելորդ «կուրության», փաստեմ, որ, այո´, ունեն մարտական տեխնիկա` ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Բայց այն գումարները, ջանքերը, որ նրանք ներդնում են այդ ոլորտի զարգացման համար, կարելի է ասել, հիմնականում փոշիանում են: Ոչ միայն այն պատճառով, որ լավ չեն կազմակերպում կամ հիմար են: Դա չէ խնդիրը: Նրանք չունեն ավանդույթներ: Ադրբեջանցի օդաչու հասկացությունը ԽՍՀՄ տարիներին էլ չի եղել: Մասնագետներ չունեին: Այսօր զրոյից են ուզում սկսել: Թուրքերից էին փորձում սովորել, չստացվեց, հետո անցան նախկին ԽՍՀՄ դպրոցին: Փնտրտուքների մեջ են: Նրանց ինքնաթիռների 45¬ից ավելին MՌչ-25 է: Ավիացիայի լուրջ մասնագետները գիտեն, որ այս ինքնաթիռը 70¬ականներին թանկարժեք խաղալիք էր գերտերությունների համար: Ադրբեջանի ավիացիայի պատկերը խիստ ուռճացվում է: Այս պատերազմի համար, որ իրենք են պլանավորել, այդ ուժերը ոչինչ անել չեն կարող: Արդյունավետ չեն: Սա PR ակցիա է, փող մսխելու, քաղաքական շանտաժի, վախեցնելու միջոց: Հայկական ավիացիան իր փոքր քանակով ավելի արդյունավետ կարող է կիրառվել ցամաքային զորքերին աջակցելու համար, քան ուռճացրած տեխնիկայով ավիացիան: Սա շատ հզոր ու բարդ զորատեսակ է: Աշխարհում քիչ պետություններ կարող են հպարտանալ, որ հզոր ավիացիա ունեն: Դա շատ հարաբերական է: Միշտ օրինակ եմ բերում Լիբիայի վերջին դեպքերը: Ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքը և եվրոպական պետությունները միավորված` չեն կարողանում մի Լիբիայի ծնկի բերել: Հազարավոր մարտական թռիչքները` գերժամանակակից հարձակման միջոցներով, վերջնական արդյունք չեն տալիս: Մտորելու առիթ է, չէ՞: Այսինքն, նրանք չեն կարողանում իրենց խնդիրը լուծել, իսկ ինչ¬որ 100 կիսաավերված, տեխնիկական ոչ լիարժեք վիճակում գտնվող ադրբեջանական ավիացիան լեռնային պայմաններում ուզում է ռազմավարական խնդիր լուծել: Ծիծաղելի է: - Թերևս, ժամանակավրեպ չի կարելի համարել Ադրբեջանի կողմից` Երևան¬Ստեփանակերտ երթուղու քաղաքացիական ինքնաթիռները խոցելու հայտարարությունը: - Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման խնդիրն առայժմ մնում է ասպարեզում, քանի որ դեռ այն չի բացվել և թռիչքներ չեն իրականացվել: Ադրբեջան ցիների հայտարարությունը, թե կխոցեն մեր ինքնաթիռները, էժանագին, իրեն սպառած, հիմար հայտարարություն է: Դժվարանում եմ ասել հայտարարության հեղինակը կամ հրահրողն ինչ նպատակ կարող են ունենալ. միգուցե քաղաքակա՞ն, քարոզչակա՞ն: Դա այլ խնդիր է: Իսկ դրա իրականացման հնարավորությունը շատ փոքր է և զավեշտալի: Համաշխարհային քաղաքակրթությունն առաջ է գնում: 21¬րդ դարում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու փորձ կարող են անել միայն քարանձավից նոր դուրս եկածները: Բացի այդ, կան պարզ հարցեր, որոնք պահանջում են նույնքան պարզ պատասխաններ: Եթե Արցախն իր բնակչությամբ համարում են իրենց պետության մի մասը, ինչպե՞ս կարող են բնակչության` արտաքին աշխարհի հետ շփումը սահմանափակելու փորձ անել: Դա չի կարող անպատասխան մնալ: Շատ կարևոր է, թե ով է դիմացինդ: Եթե խոսքը վերաբերեր որևէ քաղաքակիրթ ազգի, ապա հնարավոր կլիներ խոսել փաստարկների մասին: Բայց նրանց պարագայում` շարժառիթը վախի զգացումն է: Եթե վախենան, որ կստանան ավելի անողոք պատասխան, ոչինչ էլ չեն անի` չար երեխայի նման:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ