ԻՆՉՈՒՆ ԵՎ ԻՆՉՊԵՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ


Վերջին օրերի ամենաշատ տարածված տեղեկատվությունն այն մասին էր, թե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից: Ոմանք այս մասին պնդում էին համոզվածորեն, հիշատակում «որոշ աղբյուրներ»: Այս տեղեկատվությանն ի տրիտուր` ԲՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ` որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Բայց, չնայած այդ հայտարարության առկայությանը, ոմանք շարունակում են պնդել, թե ԲՀԿ-ն մանևրում է և այսպես թե այնպես` նա հեռանալու է կոալիցիայից, ինչպես ժամանակին հեռացավ ՀՅԴ-ն` հրաժարվելով կրել պատասխանատվությունը: Եթե ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու հարցը ոմանք դեռ համարում են օրակարգային, ապա ոչ ոք չի կարողանում հստակորեն մեկնաբանել, թե ինչ դեր ունի կոալիցիայում «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը վաղուց վերածվել է կցորդային քաղաքական խմբակի: Նրա համար օրհասական այս օրերին, երբ իսպառ զրոյացվել են խորհրդարանում տեղ ունենալու հնարավորությունները` գերակա է դարձել «նյութական շահերի» ամրապնդումը: Հենց նյութականն էլ մխիթարում է որոշ օեկականներին, որոնք դեռ սպասում են «վերևից եկող» հրահանգների: Այդ հրահանգների սպասման մեջ, հավանաբար, ինչ-որ լավատեսական բան կա, այլապես խորհրդարանում բոլորի կողմից մոռացված խմբակցությունն անսպասելիորեն հանդես չէր գա օրենսդրական նախաձեռնությամբ` առաջ քաշելով սուպերմարկետների իրավունքների նվազեցման հարցերը: Հասկանալի է, որ ՕԵԿ-ը նորից գործի է դնում իր հին «զենքերն» ու փորձում սիրաշահել ընտրողներին, մասնավորաբար փոքր խանութների ու կրպակների տերերին, որոնց սիրաշահելով էլ 2007-ին եկավ խորհրդարան` շրջանառության մեջ դնելով ՀԴՄ-ների դեմ պայքարը: Թե ինչու է ՕԵԿ-ը որոշել պայքարել սուպերմարկետ ների դեմ, երբ հենց իր շարքերում ունի խանութների մեծ ցանցերի տերեր, այդ թվում նաև Արթուր Բաղդասարյանը, ում սեփականությունն է հանդիսանում «Արմենո» խանութների ցանցը` հասկանալի է դառնում անմիջապես: Սոցիալապես ճնշված խավին է «Օրինաց երկիրն» իր նախընտրական հենարանը համարում և փորձում է ապացուցել նրանց, որ շարունակում է մնալ սոցիալական արդարության համար կռվող ուժ: Իհարկե, շարքային ընտրողներից շատերը չգիտեն, թե ՕԵԿ անդամներից ոմանք այս տարիներին ի˜նչ հարստություններ են դիզել, ինչ գործարաններ են բացել: Սակայն ընտրողները մի բան լավ գիտեն, որ կիսամեռ վիճակում հայտնված կուսակցությունն այլևս ի զորու չէ դառնալ ընտրական ֆավորիտ և վիճարկել խորհրդարանական մանդատները: ՕԵԿ-ի տեղն այսօր գրավում է Դաշնակցությունը, որը վարում է ճիշտ նույն քաղաքականությունը, ինչը վարում էր Արթուր Բաղդասարյանի կուսակցությունն այն ժամանակներում, երբ իրեն ընդդիմադիր էր հռչակել` գողունի կատարելով իշխանական հրահանգները: Որքան էլ ՀՅԴ-ն հայտարարություններ անի իր ընդդիմադիր կեցվածքի մասին, այնուհանդերձ, պարզ է, որ սոցիալիստական այս կուսակցությունը այլևս չի կամենում դառնալ «ճնշված զանգվածների» պաշտպանը, որովհետև խորհրդարանական խմբակցության և կուսակցության վերնախավի շատ ներկայացուցիչներ վաղուց արդեն չեն խորհրդանշում աշխատավորներին և գյուղացիներին. նրանց, ում գոյակռվի պաշտպանության անունից է ծնունդ առել այս կուսակցությունը: Այն նաև այսօր որոշակի և էական դերակատարություն չունի ազգային հարցերի համածիրում, քանզի Դաշնակցության բոլոր կարգախոսները վաղուց հնացել են, դուրս մնացել ժամանակի համատեքստից: Դաշնակցությունն, իհարկե, ունի իր ընտրազանգվածը, կան ուժեր, այդ թվում նաև «Ժառանգությունը», որոնք կնպաստեն ՀՅԴ-ի քաղաքական վերակենդանացմանը: Սակայն արդյո՞ք դրանք բավական են, որպեսզի 2012-ին ձևավորվող խորհրդարանում Դաշնակցությունն ունենա այնքան տեղեր, որ կարողանա հաստատել իր ազդեցիկ ներկայությունը: Ստեղծված իրավիճակում, բնականաբար, նորից հաղթաթղթերը հայտնվելու են ՀՀԿ-ի մոտ, որի ռեսուրսները չափազանց մեծ են և որին, նախընտրական տրամաբանությամբ, կմիանան բազմաթիվ քաղաքական խմբավորումներ: Չի բացառվում, որ ՀՀԿ հովանու ներքո գործի նաև «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը, որը զատված լինելով ՀՀՇ-ից` այսօր տեղ է որոնում արևի տակ: «Ազատ ժողովրդավարները», բնականաբար, լավ հղացված «նախագիծ» է, որի գերխնդիրն է լինելու ձևավորելու նոր ժողովրդավարական շարժում և չեզոքացնելու բոլոր այն ընդդիմադիր համարվող ուժերին, որոնք այս օրերին կամ խոր դեպրեսիայի մեջ են, կամ էլ վերջին ճիգերն են անում` ինչ-որ կերպ ոտքի վրա մնալու համար: Այդ ուժերի շարքին են դասվում Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունն» ու Արամ Կարապետյանի «Նոր ժամանակները»: Սրանք, ըստ էության, ինչպես նաև Դավիթ Հակոբյանի Մարքսիստականը, մարդ-կուսակցություններ են, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվելով էյֆորիայի մեջ` ձգտում են ստանձնել քաղաքական լիդերությունը: Տիգրան Կարապետյանը մի պահ խանդավառվեց, ոգևորվեց, մոմավառությամբ քաղաքական ակցիաներ իրականացրեց, սակայն ի վերջո հայտնվեց այն «քաղաքական կոյուղիներում», որտեղ «փիլիսոփայական քարն» էր փնտրում Շատոբրիանը` այդ «ոսկեբերանը»... «Փարաքարի արծիվն» էլ է այսօր հայտնվել «խաղից դուրս» վիճակում, չնայած երբեք էլ խաղի մեջ չի եղել` որքան էլ նրան «ներդրել» են որոշ ուժեր: Այս ընդդիմադիր ծխածածկույթն ապացուցեց, որ այլևս գոյություն չունեն այն պատկերացումները, որոնցով նրանք կարող էին ինչ-որ խարիզմա ձևավորել և հանրահավաքային «առաջնորդներ» հռչակվել: Մենք արդեն մի առիթով նկատել ենք, որ Հայաստանում ձևավորվում է բոլորովին նոր քաղաքական իրականություն, երբ շարքից դուրս են գալիս պոպուլիստական-ամբոխավարական ուժերը` հրամայական դարձնելով քաղաքական նոր «մոդելների» ձևավորումը: «Օրինաց երկրի», ՀՅԴ¬ի և «Ժառանգության» ճգնաժամը պայմանավորված է ահա հնացած «մոդելներով» առաջնորդվելու «մանկական հիվանդությամբ», հայեցակարգերի բացակայությամբ, ինչը շատ լավ է նկատում զգայուն դարձած ընտրազանգվածը: Ճգնաժամը ծնունդ է նաև երկրի սոցիալական կացության, երբ այդպես էլ ընդդիմադիր, կենտրոնամետ, «ձախ» ընդդիմադիր, պրոիշխանական կուսակցություններից որևէ մեկն այդպես էլ չկարողացավ առաջարկել սոցիալական քաղաքականության այնպիսի ծրագրեր, որոնք դառնային քննարկումների և վերլուծությունների առարկա: Ժամանակին այդ գործառույթն իրականացնում էր Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը», սակայն այս կուսակցությունը թատերաբեմից հեռացավ անհրաժեշտաբար, քանզի նրա ծրագրերում էլ բացակայում էին ճշմարիտ շրջափոխումների բաղադրիչները... Ավելին, թե´ Գեղամյանի, թե´ Տիգրան Կարապետյանի, թե´ «Օրինաց երկրի» մարտավարութ յունը միանման լինելով` հրամայական դարձրեցին նրանց հեռացումը ակտիվ քաղաքական գործընթացներից: Ուրեմն, անկախ հայտարարություններից և ահարոնադիբեկյանական «գուշակություններից», ընտրություններից 11 ամիս առաջ արդեն իսկ հստակեցվել են այն ուժերը, որոնք 2012-ին պայքարելու են` մտնել խորհրդարան. Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, «Ազատ ժողովրդավարներ»: Հենց նրանց մեջ էլ ծավալվելու է քաղաքական բանավեճը, իսկ Դաշնակցությունը կարող է ասպարեզում մնալ այն դեպքում, եթե միանա «Ժառանգությանն» ու օգտագործի այն «դիվիդենտները», որոնք ձեռք է բերել Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին շրջանի ակցիաներով:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ