ՆՈՐԻՑ «ԹԵԺԱՑԱԾ» ՍՊԱՍՈՒՄՆԵՐ


Ներքաղաքական օրակարգի թիվ 1 (գուցեև միակ) հարցը դարձած երկխոսության թեման մինչև ՀԱԿ¬ի հերթական հանրահավաքը կսառի: Սերժ Սարգսյանի` շաբաթավերջին տարածած գնահատականները նորից «թեժացրին» սպասումները` երկխոսությունից: Անելիքի որոշակիացմամբ ակնհայտորեն ամենաշահագրգիռ Կոնգրեսն առաջինը թայմ¬աուտ վերցրեց` հայտարարելով, որ Նախագահի ներկայացրած բազմիմաստ ձևակերպումները ոչ միայն ընդդիմադիր դաշինքի ղեկավարության, այլ կուսակցական շարքային անդամների կողմից մանրակրկիտ քննարկման են արժանի: Հարկ է կարծել, որ նախքան հունիսի 30¬ը ՀԱԿ¬ի վերաբերմունքը նույնպես իմի կբերվի, և սպասվող հանրահավաքում էլ ընդդիմությունն իր վերաբերմունքը կներկայացնի... Ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը ոչ շատ առաջ փոքր¬ինչ հեգնանքով էր շախմատի հետ համեմատվում: Բայց ժամանակն ապացուցեց, որ այն աստիճանաբար ավելի ու ավելի շատ է աշխարհի ամենաիմաստուն խաղին նմանվում: Հանրապետության նախագահի ելույթն ազդեցիկ ներգործություն ունեցավ` ներքաղաքական զարգացումներն ավելի կառուցողական փուլ տեղափոխելու առումով: Եվ խոսքը միայն երկխոսությունն իբրև մթնոլորտի լիցքաթափման լավագույն միջոց ծառայեցնելուն չի վերաբերում: Բնավ պատահական չէր Սերժ Սարգսյանի հիշեցումը, որ գործող իշխանությունը համագործակցելու առաջարկով հանդես է եկել նախորդ ընտրություններից ու դրանց հաջորդած հայտնի իրադարձություններից անմիջապես հետո: Այլ հարց է, որ ՀԱԿ¬ից երեք տարի պահանջվեց` համոզվելու, որ թե´ սեփական, թե´ երկրի առաջ ծառացած կնճռոտ հարցերը հաղթահարելու լավագույն եղանակը և տվյալ իրավիճակում միակ միջոցը երկխոսությունն է: Շատ թե քիչ աչքի ընկնող մյուս քաղուժերի վերաբերմունքն էլ ի սկզբանե կանխատեսելի էր, թեև հիմա է միայն արտահայտվում: Ընդհանուր առմամբ ՀՅԴ¬ն, «Ժառանգությունը» ու էլի որոշ քաղուժեր չեն թաքցնում, որ հիացած չեն իշխանություն¬ընդդիմություն ջերմացող հարաբերություններով: Թեև անուղղակիորեն, բայց վերջիններիս նույնպես Ս. Սարգսյանը հասկացրեց, որ երկխոսել ցանկացող կողմերը կարող են ավելանալ: Իսկ բավական թափանցիկ առաջարկից հետո նույն Ժառանգության ու Դաշնակցության որոշելիքն է արդեն դառնում` միանա՞լ քաղաքական դաշտի երկու առաջատարների համագործակցությանը, թե՞ ինքնուրույն, բայց հետզհետե թուլացող ինքնուրույն խաղով տարված մնալ: Ամեն դեպքում, այս քաղաքական շախմատային պարտիայի տեմպի թուլացումը նաև սեփական հնարավորությունների ճշգրտման համար ժամանակ ապահովելուն է միտված: Իսկ բոլոր հարցերը մանրակրկիտ վերլուծելու ժամանակ բոլորն ունեն: Սերժ Սարգսյանի ներկայացրած գնահատականների ամենաուշագրավ դրվագներից մեկն էլ այն է, որ վերջին քաղբանտարկյալին ազատ արձակելուց հետո, ՀԱԿ¬ի` արդեն միակը դարձած պահանջը չի ընդունվելու: Իշխանությունն արտահերթ ընտրություններ չի նախատեսում, և դրա անհրաժեշտությունն էլ չկա: Ավելին, այդ առաջարկը գրեթե անհեթեթ ու անիմաստ է հայտարարվում` հիմնավորմամբ, որ առաջիկա մեկ տարին երկրի ու ժողովրդի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման նպատակին կարելի է ծառայեցնել: Սրանով նաև ուրվագծվում է իշխանության պատկերացրած այն հեռանկարը, ինչի շուրջ կարող է առարկայանալ երկխոսությունը: Այսինքն, հարաբերություններն ու համագործակցությունը տեղափոխվում են գործնական, թերևս նաև համերաշխության հարթություն: Իսկ հունիսի 30¬ի հանրահավաքից հետո գուցե նաև ազգովի միաբանվելու տրամադրություննե՞ր արթնանան: