«Կազանում բանակցային ճգնաժամը կխորանա» գտնում է Տիգրան Թորոսյանը


Այս շաբաթ` հունիսի 25-ին, Կազանում ՌԴ նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից ակնկալվող արդյունքների, հակամարտության կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշում ների, ձեռքբերումների և հնարավոր թերացումների մասին կարծիքների պակաս չի զգացվում: Այդ թեմայով «Ավանգարդի» էջերում իրենց կարծիք-տեսակետներն են ներկայացրել տարբեր քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ: Այսօր մեր հյուրն է ԱԺ անկախ պատգամավոր, քաղաքագիտության դոկտոր Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆԸ: Ժամանակին զբաղեցրած պաշտոնի բերումով (ՀՀ ԱԺ նախագահ) հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մանրամասներին նա քաջատեղյակ է եղել: Ու այդ առումով նրա կարծիքն այսօր, կարծում ենք, շատերին կհետաքրքրի: - Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում Ադրբեջանի իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին ասաց, որ դիրքորոշումների մոտեցում է արձանագրվել, ինչն Ադրբեջանի արտգործնախարարը շտապեց հերքել: Բացի այդ, Բաքուն նույն ոգևորությամբ շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը: Այս իրավիճակում ի՞նչ կարելի է ակնկալել կազանյան բանակցություններից: - Պատահական չէ, որ շատ են խոսում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններից: Բայց ինչպես նախորդ երկու անգամ, այս անգամ ևս գրեթե որևէ իրական անդրադարձ այդ փաստաթղթում չկա: Իրական վերլուծություն մամուլում մեկ-երկու անգամ կարելի է հանդիպել: Այսինքն, կարծիքները, ինչպես երկրում տեղի ունեցող բազմաթիվ երևույթների վերաբերյալ, հիմնավորում չունեն և կարծում եմ` լուրջ էլ չի լինի դրանց անդրադառնալ: Ցավոք, շատ հաճախ այդպիսին է նաև Արտգործնախարարության այս կամ այն հայտարարությունը: Մասնավորապես, վերջերս արտգործնախարարը Շվեդիայի իր գործընկերոջ հետ ասուլիսում հայտարարեց, թե առաջին փուլը կավարտվի նրանով, որ Լեռնային Ղարաբաղը ևս կմիանա բանակցություններին: Սակայն, դրա համար, ինչքան էլ ցավալի է, որևէ հիմք գոյություն չունի մինչ այսօր: - Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը Մադրիդյան սկզբունքների առնչությամբ, նշեց, որ դրանք ընդունում են որոշակի վերապահումներով. այդ վերապահումները միշտ են եղել: - Բնական է: Ավելին, ամենակարևորն այն է, որ ինչպես վերջին 3-4 տարիների ընթացքում, հիմա էլ ԼՂՀ ղեկավարությունը հայտարարում է, որ իրենց համար ընդունելի չի լինի որևէ փաստաթուղթ, որը կմշակվի առանց իրենց մասնակցության: Ինչ վերաբերում է Մադրիդյան կամ այսպես կոչված, հիմնարար սկզբունքներին, ապա իհարկե, ԼՂՀ համար ինքնորոշման իրավունքը ընդունելի պետք է լինի: Բայց ուրիշ խնդիր կա այստեղ: Շատ կարևոր է, որ թեև այդ սկզբունքը, սկսած 2007 թ. նոյեմբերից, ներառված է փաստաթղթերում, բայց համանախագահները միշտ խուսափում են հստակեցնել, թե եղած հարցերից որի՞ լուծման համար պետք է կիրառվի այս սկզբունքը, և որի՞ լուծման համար` տարածքային ամբողջականության սկզբունքը: Եվ դա պատահական չէ, որովհետև նման անորոշությունը, որ իրենք շարունակում են պահպանել, և´ իրենց, և´ Ադրբեջանին, և´ Հայաստանի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս խուսանավումներ և անգամ միմյանց հակասող հայտարարություններ անել: Բայց շատ կարևոր է մեկ հանգամանք. Մադրիդյան հիմնարար սկզբունքներում ինքնորոշման սկզբունքն արձանագրված է: Շուտով կլրանա 4 տարին, և դա հիանալի հնարավորություն էր տալիս Հայաստանի ներկայացուցիչներին` մատնացույց անելու այդ սկզբունքը և պահանջելու անվերապահորեն, որ ԼՂ-ն մասնակցի բանակցություններին: Որովհետև եթե այդ սկզբունքի հիման վրա պետք է հարցեր լուծվեն, հարց է առաջանում` ո՞վ է ինքնորոշվողը` Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը: Բնականաբար, ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետև երկուսն էլ ճանաչված պետություններ են: Ակնհայտ է, որ միակ ինքնորոշվողն այս հակամարտության մեջ ԼՂ-ն է: Ուրեմն, ինչպե՞ս կարելի է նման անհեթեթ գործընթացի մասնակցել, երբ քննարկումներից դուրս է թողնվում ինքնորոշվող կողմը: - Ըստ Ձեզ, ստացվում է, որ Հայաստանն ընդունելով Մադրիդյան սկզբունքները, պետք է անմիջապես լքե՞ր բանակցությունների սեղանը` պահանջելով, որ ԼՂ-ն մասնակցի բանակցություններին : - Լքելը պարտադիր չէ, դե մարշներն առանձնապես օգտակար չեն: Բայց նստելով այդ սեղանի շուրջ, պետք է պահանջեր, որ բանակցությունները շարունակելու համար այդտեղ հրավիրվեր նաև ԼՂ ներկայացուցիչը: - Իսկ գուցե պահանջե՞լ են: - Չէ, երբեք չեն պահանջել: Հայաստանը պետք է հրաժարվի քննարկել այն հարցերը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին: Բանակցություններին մասնակցությունը բացատրվում է տարածքային ամբողջականության սկզբունքի առկայությամբ: Որովհետև այդ սկզբունքը գործում է ՄԱԿ-ի և մասնավորապես, ԵԱՀԿ անդամ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար: Օրինակ, Արծվաշենը, որը Հայաստանի տարածք է, այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից: Հայաստանի տարածքում կային փոքրիկ անկլավներ, որոնք խորհրդային շրջանում պատկանում էին Ադրբեջանին: Հայաստանը և Ադրբեջանը կարող են քննարկել այդ տարածքների հետագա պատկանելիության խնդիրը: Բայց ոչ` ԼՂ խնդիրը: Լեռնային Ղարաբաղն է իր կարգավիճակի որոշողը: Անգամ ՄԱԿ-ն իրավունք չունի դրան միջամտել, էլ չեմ ասում Ադրբեջանը և Հայաստանը: Խոսվում է այն մասին, որ կարող է` հիմնարար սկզբունքները ստորագրվեն Կազանում: Միգուցե հնարավոր է և նման փաստաթղթի ստորագրում, բայց դա ակնհայտորեն չի տանելու խնդրի կարգավորման. հակառակը, ավելի է խորացնելու բանակցային ճգնաժամը և ավելի է մոտեցնելու բանակցությունների խափանման ժամանակաշրջանը: - Իսկ անհամաձայնության դեպքում որքանո՞վ եք հնարավոր համարում պատերազմի վերսկսման հնարավորությունը : - Կարծում եմ` պատերազմի վերսկսման հետ կապված զգուշացումներն ուղղված են Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, միգուցե ինչ-որ չափով նաև Ադրբեջանին: Թերևս, սա ճնշման ձևերից մեկն է: Բայց ակնհայտ է, որ նման հնարավորություն գոնե տեսանելի ապագայի համար գոյություն չունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա համոզված եմ, որ պատերազմում հաջողությունը չի երաշխավորվում ռազմական բյուջեի ծավալներով կամ ամենօրյա հռետորաբանությամբ: Ճիշտ հակառակը` պատերազմ վերսկսելու սպառնալիքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ նման մտադրություն Ադրբեջանը չունի, որովհետև երբեք չի եղել որևէ դեպք, երբ ամեն օր հայտարարվի պատերազմ սկսելու մասին, և այդ պատերազմը սկսվի: Բայց ցավոք, համանախագահող երկրների նախագահների վերջին հայտարարության մեջ պատերազմի շեշտադրումը և պատերազմ վերսկսելու անթույլատրելիությունն, ավելի շուտ, ձևական բնույթ ունի, քան իրական նպատակ: Եթե նրանք իսկապես ցանկանում են կանխել պատերազմը, ապա պետք է անտարբեր չլինեն կամ վերացական ու անհասցե հայտարարություններ չհնչեցնեն ռազմական սադրանքների ժամանակ, բյուջեի ռազմական ծախսերի ահռելի մեծացման ժամանակ: Ավելին, կարծում եմ` բոլորի համար պարզ է, որ եթե նրանք չեն կարողանում դադարեցնել, այսպես կոչված, դիպուկահարների պատերազմը, ապա իրական պատերազմ էլ չեն կարողանա դադարեցնել: - Մեր զրույցից տպավորություն է ստեղծվում, որ Դուք այն քաղաքագետներից եք, ովքեր դրական որևէ ակնկալիք չունեն կազանյան հանդիպումից: - Կրկնեմ` անկախ նրանից, թե կոնկրետ ինչ տեղի կունենա Կազանում, բանակցային գործընթացում առկա ճգնաժամը խորանալու է: Այն հաղթահարելու մեկ հնարավորություն կա. անհրաժեշտ է հիմնարար սկզբունքներում լուրջ փոփոխություններ կատարել: Նախ, պետք է հստակեցնել, թե այդ սկզբունքների տարրեր սահմանված վեց հարցերից որը հիմնարար սկզբունքներից որով պետք է լուծվի: Երկրորդ` հստակեցնել, թե տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներից ո՞րը պետք է կիրառվի այս կամ այն կոնկրետ հարցը լուծելու համար: Հաջորդը` վերանայել քայլերի այն արհեստական հերթականությունը, որը շարադրված է այդ վեց տարրերում: Չորրորդ` անհրաժեշտ է, որ անպայման ԼՂՀ ներկայացուցիչներն սկսեն անմիջապես մասնակցել բանակցություններին: Հինգերորդ` անհրաժեշտ է հրաժարվել այն անհեթեթ գաղափարից, որ ԼՂ-ի համար անհրաժեշտ է միջանկյալ կարգավիճակ, որպեսզի, ինչպես համանախագահներն են ասում` ԼՂ հարակից տարածքներից զորքերը դուրս բերվեն, և նոր միայն քննարկվի կարգավիճակի խնդիրը: Եվ էլի բազմաթիվ նման հարցեր կարելի է թվարկել, որոնք կնպաստեն, որպեսզի բանակցությունները օգտակար հուն վերադառնան: - Ձեր թվարկածները համանախագահներն, իհարկե, հասկանում են: Կարծում եմ` այդ ամբողջ խառնաշփոթը դիտավորյալ է ստեղծված: Բայց ի՞նչ նպատակով, ո՞րն է համանախագահ երկրների շահը: - Նրանք ոչ Հայաստանի թշնամին են, ոչ էլ Ադրբեջանի: Համանախագահող երկրներն ունեն իրենց շահերը, և նրանց քայլերը բխում են այդ շահերից: Իսկ թե որո՞նք են այդ շահերը, կարծում եմ` առանձին քննարկման խնդիր է: Հարավային Կովկասում ԽՍՀՄ փլուզումից հետո կրկին սկսվեց ազդեցության գոտիների վերաբաժանման հերթական գործընթացը: Եվ հիմնական կողմերը, ովքեր շահագրգռված են այդ գոտիների վերաբաժանմամբ, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն են: Հիմնական խոչընդոտներից մեկն այդ երկու երկրների շահերի բախումն է Հարավային Կովկասում: Բալկաններում շահերի այդ բախումը շատ արագ իր ելքն ունեցավ: Պատահական չէ, որ Բալկաններոմ դրանից մի քանի տարի անց բոլոր հակամարտությունները, կարելի է ասել, իրենց լուծումը ստացան, որովհետև ընդամենը մեկ միջնորդ երկիր մնաց` ԱՄՆ¬ը: Նույնիսկ Կոսովոյի նման բարդ խնդրի ժամանակ էլի մեկ միջնորդի առկայությամբ խնդրի լուծումները տեղից շարժվեցին: Համանախագահները գոնե այդ օրինակը պետք է աչքի առաջ ունենան` Ղարաբաղյան խնդրի հետ կապված ռազմավարությունը վերանայելու համար: Չնայած` Հայաստանի իշխանությունները պետք է անեն ամենակարևոր քայլերը: Որովհետև առաջին հերթին հայկական կողմերի շահերից է բխում կարգավորման գործընթացում իրական տրամաբանության ու արդյունավետ ռազմավարության որդեգրումը:

Աթուր ԴՈԽՈԼՅԱՆ