38 մատնաչափից ոչ ավելի


 

Բա ո˜նց, արտաքին տեսքն էլ պետք է պատկառանք ներշնչի: Ավելորդ քաշը ոչ միայն բարետեսությունից է զրկում, նաև մարդու առողջությունն է վտանգում: Իսկ հասարակական կարգի պահապաններին նախ առողջություն է պետք: Երևի այս մտայնությամբ էլ Պակիստանի Փենջաբ գավառի ոստիկանապետն իր հաստափոր ենթականերին հրամայել է շուտափույթ նիհարել (գրել է տեղական ExΘress Tribune թերթը):

Հաբիբուր Ռեհմանը հատուկ հրահանգել է, որ բոլոր 175 հազար ոստիկաններից յուրաքանչյուրն, առանց բացառության, առավելագույնը 38 դյույմ (մատնաչափ) կամ 96,5 սանտիմետր գոտկատեղ պետք է ունենա:

- Ես դիետա եմ պահում և կարողացա դա անել. դո՞ւք ինչու չեք կարող,- Ռեհմանի հռետորական հարցը մեջբերել է ՌԻԱ «Նովոստին»:

Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Ղազանֆարը հաշվել է, որ Փենջաբի իրավապահ գերատեսչության աշխատակիցների 50 %-ն ունի ավելի քաշ: Բայց ահա մայրաքաղաք Իսլամաբադի հարևանությամբ գտնվող Ռավալփինդի քաղաքում կարգի պահապանների 77 տոկոսն է գեր:

- Ոստիկանության ծանրաշարժ սպաները տպավորիչ չեն. նրանք չեն կարող պետք եղած ձևով հետապնդել ավազակներին, կողոպտիչներին և մյուս հանցագործներին,- գլխավոր տեսուչի հրամանը պարզաբանել է Ղազանֆարը:

Էլ ի՞նչ հրաման, եթե կոնկրետ ժամկետ չնշի. մինչև այս ամսի վերջը հաստլիկները պետք է նիհարեն: Հակառակ պարագայում` նախ նրանց կարգելվի ծառայության դուրս գալ, ապա` կհեռացվեն համակարգից: