1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Այն, որ արդեն Կենտրոնական բանկի նախագահն է խոստացված ժամկետ հետաձգելով, հուլիս-օգոստոս ամիսներին գնանկում խոստանում, պարզ է դարձնում, որ Հայաստանում գները կարող են կարգավորվել հատկապես ԿԲ¬ի ակտիվ միջամտությամբ: Այսինքն, տպավորություն է ստեղծվում, թե Կենտրոնական դրամատունը հետայսու ավելի գործնական է դառնալու և շատ արագ իրենց տեղն է ցույց տալու չափ ու սահման կորցրած գներին: Եթե պատկերացնենք, որ նման կտրուկ ու անպատկերացնելի քայլ Արթուր Ջավադյանի հիմնարկը կարող է ձեռնարկել` դրամ¬դոլար տարերային ու մշտապես վտանգավոր լողին միջամտելով, ապա ասվածը բնավ էլ հիմնավոր չի լինի: Ակնհայտ է, որ տարադրամի շուկայի հարաբերական կայունությունը դրամատունը գերագույն ճիգերի գնով է պահպանում: Ընդամենը մի քանի օր առաջ այս կառույցի ղեկավարը խոստովանել էր, որ իրենց կողմից վաճառված արտարժույթի ծավալներն այս տարվա առաջին 5 ամիսներին 93,3 միլիոն դոլար է կազմել: Մինչդեռ գնվել է ընդամենը 8 միլիոն դոլար: Նման տարբերությունը նախ կասկածի տակ է դնում արտարժույթի լողի մասին ավանդական պնդումները և հետո վերջնականապես հաստատում է, որ դրամ¬դոլար հարաբերակցությունն արհեստական և անբնական միջամտությունների արդյունքում է համեմատական կայունություն պահպանում: Եվ ուրեմն ինչի՞ վրա կարող է հիմնված լինել գլխավոր «դրամագետի» լավատեսությունը: Ամենայն հավանականությամբ ԿԲ¬ն ընդամենը փաստն է արձանագրում... Ամառային ամիսներին դրամը միշտ է «ուժեղացել»: Բացի այդ, երկու գործոն` ներկրվող ապրանքների դոլարով գնված լինելու հանգամանքը և գյուղատնտեսությունում կանխիկ փողի մեծ պահանջարկը, սովորաբար աննշան գնանկման են հանգեցնում: Մի՞թե դրամատունը հույսն ընդամենը սեզոնային գործոնների հետ է կապում: Ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կա, քանի որ Ա. Ջավադյանը, գների նահանջի մասին խոսելով, կոնկրետ ոչինչ չի նշում` այդպես էլ անհայտ թողնելով, թե, այնուամենայնիվ, տարադրամի շուկայում տեղի ունեցող գործընթացների հետ ի՞նչ կապ ունի դրամատունը: